Թուրքական դատախազությունն ավարտել է այս տարվա մարտին ձերբակալված PKK-ի 20 հաքերների նկատմամբ հետաքննությունը: Ըստ թուրքական Radikal-ի, Դիարբեքիրի հատուկ իրավասություններով հանրապետական դատախազը ներկայացրել է 324 էջանոց մեղադրական զեկույց, որի մեջ նշվում է, որ PKK-ի հաքերների խումբը կոտրել է պետական պաշտոնյաների, զինվորականների օգտագործման 3 հազար 800 Facebook-ի էջ, շուրջ 2 հազար ոստիկանի, զինվորականի եւ թուրք ազգայնականների պատկանող էլ-փոստեր, ինչպես նաեւ բազմաթիվ հասարակական կայքէջեր: Մեղադրականում նշվում է, թե իրենց «Վիրտուալ պարտիզան» անվանող խումբը գործել է PKK-ի պարագլուխների վերահսկողության ներքո: Մեղադրականում աչքի է ընկնում այն հատվածը, որում նշվում է, թե PKK-ի հաքերները լուրջ նախապատրաստություն են տեսել վայր գցելու անօդաչու հետախուզական ինքնաթիռները: Ըստ այդմ, քուրդ զինյալները նշել են, թե անօդաչու «Հերոն» ինքնաթիռներ խփելը 100 թուրք զինվոր սպանելուց ավելի կարեւոր է: Ըստ զեկույցի, քուրդ զինյալները հատուկ համակարգչային ծրագրերով փորձել են Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Բաթմանի տեղական հեռուստատեսության արբանյակային հաղորդիչի միջոցով միանալ անօդաչու ինքնաթիռի հաճախականությանը եւ վայր գցել դրանք: Սակայն քուրդ հաքերները կարճ ժամանակամիջոցում չեն կարողացել ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցները: 20 հաքերները մեղադրվում են «զինված ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք գործելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» եւ «ինֆորմացիոն համակարգում տվյալներ վերացնելու, կայքէջեր արգելափակելու» հոդվածներով։