Խառատյանի սրտաճմլիկ նամակը

19/08/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթում տպագրված` «Ընտանիքին բռնությամբ վտարել են` հանուն Հրանուշ Խառատյանի» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք փաստեր, ըստ որոնց` 2003թ. Հ. Խառատյանը կեղծիքներով, գաղտնի ճանապարհով, օգտագործելով պետական լծակները՝ ձեռք է բերել Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակչուհի Դոնարա Մկրտչյանի ընտանիքին պատկանող շինությունը:

Մեր խմբագրությունն օրերս Հ. Խառատյանից բավականին սրտաճմլիկ պատասխան-նամակ է ստացել, որը տպագրում ենք եւ, որի մեջ որեւէ հակափաստարկ չկա այն մասին, որ նա այդ տարածքն ապօրինաբար չի գնել, եւ, օգտագործելով պաշտոնական դիրքը, ընտանիքին բռնությունների ենթարկել: Ի դեպ, մենք պատրաստ ենք քրեական գործ հարուցելու մասին ՀՀ դատախազության որոշման, ՀՀ Ոստիկանության, ՀՀ կադաստրային մարմինների, ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անօրինական գործողությունների եւ մի շարք այլ փաստաթղթերի փաթեթը տրամադրել Հ. Խառատյանին, որի միջոցով նա կարող է անձամբ «ծանոթանալ» իր ապօրինի գործողությունների մասին: Այդ արձանագրությունները կատարվել են այն ժամանակ, երբ Հ. Խառատյանը վայելում էր ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետի պաշտոնը: Ստորեւ տպագրում ենք Հ. Խառատյանի նամակը, որը նա վերնագրել է` «Ինչպես պաշտպանվել հայրենի արդարադատությունից եւ լրագրողների՞ց». «Ձեր թերթի 2010թ. hուլիս 22-ի համարում լրագրող Լուսինե Ստեփանյանի ստորագրությամբ հրատարակվել է ինձ վարկաբեկող եւ չափազանց վիրավորող, բացարձակապես չստուգված տվյալներով հեղեղված մի հոդված` «Ընտանիքին բռնությամբ վտարել են՝ հանուն Հրանուշ Խառատյանի» վերնագրով: Ես այդ մասին իմացել եմ միայն երկու օր առաջ եւ ցավոք չէի կարող անմիջապես արձագանքել: Քանի որ վերջին հինգ տարիներին այդ բովանդակությամբ արդեն մի շարք հոդվածներ հրատարակվել են հայաստանյան զանազան լրատվամիջոցներում, եւ այդ լրատվամիջոցներից փաստեր խնդրելու իմ փորձերն անհաջողության են մատնվել, ենթադրում եմ, որ այս անգամ նույնպես բաց դուռ ծեծելու անիմաստ փորձ եմ անում: Մինչեւ հիմա այն ամենը, ինչ այս հարցում արել են լրագրողները, եղել է զրպարտանքներում խիստ հմտացած տիկին Դոնարա Մկրտչյանին մանրամասն ձայնագրելը եւ նրա պատմած հեքիաթները ջանասիրաբար թերթերի էջեր տեղափոխելը: Դրան զուգահեռ՝ հետախույզի համբերությամբ հետեւելով իմ եւ ընտանիքիս անդամներին, լուսանկարելով մեզ ամենատարբեր իրավիճակներում եւ դրանցից զրպարտական փաստաթղթերի փաթեթներ պատրաստելով, տիկին Դոնարան իր մեկնաբանություններով հարստացրած «դոսյեներով» հեղեղել է ՀՀ բոլոր վարչական եւ քաղաքական մարմինները, հասարակական կազմակերպությունները: Մի՞թե մեր երկրում մարդու անձնական կյանքի լրտեսությունն արդեն օրենքով պաշտպանվող գործունեության տեսակ է: Տիկնոջ այս վարքի նկատմամբ վարչական մարմինների եւ արդարադատության կրավորական կեցվածքը խիստ կասկածելի ենթադրությունների տեղիք է տալիս, հարց է առաջանում, թե ում պատվերով է նա աշխատում: Միայն այդ դեպքում զարմանալի չէ, որ իր անիմաստ պահանջները եւ իմ անձի հանդեպ ատելությունը հասարակությանը տեղեկացնելու տիկնոջ անխոնջ աշխատանքն այդքան բեղմնավոր արդյունքներ է տալիս, իսկ իմ ինքնապաշտպանական զուսպ փորձերը բոլոր մակարդակներում մնում են անհետեւանք: Իմ հասցեին տիկնոջ կողմից արված լուտանքների եւ զրպարտանքների հերթական մի փորձից հետո ես գրավոր դիմեցի դատախազություն, խնդրելով կամ կարգի հրավիրել տիկնոջը, կամ` դատել ինձ, քանի որ տիկնոջ հայտարարությունների բովանդակության համաձայն ես հասարակության համար պարզապես վտանգավոր մարդ եմ, թալանչի մեկը, ով շրջապատված է հարբեցողներով ու սափրագլուխներով եւ զբաղվում է մարդկանց ծեծուջարդով, նրանց ունեցվածքը հափշտակելով, որի միջոցով ձեռք եմ բերել անհաշիվ հարստություններ` մեքենաներ, բնակարաններ, ունեմ բազմաթիվ օբյեկտներ եւ այլն, եւ, իհարկե, անկուշտ աչքս շարունակ զրկվածների ունեցվածքի վրա է: Այսպիսի մեկն, անշուշտ, վտանգավոր է հասարակության համար, եւ այդ մարդուն պետք է մեկուսացնել հասարակությունից: Դատախազությունը ոչինչ չարեց, ինչով խրախուսեց կամ հակահասարակական, հակաօրինական արարքների իմ ախորժակը, կամ` իմ նկատմամբ տիկին Դոնարա Մկրտչյանի անզուսպ ատելությունը եւ զրպարտանքները հրապարակային արտահայտելու հնարավորությունը: Երկու դեպքում էլ իրավապահ մարմնի այս մոտեցումն առնվազն անգործություն էր, եթե ոչ կոնկրետ իմ նկատմամբ հասարակական ատելություն բորբոքելու եւ անվանարկելու խրախուսանք: Տիկին Դոնարայի հերյուրանքները հաճույքով տպագրող լրատվամիջոցները` «Առավոտ», «Ժամանակ Երեւան» եւ այլն, իմ գնահատականով, ոչնչով չտարբերվեցին իրավապահներից, որոնց այդքան հաճույքով դատափետում են: Նրանցից ոչ մեկը ոչ միայն ոչ մի փաստ չուներ, այլեւ ինձ վարկաբեկող հոդվածները տպագրելուց հետո չուզեցին անգամ փաստերին ծանոթանալ, գոնե` տպագրել իմ առարկություններն իրենց տպագրած կեղծիքների դեմ: Դիմեցի Մամլո ակումբին: Պատասխան ստացա, որ լրագրողական էթիկան պահելու լրագրողական իրենց համաձայնությունը կայացել է այդ հոդվածների տպագրությունից հետո, իսկ օրենքը ետադարձ ուժ չունի: Մտածում եմ, որ անձին վարկաբեկելու նկատմամբ լրագրողական հանրության այս համակրական վերաբերմունքը խոսում է լրատվական միջավայրի ճգնաժամի մասին: Կարծում եմ, իմ փորձն ինձ իրավունք է տալիս կասկածելու առնվազն նրանց տպագրած լրատվությանը եւ կոնկրետ դեպքերի մեկնաբանությունների անաչառությանը եւ ազնվությանը: Ենթադրում եմ, որ լրատվական հանրությունը վարակվել է սկանդալային իմիջի միջոցով շահույթ ստանալու հիվանդությամբ: Այսօր նրանց միացել է նաեւ ձեր լրատվամիջոցը: Չգիտեմ ինչ պատճառով, բայց այդ ստախոս տիկնոջ հայտարարությունները որպես փաստեր ներկայացնող ձեր լրատվամիջոցը նույնիսկ չի փորձել նյութը տպագրելուց առաջ կապվել ինձ հետ, կամ, որ շատ ավելի լավ կլիներ, անկախ լրագրողական հետաքննություն իրականացնել: Չեմ ուզում հավատալ, որ ձեր նպատակը եղել է պարզապես ինձ անվանարկելը, ես շատ համեստ մարդ եմ` ուղղակի անվանարկումների թիրախ դառնալու համար, ուստի փորձում եմ ինքս ինձ խաբել` համարել, որ ձեր տպագրած հոդվածը թույլ լրագրողի` սկանդալների միջոցով ինքնահաստատման անհաջող փորձ է: Այսպես է թե ոչ, բոլոր դեպքերում ես խնդրում եմ ձեզ` տպագրել նաեւ իմ այս շարադրանքը` այն համարելով հայրենի արդարադատությունից ու սկանդալների սիրահար լրագրողներից պաշտպանվելու մի փորձ եւ առաջարկում եմ իսկապես պարզել հոդվածում որպես իրականություն ներկայացվող պրոբլեմը: Կարծում եմ այն մեր հասարակության ընդերքային մի շարք երեւույթները բացահայտող պրոբլեմ է: Գուցե դրանով մի փոքր օգնած լինեք մեր հասարակությանը»:

Մինչ Հ. Խառատյանը լրատվամիջոցներին նման նամակներ ուղարկելով փորձում է ինքն իրեն պաշտպանել, Դ. Մկրտչյանը շարունակում է դատական ատյանների միջոցով արդարության հասնել: Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանելով ՀՀ Վերաքննիչ դատարանի վճիռը՝ գործը կրկին ուղարկել էր ՀՀ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նախ նշենք, որ նիստերի ընթացքում դատավոր Արշակ Պետրոսյանը բոլոր լրագրողներին արգելում է նկարահանում կամ ձայնագրություն կատարել: Դ. Մկրտչյանը դատարան է ներկայացրել «Աճուրդում հաղթող ճանաչելու մասին արձանագրությունը, գույքի առուվաճառքի եւ հողի վարձակալության պայմանագրերը, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու, ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հակընդդեմ հայցը: «Այս գործը մինչեւ հիմա Հ. Խառատյանը ջանասիրաբար վերահսկում է: Դատավորը ուշադրության չի արժանացնում մեր կողմից արված միջնորդությունները, առարկությունները, իսկ հայտարարված բացարկը չի բավարարվում: Մեզ հնարավորություն չեն տալիս անգամ փաստեր ներկայացնել, դատավորը պատասխանող կողմի հետ առանձնանում եւ երկար զրույց է անում: Ո՞վ է տեսել նման բան, դա օրենքի խախտում է: Հ. Խառատյանն այդ տարածքը վաճառեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մելանյա Ղազարյանին, բայց մինչեւ օրս ինքն է վերահսկում: Իսկ էդ պարսկահայն էլ ինձ առաջարկում է` «Գնա Ադրբեջանում ապրի: Այսինքն` պարսիկները Երեւանը գրավում են, իսկ մեզ քշում են Ադրբեջան»,- ասում է Դ. Մկրտչյանը` վստահեցնելով, որ միայն վերջերս Հ. Խառատյանը եղել է ՀՀ Ավան եւ Նոր Նորք համայնքների ոստիկանապետ Մուշեղ Օհանյանի մոտ: Նրա հավաստմամբ` Հ. Խառատյանը շարունակում է օգտագործել բոլոր լծակներն ու ծանոթություններն՝ իրեն լռեցնելու համար: Ի դեպ, բացի շինությունից` գնված հողատարածքը, որը Հ. Խառատյանը վարձակալել էր 15 տարի ժամկետով` 2010թ. սեփականաշնորհվել է Մելանյա Ղազարյանի անունով: Սա զարմանալի է այնքանով, որ դատական ատյաններում վիճարկվող տարածքը պետք է արգելանքի տակ դրված լիներ, եւ կադաստրային մարմիններն իրավունք չունեին խնդրահարույց այդ տարածքի հանդեպ սեփականության վկայական տալ: «Դա արել է նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով Հ. Խառատյանի համագյուղացին է: Դ. Մկրտչյանը մեզ է ներկայացրել մի փաստաթուղթ, որտեղ Հ. Խառատյանը ԴԱՀԿ-ից մերժում ստանալով՝ այդ տարածքը ձեռք բերելու համար դիմում է գրել այն ժամանակվա ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին»: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի հանդեպ, որը գործարքի մեջ էր մտել Հ. Խառատյանի հետ` քրեական գործ հարուցելու մասին որոշում էր կայացվել: Այնուհետեւ աճուրդով տարածքը գնելու Հ. Խառատյանի գործողությունները հետաձգվել էին, որից հետո նա դիմել է Դ. Հարությունյանին. «Խնդրում եմ Ձեր միջնորդությունը կամ կարգադրությունը (ներողություն եմ խնդրում բառերի թերեւս ճիշտ, իրավաբանական իմաստ պարունակող ընտրության համար), որպեսզի ԴԱՀԿ ծառայությունն ինձ հետ երրորդ անգամ վերաձեւակերպի առուվաճառքի` աճուրդով իմ կողմից գնված շենքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղ նշվի «երկհարկանի շենք» համարվող շինության` անշարժ գույքի եւ կադաստրի վարչության կողմից հստակեցված ծավալը, այն է` 336,4 քմ: Ես պատրաստ եմ երրորդ անգամ վճարել պայմանագրի վավերացման եւ կադաստրի ծառայության վճարները, միայն թե այսքան չարչրկված հարցը վերջապես լուծում ստանա»: Դ. Հարությունյանը, բնականաբար, կարգադրել է, եւ կադաստրային մարմինները կոպիտ խախտումներով ձեւակերպել են մի գործարք, որտեղ միեւնույն բովանդակությամբ երեք փաստաթղթերում շինության ծավալը տարբեր թվերով է արձանագրված: Հետեւաբար հայտնի չէ, թե ո՞րն է չափագրված տարբերակը եւ քանի՞ քմ-ի համար է Հ. Խառատյանը գումար վճարել: «Հ. Խառատյանն օգտագործելով պաշտոնական դիրքը՝ հանցագործություն է կատարել` ապօրինի ճանապարհով գնել է մի տարածք, որի թե՛ կադաստրային արժեքը, թե՛ գործարքները ուսումնասիրելու պարագայում շատ բաներ կբացահայտվեն: Այսօր, երբ նա զոհի նման առաջարկում է իրեն դատել` նա ի՛նչ է` չգիտի՞, որ հենց ՀՀ Դատախազության ու արդարադատության համակարգի աջակցությամբ է դա արել: Նրան հովանավորողները պետք է իրեն դատե՞ն: Միշտ էլ իր ճարտար լեզվով կարողանում է մարդկանց վրա բարձր արժեքային համակարգ ունեցող տիկնոջ տպավորություն թողնել, բայց նրա գործողություններին նայեք: 70 ոստիկան էր հրավիրում մեզ վտարելու համար, հիվանդ երեխայիս, ընտանիքիս ծեծուջարդի էր ենթարկում: Էդ ոստիկանության 70 աշխատակիցները բյուջեի փողերով բենզին էին ծախսում, աշխատանքային ժամ ու ռեսուրսներ էին վատնում բյուջեի հաշվին, որպեսզի կառավարության պաշտոնյա Հ. Խառատյանի հրահանգը կատարեն` բռնությամբ մեզ դուրս շպրտեին: Նա ի՞նչ իրավունքով է արժեքներից ու արդարությունից խոսում: Ավելի լավ է թող որդուն բանակ ուղարկի, ազգի, հայրենիքի համար մի լավ բան անի: Ահա ձեզ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ նրա որդու` Արսեն Խառատյանի եւ նրա եղբոր որդու` Դավիթ Առաքելյանի նկատմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզում է հայտարարված: Եվ նա խոսում է արդարությունի՞ց, երբ անտուն, հիվանդ երեխայիս փողոց շպրտեց, իսկ իր եւ իր եղբոր որդուն փախցրեց այլ երկիր: Իշխանական ճամբարից տեղափոխվեց ընդդիմություն` հույս ունենալով, որ հիմա էլ նրանց կերակրատաշտից կօգտվի»:

Հ.Գ. Օգոստոսի 26-ին Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա այս գործով հերթական դատական նիստը, որը մենք կլուսաբանենք: