Հրավեր ստանալու դեպքում՝ կմերժի՞

19/08/2010

Հայոց ցեղասպանությունից ի վեր՝ հայկական եկեղեցական արարողություններն արգելելուց շուրջ մեկ դար անց, թուրքական կառավարությունը վերջապես որոշել է թույլատրել մեկ անգամ պատարագ մատուցել Աղթամար կղզում գտնվող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում: Հարց է առաջացել սեպտեմբերի 19-ի եկեղեցական արարողությանը մասնակցելու շրջահայացության մասին, որին թուրքական կառավարությունը հրավիրել է աշխարհի չորս կողմից հայերի, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների եւ բարձրաստիճան հյուրերի: Նրանք, ովքեր բոյկոտելու կոչեր են անում, մատնանշում են, որ թուրքական իշխանությունների իրական նպատակը Եվրամիությունից եւ Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է` կեղծ հանդուրժողականություն դրսեւորելով քրիստոնյաների եւ փոքրամասնությունների հանդեպ: Իրականում, իրար հաջորդող թուրքական կառավարությունները, ավելի քան ինը տասնամյակ Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքում հայերի ներկայության մասին վկայող բոլոր հետքերը վերացնելու հետեւողական քաղաքականություն են վարել, եւ այդ ընթացքում ավելի քան 2000 հայկական եկեղեցիներ ու վանքեր են ոչնչացվել կամ օգտագործվել ոչ կրոնական նպատակներով: Տարիներ առաջ Սուրբ Խաչ եկեղեցին եւս ոչնչացման վտանգի առաջ էր կանգնած, սակայն տեղի թուրք պաշտոնյաների միջամտության շնորհիվ այն հաջողվեց փրկել:

Աղթամար կղզի մեկնելուն դեմ արտահայտվողները նաեւ առարկում են պատմական եկեղեցին Թուրքիայի կառավարության կողմից որպես «թանգարան» դասակարգելու եւ այնտեղ տարին միայն մեկ անգամ արարողություն մատուցելու դեմ: Բազմաթիվ խնդրանքներից ու բողոքներից հետո, թուրքական իշխանությունները վերջապես խոստացել են խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին:

Հայերը չպետք է երախտապարտ լինեն մի երկրի, որը հազարավոր եկեղեցիներ բռնագրավելուց եւ ավերելուց հետո, այժմ թույլատրում է եկեղեցական արարողություն իրականացնել մեկ եկեղեցում, որն էլ դիտվում է որպես թանգարան: Այս եւ հազարավոր այլ եկեղեցիներ պետք է պատկանեն Պոլսո Հայոց պատրիարքարանին, իսկ արարողություններն այնտեղ պետք է իրականացվեն ըստ պահանջի` առանց կառավարության թույլտվության կամ միջամտության:

Անցյալ շաբաթ Հայաստանում կրքերը բորբոքվեցին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարեց սեպտեմբերի 19-ի արարողությանը երկու բարձրաստիճան եկեղեցականներ ուղարկելու իր մտադրության մասին: Սովորաբար Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը օտար երկրներին առնչվող որոշումներ կայացնելիս խորհրդակցում է Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով, որ այս հայտարարությունն արվել է Հայաստանից նրա բացակայության ժամանակ, եւ միգուցե նա իրազեկված չէր ծագած առարկություններին, ապա Վեհափառ Հայրապետն այժմ հնարավորություն ունի վերջնական որոշում կայացնել` Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներին Աղթամար կղզի ուղարկելու վերաբերյալ: Քանի որ Թուրքիայի հայերն իրավունք չունեն իրենց կարծիքն ազատ արտահայտել, ապա Թուրքիայի սահմաններից դուրս կրոնական եւ աշխարհիկ ղեկավարները պետք է հանդես գան հայկական եկեղեցական արարողությունների թուրքական շահարկումը դատապարտող նախաձեռնությամբ:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սբ. Խաչ եկեղեցու արարողությանը մասնակցելու համար պատվիրակություն ուղարկելու պաշտոնական հրավեր Անկարայից չի ստացել: Հուսանք, որ Հայաստանի կառավարությունը նման հրավեր ստանալու դեպքում այն կմերժի: Անցյալ տարի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Երեւանը թուրքերին քարոզչական հաղթանակ մատուցել էր: Աղթամարի եկեղեցու արարողությանը մասնակցելը համարժեք կլինի թուրքերին երկրորդ անգամ պարգեւատրելուն:

Սակայն հատկանշական է, որ այս անգամ Հայաստանի կառավարությունն այնքան էլ զիջողական չի լինելու: Նախագահ Սերժ Սարգսյանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խստորեն քննադատել է նախատեսված արարողությունը, այն անվանելով «հրապարակային խեղկատակություն» եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող «սադրանք»:

Բացի այդ, Նախագահի կողմից կազմավորված խորհրդակցական մարմնի` Հանրային խորհրդի մի ենթահանձնաժողով ընդունել է հայտարարություն, որով հորդորում է հայերին բոյկոտել Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու միջոցառումը: Այն կոչ է անում իրենց արժանապատվությունը հարգող բոլոր հայերին ձեռնպահ մնալ «թուրքական էժանագին շոուին» մասնակից լինելուց: Ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը եւս հորդորում է արարողության բոյկոտումը եւ քննադատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` Աղթամար երկու եկեղեցականներ ուղարկելու մտադրության համար:

Թուրքական կողմն ամենեւին էլ շահագրգռված չէ հայկական եկեղեցիների պահպանությամբ. դա են վկայում գաղտնի ծառայությունների կողմից մի քանի հազար ընտանիքների հարցաքննությունը, որոնք, հյուրանոցային համարների սղության պատճառով, առաջարկել էին հարեւան Վան քաղաքում, սեպտեմբերի 19-ին հայ այցելուներին հյուրընկալել իրենց տներում: Թուրք պաշտոնյաները կասկածում են, որ հյուրընկալող ընտանիքները կարող են Հայոց ցեղասպանության զոհերի թրքացած կամ քրդացած մնացորդներ լինել:

Նացիստական Գերմանիայի գեստապոյի մարտավարությունը հիշեցնող իր այս սարսափազդու քայլով թուրքական վարչակազմը ցուցադրում է իր քաղաքացիների ազգային ծագումը հետապնդելու իր համակվածությունը: Ի դեպ, այս ռասիստական հետաքննությունից հետո, Վանում մի շարք ընտանիքների պաշտոնապես արգելվել է իրենց տներում հյուրընկալել սփյուռքահայերին: Հայերը, որոնք միամտաբար մտադրվել են եկեղեցական արարողության մասնակցել «թանգարանում», անգիտակցաբար մասնակից են դառնալու պատմական հայկական եկեղեցու բռնագրավման օրինականացմանը եւ նպաստելու են թուրքական իշխանությունների բեմադրած քաղաքական շոուին:

Միանգամայն հասկանալի է, որ թուրք ղեկավարները ցանկանում են դրական կերպար ստեղծելով՝ հեշտացնել իրենց երկրի մուտքը Եվրամիություն եւ խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հայկական ջանքերը: Սակայն ամենեւին հասկանալի չէ, թե հայերն ինչո՞ւ պետք է նպաստեն թուրքերի հակահայկական նպատակների իրականացմանը:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր