Բելառուսը` ՎՈՒԱՄ-ո՞ւմ

19/08/2010

«Մինսկի եւ Մոսկվայի միջեւ խորացող դիվանագիտական ճգնաժամի ֆոնին ակտիվանում են Վրաստանի իշխանությունները»,- այդ մասին գրել է ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` «Կոմերսանտը»` նշելով, թե առաջիկայում Բելառուսի իշխանություններին առաջարկվելու է մաս կազմել ՎՈՒԱՄ դաշինքին: Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան միավորող այս դաշինքը ստեղծվել է 1999 թվականին եւ գոյության ողջ ընթացքում ռուսական քաղաքական շրջանակների կողմից ընկալվում է որպես յուրատեսակ հակակշիռ ԱՊՀ-ի կառույցներին: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ պաշտոնական այցով Վրաստան ժամանած Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն դաշինքին Բելառուսի հնարավոր անդամակցության մասին բանակցել են այս շաբաթասկզբին: Երկու պետությունների ղեկավարները երկուշաբթի օրն այցելել են Աբխազիայի հետ սահմանին գտնվող Անակլիայի երիտասարդական ճամբար, որտեղ հանգստանում էին մի քանի տասնյակ բելառուս եւ մոլդովացի երիտասարդներ: Դիմելով երիտասարդներին` Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է. «Բելառուսի հետ մենք պարզապես ցնցող հարաբերություններ ունենք»: Վրաստանի նախագահն ասել է նաեւ, թե բելառուսների ու վրացիների միջեւ բազմաթիվ ընդհանրություններ կան: Վրաց-բելառուսական հարաբերությունների ջերմացումը սկիզբ առավ նախագահներ Լուկաշենկոյի եւ Սահակաշվիլիի` Ղրիմում կայացած հանդիպումից հետո: Այժմ արդեն դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Միխայիլ Սահակաշվիլին իր բելառուս գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է Վրաստան: Լուկաշենկոն, ըստ «Կոմերսանտի», հյուրընկալվելու է երիտասարդական նույն ճամբարում, որտեղ հանդիպել են Սահակաշվիլին եւ Գիմպուն: Վրացական կողմը առայժմ չի մեկնաբանում Բելառուսի հնարավոր անդամակցությունը ՎՈՒԱՄ դաշինքին: Վրաց դիվանագետները հայտարարել են. «Դա նուրբ խնդիր է, որի վերաբերյալ վաղաժամ մեկնաբանություններ հնչեցնելու կարիք չկա»: Թե ինչ ընտրություն կկատարի պաշտոնական Մինսկը` ըստ ամենայնի, պարզ կդառնա սեպտեմբերին, երբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպեն ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների արտգործնախարարները: Այդ հանդիպումից հետո կհստակեցվեն դաշինքի հերթական գագաթաժողովի ժամկետը եւ մասնակիցների հստակ կազմը: