Օգոստոսի 17-ին Լիբանանը ՄԱԿ-ի դատարանին է փոխանցել փաստաթղթեր, որոնք, ինչպես վստահեցրել են «Հըզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները, ապացուցում են Իսրայելի առնչությունը Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի` 2005թ. կատարված սպանությանը: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը: ՄԱԿ-ի դատարանին տրամադրված նյութերի շարքում են տիեզերքից դիտարկման տեսագրությունները, որոնք ապացուցում են, որ իսրայելական հատուկ ծառայությունները 1990-2005թթ. ընկած ժամանակահատվածում հետեւել են Ռաֆիկ Հարիրիի տեղաշարժերին: Հիշեցնենք, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն առաջին անգամ Իսրայելին մեղադրել էր Հարիրիի սպանության մեջ այս տարվա օգոստոսի 3-ին` խոստանալով սեղմ ժամկետներում ներկայացնել որոշ ապացույցներ: Նշենք, որ իսրայելական կողմն արդեն «ծիծաղելի» է անվանել այդ մեղադրանքները։