Զգա տարբերությունը

19/08/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հուլիս ամսվա ողբերգական դեպքերը փոխեցին հասարակական վերաբերմունքը բանակի նկատմամբ: Խորհրդային ավանդույթին հավատարիմ մեր բանակը զորակոչում է նոր-նոր արբունքահասության հասած 18-ամյա պատանիներ: Ուստի մեր հասարակության մեծ մասի համար մեր զինվորները դեռ երեխաներ են: Մինչ հուլիս ամիսը բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքը կարելի էր համեմատել ծնողի վերաբերմունքի հետ: Ճիշտ ու ճիշտ այն ծնողի, ով չի նկատում իր երեխաների բացասական կողմերը: Մամուլն էլ, որպես կանոն, մինչեւ վերջ չէր լուսաբանում բանակի մասին բացասական տեղեկատվությունը: Ամենափոքր իսկ տեղեկատվության հրապարակման դեպքում իրենց հայրենասեր համարող քաղաքական դեմքերը սկսում էին տիրաժավորել նույն տեքստը: Բոլորն անխտիր իրենց պարտքն էին համարում լրագրողներին ու հասարակությանը հիշեցնել, որ մեր բանակը հաղթական պատերազմ է մղել: Որ այն տարածաշրջանում ամենամարտունակն է: Որ մեր բանակի թերությունների մասին խոսողը ջուր է լցնում մեր հակառակորդի ջրաղացին: Որքան էլ տարօրինակ լինի, այս ամենն ինձ հիշեցնում է Կարպ Խաչվանքյանի Փչան Թոդորոսին` «Պահանջվում է ստախոս» ներկայացումից: «Բալիկ ջան, կոնֆետ սիրո՞ւմ ես»,- հարցնում էր Թոդորոսը, ու դահլիճը պայթում էր հռհռալով: Պարզ բան է` ոչ մի ժողովուրդ չի կարող չսիրել իր իսկ բանակը: Իսկ նրանք, ովքեր այս ներկայացումը չեն դիտել, կարող են հիշել թուրքահպատակի որդի Օստապ Իբրահիմովիչ Բենդեր Բեյին: Նա հանրահայտ մի դրվագում համոզում էր. «Քեռիս ինձ կրծքով է կերակրել»: Հիմա, ճիշտ այդպես, բանակի կայացման ու մեր հաղթանակների հետ բացառապես որեւէ կապ չունեցող, բայց ի պաշտոնե իրենց հայրենասեր համարող քաղաքական ու նրանց հարակից գործիչները փորձում են հասարակությունից պաշտպանել Հայոց բանակը: Ինչ անհեթեթ փաստարկ ասես, որ չեն բերում: Սակայն տեղի ունեցածը (ինչպես նաեւ նախկին տարիների բազմաթիվ դեպքերը) սահմռկեցուցիչ են: Մենք բանակ ունեցող առաջին պետությունը չենք: Ու մեր բանակն էլ առաջին հաղթանակ տանող բանակը չէ: Իմ հասակակիցները հիշում են անգլո-արգենտինական պատերազմը՝ Մալվինական կամ Ֆոլքլենդյան կղզիների համար: Դա ժամանակակից բառապաշարով արտահայտված առաջին «օնլայն» պատերազմն էր, որը համաշխարհային հասարակությունը դիտում էր հեռուստատեսությամբ: Համարյա ուղիղ եթերում: Արգենտինան զավթել էր բրիտանական կղզիները: Զավթել էր խիստ թարս պահի: Մեծ Բրիտանիայի վարչապետը Մարգրետ Թետչերն էր: Իսկ նա հայտնի է «Երկաթյա լեդի» մականունով: Այդ լեդին, բնականաբար, սկզբում փորձեց խաղաղ բանակցություններով լուծել խնդիրը: Չստացվեց: Ու վարչապետ կինը Արգենտինային պատերազմ հայտարարեց: Անգլիական պառլամենտում քիչ չէին նրանք, ովքեր առաջարկում էին հարցը լուծել խաղաղ բանակցություններով: Կղզիներ իջած անգլիական առաջին դեսանտայիններից չորս զինվոր զոհվեց: Հետո արգենտինական օդաչուները գրոհեցին բրիտանական նավի վրա: Մեկ նավի կորուստը Բրիտանիայի համար, բնականաբար, պարտություն չէր: Բայց զոհվեց 21 նավաստի: Պառլամենտը վարչապետից հաշվետվություն պահանջեց: «Ես խաղաղ բանակցություններ էի ուզում, այլ ոչ խաղաղ կապիտուլյացիա»,- հայտարարեց Երկաթյա լեդին: Պատերազմի ընթացքը ներկայացնելիս ու զոհված 25 զինվորականների մասին խոսելիս Թետչերն արտասվեց: Պառլամենտում լացող վարչապետին հասցրեց լուսանկարել բրիտանական հանրահայտ թերթերից մեկի լուսանկարիչը: Բայց լուսանկարը չտպագրվեց, որովհետեւ խմբագրությունում որոշեցին` այն հարիր չէ պատերազմական իրավիճակին: Բրիտանական խորհրդարանը «մեծահոգաբար» թույլատրեց Մարգրետ Թետչերին շարունակել իրագործել մշակած ծրագիրը: Հայտնի է` Բրիտանիան հաղթեց ու վերադարձրեց կղզիները: Պարտված Արգենտինայի նախագահը ստորագրեց կապիտուլյացիայի պայմանագիրն ու հրաժարական տվեց: Բայց մինչ այդ հաղթող բրիտանական բանակը կորցրեց 255 զինվոր: Հաղթանակ տոնող Բրիտանիան հերթական անգամ հպարտանում էր իր բանակով, նավատորմով ու ռազմական ուժի զինվորական ու քաղաքական հրամանատարներով: Հաղթանակը համազգային տոն էր: Տոն, որ նշում էին բոլորը: Ողջ Բրիտանիան: Բացառությամբ 255 ընտանիքների: Այն 255 ընտանիքների, ում որդիները կամ հայրերն իրենց կյանքի գնով էին հասել այդ հաղթանակին: Համազգային ցնծության պահին հենց այդ 255 ընտանիքներին էր բաժին հասնելու «սեւ թուղթ» կոչված գույժը: Բայց այդ «սեւ թուղթ» կոչվածներն ամենեւին էլ «Ձեր որդին (կամ հայրը) ընկավ հերոսի մահով…» պաշտոնական, անդեմ ու քսերոքսով տիրաժավորված թղթի կտոր չէր: Պետության համար ու պետությունը կառավարող քաղաքական ու զինվորական չինովնիկների հրամանով պատերազմում զոհված բոլոր զինվորների ընտանիքները ստացան 20-րդ դարի երեւելի դեմքերից մեկի` Մարգրետ Թետչերի ձեռքով գրված նամակն այն մասին, որ իրենց որդին կամ հայրը զոհվել է Բրիտանիայի տարածքը, պատիվն ու փառքը պաշտպանելիս: 255 ցավակցական ու երախտագիտական նամակ գրել էր Երկաթյա լեդին` փորձելով ամեն ընտանիքի համար մխիթարական խոսք գտնել: Գրել էր հատ-հատ: 255 խոսք-նամակ: Բրիտանական թերթերը միայն այդ օրերին տպագրեցին արտասվող վարչապետի լուսանկարը: Իսկ մեզ չի հաջողվում ստույգ պարզել՝ հուլիս ամսին քանի՞ զոհ ունեցանք: Ոչ թշնամու, այլ մեր իսկ զինվորների ձեռամբ: Ու ոչ մի ծնող կամ եղբայր չարժանացավ անկեղծ ցավակցության:

Հ.Գ. Մասնագիտության բերումով ծանոթների միջին վիճակագրականից ավելի մեծ շրջապատ ունեմ: Այս օրերին հանկարծ պարզեցի, որ իմ ծանոթ ու բարեկամ ոչ մի մտավորականի որդի զինվորական կրթություն չի ստացել: Ովքե՞ր են համալրում մեր բանակի սպայական կազմը: Բոլոր ազգերն իրենց սպայակազմն ազգի սերուցք են համարում: Իսկ ո՞վ է մեր զինականը` նախարարից մինչեւ լեյտենանտ: Մտածենք այս մասին: