«Մենք կռվող ու հաղթող ենք, սաղին կտապալենք»

19/08/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լեռնային Ղարաբաղի խիտ անտառների վրա սփռված լուսաբացի կիսաստվերը հիշողությունն ու իրականությունը միաձուլել, դարձրել է պատմություն: Մարդն այստեղ շփոթվում, մոլորության մեջ է հայտնվում, որովհետեւ պատերազմի ու խաղաղության խորհրդավորությունը դեռեւս ապրում է բնության մեջ: Արեւածագի ու իրիկնամուտի մեջ հարմար տեղավորվել է հավանական պատերազմը, դրա համար էլ Ղարաբաղում հայտնված մարդը շնչում է խաղաղության, բայց նաեւ տագնապի, հավանական կռվի օդը: Քարքարոտ լեռները, «ամպաչափ» կանաչ դաշտավայրերն ու անսահմանության մեջ կենդանիների անվրդով ներկայությունը հեքիաթի պատրանք են ստեղծում: Մարդն ու բնությունն այստեղ հաշտվելու ձեռք են մեկնում ու երկուսն էլ հասկանում են, որ պատերազմի վերսկսումն աններելի է: Պատերազմի վերսկսումն աններելի է երկուսի` մարդու եւ բնության համար: Հետո մարդը հասկանում է, որ հակառակ կողմում, խիտ անտառի ետեւում էլի մի մարդ կա. մարդն ադրբեջանցի է, մարդն ու «խնդրահարույց» սահմաններում գծագրված բնությունը հանդիպել ու հաշտվել են: Նա էլ նույն բանն է մտածում` պատերազմի վերսկսումն աններելի է: Աններելի է երկուսի համար` մարդու ու բնության: Այս երկու մարդիկ բնության հետ հաշտության ձեռք են մեկնել, խաղաղվել են ու երկուսն էլ նույն բանն են մտածում. երկուսն էլ ուզում են իրար ձեռք սեղմել: Երկուսն էլ մտապատկերում տեսնում են թշնամու փշալարերով արգելապատնեշը, զինված սահմանապահներին, կրակահերթը… Երկուսն էլ թշնամուն չեն գտնում, որովհետեւ իրենք հաշտության ձեռք են մեկնել բնության հետ, խաղաղվել են: Երկուսն էլ իրար ձեռք մեկնել չկարողանալու անզորության զգացում են ապրում, տխրում են ու փորձում են իրենց կորցնել բնության մեջ ու վայելել այն ժամանակավոր խաղաղությունը, որը տրված է ինչ-որ մարդկանց կողմից: Մարդն ուզում է ագահորեն շնչել խնդրահարույց այն բնության օդը, որն ինչ-որ մարդիկ գծագրել ու ժամանակավոր չափաբաժինների են վերածել: Սուրբ Գանձասար եկեղեցու Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը զարմանալի հոգեւորական է: Եկեղեցու մուտքի մոտ դիմավորում է այցելուներին, ներկայացնում վանքի պատմությունը, փորձում տալ այն պատասխանները, որոնք հնչեցնում են այցելուները: Ասում է` «Պինդ, հավատավոր ժողովուրդ են»: 20 տարի առաջ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակով վերաբացվել է Հայ Առաքելական եկեղեցու` անցած դարի 30-ական թվականներին փակված Արցախի թեմը: 1989թ. հոկտեմբերի 1-ին Սուրբ Գանձասարի վանքի սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում` Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվել է վերաբացված թեմի առաջին պատարագը: Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում գտնվող Գանձասար վանական համալիրի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ մայր տաճարը կառուցվել է Հասան Ջալալ իշխանի կողմից եւ եղել է կաթողիկոսների նստավայրը: Ընդ որում, դարեր շարունակ այն եղել է Հայաստանի արեւելյան գավառների կարեւորագույն կրոնական կենտրոնը: Սուրբ Հովհաննես- Մկրտչի պատերին պահպանվել են աստվածաշնչային կերպարների, ինչպես նաեւ իշխանական տան անդամների խորաքանդակները: Վանական համալիրում ընդհանուր առմամբ պահպանվել են շուրջ 200 հին հայերեն արձանագրություններ, իսկ եկեղեցու գավիթը Խաչենի իշխանների տոհմական դամբարանն է: Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Գանձասարի եկեղեցին պատմական արժեքավոր նյութ է: Լեռնային Ղարաբաղ ոտք դրած ցանկացած զբոսաշրջիկ պարտադիր այցելում է եկեղեցի: Պարգեւ սրբազանն ասում է, որ տարիներ շարունակ եկեղեցի չունեցող Արցախի ժողովուրդն այսօր ապավինում է Աստծուն, այցելում եկեղեցի, մասնակցում պատարագներին: Ի դեպ, եկեղեցին վերաբացվել է պատերազմի տարիներին: Անշուշտ, այստեղ էլ աղանդավորական խմբեր կան. «Կամաց-կամաց նահանջում են, որովհետեւ մարդկանց հետ անհատական աշխատանք ենք կատարում, փորձում ենք դարձի բերել»: Երբ Պարգեւ սրբազանին խնդրում եմ հարցազրույց տալ, ասում է` «Ես շատ եմ հարցազրույց տալիս, շատ եմ խոսել: Ավելի լավ է հասարակ գյուղացիների հետ զրուցեք: Նրանց հոգսերից, խնդիրներից հարցրեք: Տեսեք, թե ո՞նց են ապրում: Նրանց հետ խոսելը կարեւոր է»: Եկեղեցու մեջ ձուլվել են հասարակ գյուղացիների վառած մոմերը: Խաղաղություն խնդրող մոմեր եկեղեցում մշտապես վառվում են:

«Սա իմ դվայորդնի ժենան ա»

Վանք գյուղի կենտրոնական մասում մի նստարան կա, որն ամեն երեկո զբաղեցնում են գյուղի թոշակառուները: Նրանք սիրում են նայել, թե ինչպես են զբոսաշրջիկները հիանում գյուղի քանդակներով, բնությամբ. օտարերկրացիները նկարահանումներ են կատարում, լուսանկարում, հետաքրքրվում, հարցեր տալիս: Նստարանին հարմար տեղավորված ծերերից Ռուբեն Դավիդովիչ Ավանեսյանը նրանց «առաջնորդողն» է: 80 տարեկան պապը հերթով ներկայացնում է իր «թիմին»: Ասում է` «Էս քիրս ա` Սոնյա Ավանեսյան, իմ մեծն ա` 83 տարեկան: Էս մինն իմ դվայորդնի ժենան ա` Ռոզա Ավանեսյան: Էն էլ…»: Մյուս տղամարդն ընդհատում է Ռուբեն Դավիդովիչի մեկնաբանությունն ու «թունդ» գինովցած լինելու պատճառով անհասկանալի բառապաշարով սկսում է խոսել: Հարցնում եմ` «Կներկայանա՞ք»: «Վեչ»,- ասում է ու նորից սկսում է խոսել: Ռուբեն Դավիդովիչն ինձ ասում է. «Ինքը թորքի ազգանուն ունի», ու բոլորը սկսում են քահ-քահ ծիծաղել նստարանի ծայրին հազիվ հավասարակշռությունը պահպանող տղամարդու վրա: «Ո՞նց թուրքի ազգանուն… իսկ ո՞նց է ազգանունը»,- հարցնում եմ: Տղամարդը կրկին ինչ-որ բաներ է խոսում, ու նրա փոխարեն «չարաճճի» ժպիտը դեմքին պատասխանում է Ռուբեն Դավիդովիչը. «Մամեդով»: Վերջինիս «դվայորդնի ժենա» Ռոզան ծիծաղից «փլվում» է ամուսնու սրամիտ ու համարձակ կատակներից ու մի տեսակ պարանոցը ձգելով նայում է շուրջը` ստուգելու համար, թե արդյո՞ք մարդիկ գիտեն, որ այս սրամիտ, կատակասեր ծերուկն իր տղամարդն է: Ռուբեն Դավիդովիչի «թիմի» խոսակցությունից ու «խինդ ու ծիծաղից» գյուղում շրջող մարդիկ խմբվում են նրանց շուրջն, ու երկու ծերուկների կատակներից սկսում ենք բոլորս հռհռալ: Նկատելով, որ ընկերոջը մասսայական թուրքի պիտակ փակցնելը վիրավորական է` Ռուբեն Դավիդովիչը խոստովանում է` «Դե՛ լավ, կատակ էինք անում: Իրա ազգանունը Բաղդասարյան ա, Ռաֆիկ»: Հետո, երբ հարցնում եմ կյանքից, կենցաղից ու հոգսերից՝ տիկին Ռոզան արցունքն աչքերին ասում է. «Վո՛ւյ, վո՛ւյ, կռիվ չյըլա, մենակ կռիվ չյըլա, խոխա ջան: Չյոնք դիմանա, էլ չյոնք կարա: Մունք ամեն հնչով ապահով ենք, լյավ ընք ապրում: Մըր տղեն` Լեւոն Հայրապետյանը, մըզ շատ ա օգնում, ծերերին լյավ ա նայում: Մենակ կռվից ենք վախում»: Ռաֆիկը լսելով Ռոզա տատի վախվորած խոսքերը, բղավելով ասում է. «Ո՞վ ա վախում կռվից: Մեր ժողովուրդը դրանց մի ժամում ջարդ ու փշուր կանի: Էս ի՞նչ ա խոսում էս կինարմատը: Հնչո՞ւց ես վախում, թորքերին կոչնչացնենք: Մենք կռվող ու հաղթող ենք, սաղին կտապալենք»: Ռաֆիկն այնպես է ոգեւորվում, որ ոգեւորված խոսելու ժամանակ նստարանի ծայրից ընկնելով՝ այլեւս պպզած է «կռվում»: Ռուբեն Դավիդովիչն ասում է, որ 40 տարի Ադրբեջանում են ապրել եւ պատերազմի ժամանակ առանց ոչնչի տեղափոխվել են Վանք գյուղ: Արդեն 20 տարի է՝ Վանքում են ապրում, որն, ի դեպ, համարվում է Ղարաբաղի ամենահարուստ գյուղը: Գյուղացիներից բոլորն էլ անկեղծորեն հարգում ու սիրում են մոսկվաբնակ գործարար Լ. Հայրապետյանին, ով հսկայական ներդրումներ է կատարում ինչպես համայնքի, այնպես էլ` բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու համար: Նշենք, որ այս տարի Վանք գյուղում Լ. Հայրապետյանի ֆինանսավորմամբ կառուցվել է դպրոց, որի նախագիծը ինչպես Հայաստանի, այնպես էլ` Ղարաբաղի համար նորույթ է: Բնակիչները պատմում էին, որ նույնիսկ հարակից գյուղերի բնակիչները հայտեր են ներկայացնում իրենց երեխաներին Վանքի դպրոց տեղափոխելու համար: Սեպտեմբեր ամսին կկատարվի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը, որի տարածքում շրջելով՝ մենք նկատեցինք, որ ողջ հանրապետությունում նման մանկապարտեզ գոյություն չունի: Վանքում կառուցվել է նաեւ գյուղապետարանի շենք: Գյուղացիները մեզ ցույց տվեցին նաեւ այն հսկայական տարածքը, որտեղ կառուցվում է զինվորական ուսումնարան, իսկ լեռնային գոտում շուտով կկառուցվի կենդանաբանական այգի, որտեղ կենդանիները կպահվեն ոչ թե ճաղավանդակներում, այլ արգելապատնեշներով պահպանվող գոտում: Ընդհանրապես Վանք գյուղը կարծես արվեստի կենտրոն լինի, քանի որ լեռնային գոտիներում քանդակների առկայությունն այս գյուղին առեղծվածի բնույթ է տվել: Զբոսաշրջիկների այս գյուղում ամենուր կարելի է տեսնել:

Վանք գյուղի համայնքի ղեկավար Ֆեդյա Օհանյանի տվյալներով` ներկայումս գյուղում բնակվում է 1550 մարդ, 380 ընտանիքներ: Նա վստահեցնում է, որ խրախուսվում են բազմազավակ ընտանիքները (գյուղում շատ են 5-9 երեխա ունեցողները) եւ ամեն ինչ արվում է, որպեսզի բնակչության թվաքանակն ավելանա: «Հարակից գյուղերից շատերն են ուզում տեղափոխվել մեր գյուղ, որովհետեւ կենսապայմանները լավ են, աշխատատեղի խնդիր չկա, անգամ Երեւանից շատ մարդիկ եկել են գյուղ աշխատելու: Ինչպես տեսնում եք՝ Լեւոն Հայրապետյանի շնորհիվ մեզ մոտ մշտապես աշխատուժի պահանջարկ կա: Բացի դա, մեր գյուղը դարձել է տուրիզմի կենտրոն, եկող-գնացողները շատ են, աշխուժությունը` մեծ: Աշխարհի բոլոր ծայրերից զբոսաշրջիկները գալիս են: Կուլտուրան էլ զարգացած է մեզ մոտ, ամեն քարի, ժայռի մեջ արվեստ ու մշակույթ կա»: Ֆ. Օհանյանը վստահեցնում է, որ գործարար Լ. Հայրապետյանն ամսական միայն 150.000 դոլար հատկացնում է սպասարկման ոլորտին: Վերջինս նաեւ ստեղծել է զոհված ընտանիքների ֆոնդ, որի միջոցով այդ ընտանիքները յուրաքանչյուր ամիս մեծ գումար են ստանում: Ի դեպ, Վանքի բնակիչները պատմում էին, որ եթե մի քանի տարի առաջ գյուղում ընդամենը մեկ առաջին դասարան կար, ապա այս տարի` երեքն են: «Աճը մեծանում է, ծնելիությունը մեզ մոտ կտրուկ շատացել է: Ներկայումս դպրոցում 250 աշակերտ կա: Անցյալ տարի Վանքում 37 երեխա է ծնվել այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ դրա կեսն էլ չէր կազմում: Լեւոն Գուրգենիչը մեր գյուղը «կենդանացրել» է, ու եթե նրա նման մարդիկ լինեն` Սպիտակը, Գյումրին ոտքի կկանգնեն: Երբ նրան հարցնում են` ինչի՞ ես էսքան անում, ասում է` ինչ էլ անեմ, տղերքի արյունը չեմ կարող հետ բերել: 1 տարում ամենաքիչը 10մլն դոլարի ներդրում է կատարում: Միայն ճանապարհաշինության համար 8մլն դոլար է հատկացրել: Վանք գյուղում կապիտալ վերանորոգվում է նաեւ հիվանդանոցը եւ գյուղմթերքի շուկա է կառուցվում: 100 ընտանիք դիմել են հարակից գյուղերից, որպեսզի գան էստեղ ապրեն, բայց բնակարանների խնդիր կա, առայժմ չենք կարող»,- ասում է գյուղապետը:

Վանք գյուղի բնակիչները պատմում են, որ վերջերս Լ. Հայրապետյանը հիվանդացել է. «Մենք ամեն օր զանգում էինք Մոսկվա, նրա հետ խոսում էինք, սիրտներս իրա համար շատ ա ցավում, լաց էինք լինում, որ շուտ առողջանա»: Ասում են` պատերազմի տարիներին նա Գանձասարում է եղել. «Շատ ա օգնել. ռազմամթերքով, ավիացիայի հարցով: Ազգային մեծ հարցերով ա զբաղվում: Մենք նկարը պահում ենք, որ Օբամայի հետ թերթում տպել էին: Ասում է` միակ բանը, որ չեմ կարող ձեր համար անել` տղերքին հետ բերելն է»:

շարունակելի