Հայաստանն ունի մոտ 35 հատուկ պահպանվող տարածքներ ու արգելոցներ, որոնք
միասին զբաղեցնում են 110 հազար հա տարածք: Արգելոցները գտնվում են
Բնապահպանության նախարարության համակարգում: Այդ տարածքների պահպանմամբ
զբաղված է 450 հոգի: Այդ 35 արգելոցների պահպանման համար պետբյուջեից
2005թ. հատկացվել է 187 մլն 828 հազար դրամ: Ընդհանուր գումարից «Շիկահող»
արգելոցին բաժին է հասել մոտ 9 մլն դրամ: Իսկ «Շիկահողն» ունի մոտ 10.000
հա խիտ անտառ: «Շիկահողի» մեջ է մտնում նաեւ հայտնի Մթնաձորի անտառը:
«Շիկահող» անտառները պահպանում են արգելոցի 30 աշխատողներ: Արգելոցի
տնօրեն Ռուբեն Մկրտչյանի աշխատավարձը 24.000 դրամ է, տեղամասային
անտառապետինը` 15.000 դրամ, իսկ տեսուչի աշխատավարձը 13.000 դրամ է:
«Եթե աշխատավարձի մասին խոսակցություն է լինում, ես ամաչում եմ ասել, թե
ինչքան եմ ստանում,- ասում է Ռ. Մկրտչյանը: -Ես նույնիսկ իմ տեսուչին չեմ
կարող ստիպել, որ ավելի ուշադիր աշխատի, հեռու գնա, շատ պտտվի, որովհետեւ
դրա համար ծախսեր են պետք: Դժբախտ պատահարներ են լինում, քարքարոտ անտառ
է, ընկնում են, ոտուձեռ են կոտրում: Բուժման համար փոխհատուցում չի
լինում: Տեսեք, մեզ զուգահեռ աշխատում է նաեւ «Հայանտառը», նրանց
անտառապետի աշխատավարձը 70.000 դրամ է, պահակինը՝ 35.000 դրամ: Բայց
արգելոցն իր կարգավիճակով անտառից բարձր է: Աբսուրդ բան է»:
Արգելոցի աշխատողներն անտառում շրջում են հիմնականում իրենց սեփական
մեքենաներով կամ ձիերով: Պետությունն այս մասին էլ չի հոգացել:
Պետբյուջեից նույնիսկ բենզինի համար գումար չի հատկացվում: «Շիկահողի»
տեղամասերից մեկի պետ Անդրանիկը տարածքում շրջում է իր սեփական մեքենայով:
Նա դժգոհում է, որ գոնե մեքենայի փչացած մասը փոխելու համար գումար չեն
տալիս:
«Ինչքա՞ն կարելի է այսպես աշխատել,- հարցնում է Անդրանիկը: -Իմ ստացածով ես ինչպե՞ս պահեմ ընտանիքս ու էս մեքենան»:
Բնապահպանության նախարարությունից տեղեկացրին, որ 2006թ. բյուջեով
արգելոցներին հատկացվելիք գումարը կրկնապատկվելու է, հատկացնելու են 367,5
մլն դրամ: «Շիկահողին» հասնելու է 22,5 մլն դրամ: Աշխատավարձերը,
բնականաբար, կկրկնապատկվեն, ասենք, տեսուչը կստանա մոտ 25.000 դրամ:
Հնարավոր է, որ նախարարությունում սա մեծ հատկացում համարեն, բայց եկեք
խոստովանենք, որ արգելոցի պահպանման համար սա շատ քիչ է: Բնական է, որ
բարձր աշխատավարձ ստանալու դեպքում արգելոցի աշխատակազմը շատ ավելի
սրտացավորեն կպահպանի իր տարածքը եւ, որ ամենակարեւորն է, արգելոցից
թաքուն շահեր չի հետապնդի: Իսկ ընդհանրապես «Շիկահողին» հատկացված
ընդհանուր գումարի չափն է ծիծաղելի՝ ամբողջ տարվա համար` մոտ 50.000
դոլար: Իսկ մեր նախարարները չեն զլանում այդչափ եւ ավելի գումար տրամադրել
իրենց` ծառայողական մեքենա գնելու համար: