Ո՞ւր են տանում այլ ճանապարհները

22/07/2010

«Բանակցությունների սեղանին նոր առաջարկություններ էին, եւ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը պետք է պատասխաներ` ընդունո՞ւմ է այդ առաջարկները, թե՞ ոչ: Երբ Ադրբեջանն ասի` ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ` ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն»,- երեկ Սեւանում «Միասին» շարժման մասնակիցների եւ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այո, բանակցությունները շարունակվում են: Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ի՞նչ է ասում»,- ասել է նա` հիշեցնելով, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում: Սերժ Սարգսյանը հայտարարել է նաեւ, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է ցանկությունը իրականության տեղ ընդունել, «բայց դա պարապ զբաղմունք է, իսկ մենք չենք ուզում պարապ զբաղմունքով զբաղվել»: «Մնացածը, ինչ խոսում են այդ երկրի պաշտոնյաները` մեծ թե փոքր ցանկությունների ոլորտից է»,- ասել է նա: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացումից, դրանց վերաբերյալ ամենատարբեր տեղեկությունների հրապարակումից ու Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանն, ըստ էության, առաջին անգամ նշված խնդրի շուրջ հրապարակային տեսակետ է հայտնել: Ընդ որում, ընդամենը մեկ նախադասությամբ, կրկին առաջին անգամ, նա, փաստորեն, առանց փակագծերը բացելու, ակնարկել է ՀՀ դիրքորորշման փոփոխության մասին` «…եթե ոչ` ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն»: Այն դեպքում, երբ նախկինում Հայաստանի իշխանությունները նույնիսկ Ադրբեջանի ամենառազմատենչ հայտարարություններին պատասխանում էին խնդրի խաղաղ կարգավորման անփոխարինելիության մասին ստանդարտ ձեւակերպումներով: Նշանակո՞ւմ է արդյոք, որ նման հայտարարությամբ Ս. Սարգսյանը եւս հասկացնում է պատերազմի անխուսափելիության մասին, ցույց կտան առաջիկա զարգացումները: Բացառված չէ, իհարկե, որ այդ հայտարարությունը զուտ քարոզչական նպատակ է հետապնդում: Ամենատարօրինակը, սակայն, այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ այս օրերին ընթացող ակտիվ քննարկումների, հասարակության ամենատարբեր շերտերի կողմից հնչող մտահոգությունների պայմաններում Ս. Սարգսյանը նման հայտարարություն է անում ոչ թե, ասենք, նախկին ազատամարտիկների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ մտավորականների, այլ կարիերիստ ու սփյուռքահայ ջահելների հետ հանդիպման ժամանակ: Հետաքրքիր է, եթե, Աստված մի արասցե, իսկապես պատերազմը վերսկսվի, ապա այդ օսլայած օձիքներով պատեհապաշտնե՞րը, թե՞ հայրենիքի հաշվին ամառային հանգիստը Հայաստանում անցկացնող սփյուռքահայ պատանիներն են պաշտպանելու սահմանները: