Զրկանքներից քշվածները

19/08/2010

Իրեն որպես ՍԴՀԿ մամուլի խոսնակ ներկայացնող Նարեկ Գալստյանը (նա եւս դուրս է եկել դե յուրե այդ անվանումով Հայաստանում գրանցված միակ կառույցից` Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ից) ՍԴՀԿ-ի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ երեկ հանդես է եկել բավական բոցաշունչ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցների սկսած հերթական հիստերիկ արշավը ստիպում է հանդես գալ հայտարարությամբ, որտեղ փորձ կանեմ հստակ եւ հիմնավոր պատասխան տալ, թե ինչ տարբերություն կա ՀԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի միջեւ, եւ ինչն էր, որ Հնչակյան կուսակցության համար անհնարին դարձրեց ՀԱԿ-ի հետ որեւէ հարաբերություն ունենալը: Նախ սկսեմ այն փաստից, որ Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրվանից Հնչակյան կուսակցությունը զինվորագրվեց այդ շարժմանը, որովհետեւ մենք շարժումը դիտարկում էինք հանուն ազատության եւ այդքան ցանկալի արդարության համար մղվող պայքար: Նախընտրական պայքարի առաջին իսկ օրերից երիտասարդ հնչակյանները իրենց կրած բազում զրկանքները տարան անմռունչ, որովհետեւ գիտակցում էին «գաղափարական պայքարի» կարեւորությունը: Ընտրություններից անմիջապես հետո ստեղծվեց Հայ Ազգային կոնգրեսը, որին, ՍԴՀԿ-ն, Կենտրոնական Վարչության ներկայացուցիչ ընկ. Վահան Շիրխանյանի առաջարկությամբ, անդամագրվեց առաջին իսկ օրվանից, ցավոք, վերածվեց բյուրոկրատական նոմենկլատուրային կառույցի: Հնչակյան կուսակցությունը, ունենալով 123 տարվա քաղաքական պայքարի հսկայական փորձ, դեռ հույսը չէր կորցրել, որ ՀԱԿ-ը կվերագտնի իր գաղափարները եւ կդադարի լինել մինչեւ 1998 թ.-ի իշխանափոխությունն իրեն վարկաբեկած քաղաքական գործիչների վերակենդանացման ամբիոն: Այդ նույն ընթացքում կուսակցության գրեթե բոլոր տարածքային կառույցների, շարքային ընկերների եւ պատասխանատուների մոտ միայն մի ցանկություն կար. օր առաջ ազատվել «ատենապետ» Լ.Սարգսյանից, ով իր գործունեությամբ վարկաբեկում էր Հնչակյան կուսակցության վարկն ու հեղինակությունը, բազմաթիվ անգամ խախտել էր ՍԴՀԿ Ծրագիր-Կանոնագիրը: Կուսակցության ներսում ծայր առած խմորումների արդյունքում Սարգսյանը, չունենալով սեփական կուսակցության ներսում եւ որեւէ հենարան, դիմեց ՀԱԿ-ի ֆունկցիոներների օգնությանը: Վերջիններիս եւ նրանց անվերապահ ծառայող մամուլի «պաշտպանության» փոխարեն ՍԴՀԿ-ն պետք է վերջնականապես կորցներ իր ինքնուրույնությունը, դառնար ՀԱԿ-ի նոմենկլատուրայի` օր առաջ աթոռին հասնելու եւ տարիների բաց թողած «վաստակը» վերագտնելու լրացուցիչ խթան: Այս ճակատագիրը հարիր չէ մի քանի օրվա քաղաքական կուսակցությանն անգամ, էլ ուր մնաց Հայ Իրականության առաջին Քաղաքական Կուսակցությունը: Կուսակցության համագումարից հետո, երբ վտարվեց նախկին ատենապետը, ՀԱԿ-ը վերջնականապես ցույց տվեց, որ ինքը ցանկանում է համագործակցել ոչ թե մի կուսակցության, որը կառույցներ ունի աշխարհի երկու տասնյակ երկրներում եւ ակտիվորեն մասնակցել է Հայաստանում արդարության եւ օրինականության համար մղվող պայքարին, այլ կուսակցությունից վտարված անհատի հետ, որը միանշանակ մերժված լինելով արտասահմանի բոլոր հնչակյան կառույցների կողմից՝ նույնիսկ Հայաստանում չունի կուսակցական նեցուկ: Կոնգրեսը մոբիլիզացրեց իր ողջ ռեսուրսը` ՍԴՀԿ-ի դեմ պայքարի համար: Այս նույն ճակատագրին էր արժանացել նաեւ Ժառանգությունը, ով համարձակվեց չդառնալ ՀԱԿ-ի անդամ: Սեփական քաղաքական գործընկերների հետ դաժան հաշվեհարդարի գործելաոճը հարիր է ՀԱԿ-ին, եւ անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի այն դեպքում, եթե այս քաղաքական ուժի առանձին անհատներ իշխանություն ստանան: Երկիրը կընկղմվի հերթական ռեպրեսիաների եւ ձերբակալությունների մեջ, այն անձինք, ովքեր մի փոքր հակասություն են ունեցել այս կառույցի հետ, կդառնան «հակահեղափոխական» տարրեր եւ իրենց վախճանը կգտնեն Հայաստանի տարբեր բանտերում: Այս օրերին, երբ ՍԴՀԿ-ն հայտարարել է ՀԱԿ-ի հետ հարաբերությունների դադարեցման մասին, մենք հերթական անգամ տեսնում ենք անհանդուրժողականության բացահայտ դրսեւորումներ` վիրավորանքներով լի հոդվածներ, խեղաթյուրված հարցազրույցներ: Այս ամենին, սակայն, մենք արդեն սովոր ենք: Ուզեն կամ չուզեն, ՍԴՀԿ-ն այլեւս ՀԱԿ-ի անդամ չէ, ուզեն կամ չուզեն` Սարգսյանը ՎՏԱՐՎԱԾ Է: Իսկ մնացած առումով միայն կարելի է ավելացնել` ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԱՐԵԼ ՀՈՒՐԸ ՍՐԲԱԶԱՆ, ԳԱՂԱՓԱՐԻ, ՈՐ ԿՈՒՌՃԱՆԱ ՄԵՐ ՄԵՋ:

Հ.Գ. Մենք պատրաստ ենք քաղաքական բանավեճի ցանկացած ուժի հետ, սակայն փնովել, վիրավորել եւ ամբաստանել չենք պատրաստվում: Հասկացեք, ի տարբերություն շատերի, մեր ոճը դա չէ»: