Նախաբան
Հայկական դպրոցն այն օջախն է, որը պարտավոր է նախապատրաստել հասարակության այն կոնտինգենտը, որը պիտի ապրի ու զարգանա հայոց պետականության մեջ: Եթե այդպես է, ապա կարող եմ ասել, որ Հայաստանը չի կարող գոյատեւել մեծ ու փոքր տնտեսական, կրթական, գիտական ու մշակութային համակարգերից դուրս. այն պարզապես կկործանվի: Հենց դա է ապացուցում մեր պատմությունը: Մի կողմից՝ մենք կարողացել ենք գոյատեւել, բայց մյուս կողմից՝ ո՞րն է պատճառը, որ չենք զարգացել, այլ պարզապես գոյատեւել ենք: Ինչպես տեսնում ենք, չափազանց լուրջ հարցեր են ծառանում մեր առջեւ, երբ խոսքը դպրոցին է վերաբերում: Առանց պրագմատիկ, բազմաշերտ ռազմավարության չի կարող լինել ո՛չ ժամանակակից դպրոց, ո՛չ առաջադեմ գիտություն, ո՛չ բարձր մշակույթ, ո՛չ էլ բարգավաճող Հայաստան՝ հզոր բանակով եւ տարածաշրջանում ու աշխարհում կայուն շահերով:
Դպրոցը մեր կյանքի հայելին է
Գիտելիքի եւ դրա դասավանդման մեթոդի ու յուրացման հիմքում ընկած է ազգի եւ պետության աշխարհայացքը: Հեռու անցյալի մասին չեմ խոսի, բայց որոշ բաներ կասեմ 20-րդ դարի մասին:
Խորհրդային տարիների հայկական միջնակարգ դպրոցը բարձր էր նախահեղափոխական դպրոցից, որն ուժեղ էր միայն հումանիտար բնագավառներում (օրինակ՝ Ներսիսյան ճեմարանը): Այդպիսին էին նաեւ Սփյուռքի դպրոցները՝ Մելքոնյան վարժարանը, Մուրադ-Ռափայելյան վարժարանը, եւն: Դրանք մինչ օրս էլ այդպիսին են մնացել: Չհաշված բացառությունները՝ մենք հազվադեպ ենք տեսնում այդ դպրոցների շրջանավարտներին միջազգային ու համաշխարհային ճանաչում ստացած հայ գիտնականների ցանկում, ինչպես հիմնարար գիտությունների, այնպես էլ տեխնիկայի եւ տեխնոլոգիաների բնագավառում: Ինչպես ազգային կյանքի ցանկացած բնագավառ, միջնակարգ դպրոցը եւս, եթե չի կատարում իր ֆունկցիոնալ պարտականությունները երկրում եւ սփյուռքում, փակվում է: Գլխավոր պատճառը, թե ինչու էր հայկական դպրոցը խորհրդային տարիներին զիջում ռուսական դպրոցին, ռուսաց լեզվի մեծ հնարավորություններն էին եւ նրա աշխարհայացքային հզոր բազան՝ արտահայտված առաջատար բուհերի, հեղինակավոր գիտական ու տեխնիկական ամսագրերի կողմից:
Մեր աշխարհընկալման գործում նշանակալից դեր են խաղացել Վիկտոր Համբարձումյանն ու Սերգեյ Մերգելյանը, նաեւ նրանք, ովքեր առաջատար տեղ էին զբաղեցնում Ռուսաստանում եւ ԽՍՀՄ մյուս հանրապետություններում:
Միայն 80-ականներին Հայաստանն ու հայկական դպրոցը գրեթե հասան ռուսական դպրոցին, սակայն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բարձր տեխնոլոգիաների բնագավառում նվաճումները այդ ջանքերն ապարդյուն դարձրին: Տաղանդավոր հայ պատանիներն ու աղջիկները մեծ հաճույքով էին գնում եւ հիմա էլ գնում են սովորելու Ռուսաստանի եւ Արեւմուտքի ամենադժվար տեխնիկական բուհերում:
Ի՞նչ գերակայություններ եւ ընդունակություններ ունի ազգը, եւ ի՞նչ պահանջմունքներ ունի պետությունը
Հայն այն փոքրաթիվ ազգերից է (իսկ տարածաշրջանում՝ միակը), որ դարեր շարունակ զբաղվել է հիմնարար գիտությամբ, եւ ում հաջողություններն ակնհայտ դարձան գիտատեխնիկական առաջընթացի ամենաբուռն՝ 20-րդ դարում: Սա մեր հարստությունն է եւ ուժը: Եթե մենք սա հաշվի չառնենք, չհասկանանք կամ ոչնչացնենք, կհավասարվենք մեր հարեւաններին, ում ինտելեկտուալ հնարավորությունները գիտության եւ տեխնիկայի բնագավառում խիստ սահմանափակ են: Սակայն մենք շատ թեթեւամիտ ենք, մենք չենք հասկանում մեր այս առավելությունը՝ որպես պետական իմունիտետի կարեւոր մաս, սակայն շատ ենք սիրում պարծենալ դրանով: Հենց այս առավելությունն են հրեաներն օգտագործում Իսրայելում՝ զարգացնելով գիտությունը, որը թույլ է տալիս ստեղծել ոչ միայն ժամանակակից զենք:
Եթե մենք այս բանին ուշադրություն չդարձնենք, կկորցնենք մեր տաղանդավոր երիտասարդության մի մասին, որն արտասահման կմեկնի, մի մասն էլ կենսագործունեության այլ ասպարեզ կընտրի: Սա մեծ կորուստ է: Մենք երկրից դուրս կմղենք այն մարդկանց, որոնք ազգի հիմքն են: Ունենալով ծանր պատմական բեռ, անբարյացակամ հարեւաններ ու թշնամիներ՝ իրավունք ունե՞նք արդյոք այդքան հեշտ հրաժարվելու նման ուղեղներից՝ երկրի ներսում հեռու պահելով նրանց գիտելիքից ու կրթությունից:
Ի՞նչ չկա, եւ ի՞նչ է պետք անել ազգային դպրոցում
Հայկական դպրոցը չունի ամենակարեւոր բանը՝ ժամանակակից աշխարհայացք Աշխարհի եւ Ժամանակի մասին: Պետության ու ազգի առաջ կանգնած արդի հիմնախնդիրների վերաբերյալ մենք համակարգված տեսակետ չունենք: Մենք կարող էինք կանգնել զարգացած երկրների կողքին, սակայն դրա համար հարկավոր է հասկանալ, որ մենք պետք է գնահատենք հայկական կյանքը եւ նրա բարձրագույն դրսեւորումը՝ տաղանդը: Երիտասարդությունը պետք է հասկանա, որ իրենցից լավագույնները զարգանալու պոտենցիալ կունենան երկրի ներսում, ոչ թե հակառակը: Անտաղանդներն արագ են ձեռք բերում արատավոր համակարգի բոլոր գծերը եւ դառնում են հետընթացի կարեւոր բաղադրիչ: Երկիրը կորցնում է հիմնական կենսական ուժերը, եւ ինչպես ասում է պատմաբան Նիկողայոս Ադոնցը, նրանք դուրս են մղվում հայոց իրականությունից՝ Հայրենիքում չգտնելով իրենց տեղը:
Ամփոփում
Սեփական հայկական դպրոց ունենալու համար անհրաժեշտ է, որ պետության ծրագրերն ու պլանները ճիշտ բաշխված լինեն միջնակարգ դպրոցի, բուհի եւ կյանքի միջեւ: Հայաստանն ու Սփյուռքը իրենց զարգացումը պիտի տեսնեն նոր եւ որակապես ավելի բարձր զարգացման փնտրտուքի մեջ այս արագ փոփոխվող ինտելեկտուալ աշխարհում: Առանց հիմնավոր ժամանակակից աշխարհայացքի՝ ազգային դպրոցը չի կարող դառնալ այն, ինչ պետք է Հայաստանին: Այն պիտի կարողանա պաշտպանել Հայաստանին, բարձրացնի նրա կենսամակարդակն ու արժանապատվությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ աշխարհում: