Հարցնում է հայերի կարծիքը

19/08/2010

ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում թեեւ նշել է, որ տեղյակ չէ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 համալիրների վաճառքի մասին, սակայն ասել է, որ չի կարծում, թե «առաջիկայում տեղի կունենան նման իրադարձություններ»: Նրա խոսքով` «նման համալիրների մատակարարումը չի կարող աննկատ մնալ»: «Առավել եւս, որ Ադրբեջանը, եւ դա նկատեցին բոլոր դիտորդները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տեղ է գտել նախագահներ Օբամայի, Սարկոզիի ու Մեդվեդեւի հայտարարության մեջ` խոսքը ռազմաշունչ հայտարարությունների մասին է: Սա վատ ժամանակահատված է` զբաղվելու համար սպառազինությունների մատակարարմամբ մի երկրի, որն անում է նման հայտարարություններ»,- ասել է Զատուլինը: ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 34 տարով երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրության նախագծում, մասնավորապես, ասված է. «Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ն արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»: Կոնստանտին Զատուլինի կարծիքով, չնայած որոշակի սահմանափակումներ կան ՌԴ-ի կողմից ՀՀ-ին սպառազինությունների մատակարարման գործում, «որովհետեւ Ռուսաստանը միջուկային տերություն է եւ պարզ է, որ չի կարող մատակարարել միջուկային զենք, կամ ուրիշի տարածքում հրթիռներ տեղակայել, բայց մյուս բոլոր հարցերում համագործակցությունը զարգանում է բավականին դրական»: «Եվ որպես կանոն` հայ զինվորականները ՌԴ-ում, նրա ուսումնական հաստատություններում եւ այն ձեռնարկություններում, ուր զինտեխնիկա են արտադրում, ցանկալի հյուրեր են: Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը, նախ եւ առաջ, պետք է լսել հայկական կողմից, պետք է լսել հայ զինվորականների կարծիքը` նրանք կարծո՞ւմ են, որ համագործակցությունը ՌԴ-ի հետ իրենց ձեռնտու է: Այստեղ իրենց կարծիքը պետք է առաջնորդող լինի»,- նշել է նա: Նույն արձանագրության նախագծի համաձայն` «ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից ՀՀԶինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը»: Հարցադրմանը, թե ՀՀ-ում կարծիք կա, որ նշվածը ամենեւին էլ չի նշանակում, որ, օրինակ, ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում պաշտոնական Մոսկվան ռազմական աջակցություն կցուցաբերի Երեւանին, Զատուլինը արձագանքել է. «Այդ կապակցությամբ ես կարող եմ ասել, որ բաներ կան, որոնց շուրջ ենթադրություններ անելը այսօր անարդյունավետ է, որովհետեւ նման բնույթի ենթադրությունները մեզ տանում են շատ հեռու, եւ իրենք են հանդիսանում տարբեր բնույթի անհանգստությունների պատճառ: Ես միայն կարող եմ ասել, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն, եւ դա ՌԴ-ի սկզբունքային մոտեցումն է, որն իր արտացոլումն է գտել բոլոր հայտարարություններում, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի գործունեության ընթացքում»: