Երեկ բավականին հետաքրքիր միջոցառում է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովում: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովն ու Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը «Եվրանեսթում» հայկական պատվիրակության հետ համատեղ աշխատանքային նիստ են գումարել: Հետաքրքիրն, իհարկե, այս հանձնաժողովների նիստերը չեն: Պարզ է, որ դրանք ինչ-որ նպատակի ուղղված խորհրդարանական կառույցներ են եւ պետք է աշխատեն, նիստեր գումարեն, աշխատանքային այցեր ունենան տարբեր միջազգային կառույցներ եւ այլն: Հետաքրքիրն այս դեպքում այն հանգամանքն է, որ այս հանձնաժողովներն իրենց նիստին մասնակցելու համար հրավիրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Վերջինս մասնակցել է նիստին: Ավելին, նախարարը «համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ»: «Արտաքին գործերի նախարարի եւ երկու պատվիրակությունների անդամների միջեւ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ՝ հնարավոր զարգացումների վերաբերյալ»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Առաջին հայացքից այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Նախարարը ՀՀ արտաքին քաղաքականության մասին տեղեկություններ է տվել խորհրդարանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող կառույցներին: Սակայն դժվար է հիշել նմանատիպ դեպք, երբ արտգործնախարարը գա խորհրդարան եւ հանձնաժողովներին հաշվետվություն ներկայացնի: Իհարկե, ԱԺ լիագումար նիստերի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ պատգամավորները հարցեր ուղղում են արտգործնախարարին, բայց որ հանձնաժողովների մակարդակով նրանից տեղեկություններ պահանջեն, սա արդեն որոշակիորեն զարմանալի երեւույթ է թվում: Որքան էլ որ այդ հանձնաժողովներն արտգործնախարարին հրավիրելու եւ նրանից տեղեկություններ ստանալու իրավունք ունենան, միեւնույն է, նման գործելակերպը գոնե մինչեւ այսօր բնորոշ չի եղել Հայաստանի ԱԺ-ի եւ կառավարության հարաբերություններին: Իհարկե, այս հանձնաժողովների նախագահներ Վահան Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը նույնպես տեղեկություններ են ներկայացրել իրենց վերջին այցերի վերաբերյալ, սակայն հետաքրքիր է նաեւ, որ միայն երեկվա հանդիպումը բավարար չի եղել հարցերի ամբողջ շրջանակը շոշափելու համար: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս մեկ անգամ հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական դիվանագիտության խնդիրները առավել ընդգրկուն քննարկելու համար»: Այս նիստերը գրավել են նաեւ քաղաքական ուժերի ուշադրությունը: Որոշ գործիչներ, օրինակ, նորմալ համարելով նման հանդիպումները` միաժամանակ նկատում են, թե այս հանձնաժողովները փոխանակ միջազգային կառույցներում իրենց գործը պատշաճ կատարեն, որ Հայաստանի դեմ վատ բանաձեւեր չընդունվեն, աշխատելու իմիտացիա են ստեղծում, նիստեր հրավիրում ու այդ նիստերին էլ հնչեղություն հաղորդելու նպատակով արտգործնախարարին են հրավիրում: Այս նիստի ու հրավերքի հետ կապված իշխանական կուլիսներում մեկ այլ տեսակետ էլ է շրջանառվում, եւ որոշ գործիչներ նկատում են, որ այս հրավերը հստակ միտում ունի: Նրանք նշում են, որ խորհրդարանական այդ կառույցներից` «Եվրանեսթում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ՀՅԴ-ի, իսկ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Ն.Զոհրաբյանը ԲՀԿ-ի անդամ է: Ներկայիս ներքաղաքական խմորումների համատեքստում կարծիք կա, որ խորհրդարանում այս երկու կուսակցությունները սատարում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թեեւ մեկը կոալիցիայի անդամ է, մյուսն իրեն ընդդիմություն է հռչակել: Իսկ Հ.Աբրահամյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ հաշտեցմանը միջամտել են նաեւ Ռուսաստանից: Եվ որքան էլ այդ ուղղությամբ հաշտեցման գործընթաց է ընթանում, որքան էլ առերեւույթ թվա, թե իշխանական վերնախավում հարաբերությունները կարգավորվում են, միեւնույն է, նկատելի է, որ այս երկու պաշտոնյաների հարաբերություններն այլեւս նախկինը չեն լինի: Դրա վերջին ապացույցն այն է, որ հաշտեցման գործընթացին զուգահեռ՝ Ս.Սարգսյանն Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանից հրաժարական պահանջեց եւ այդպիսով թուլացրեց Հ.Աբրահամյանի դիրքերն այդ մարզում: Եվ ընդհանրապես, արդեն խոսում են, որ Ս.Սարգսյանը նվազագույնի է հասցրել Հ.Աբրահամյանի ու Գ.Ծառուկյանի ազդեցությունը Հայաստանում: Ավելին, մեր տեղեկություններով՝ նա նույնիսկ հասկացնել է տվել, որ խորհրդարանի ղեկավարի գործունեության ոլորտը խորհրդարանն է ու խորհրդարանական գործունեությունը: Եվ հիմա Հ.Աբրահամյանն ու իր համակիր ուժերը փորձում են որոշակի ազդեցություն ունենալու եւ խաղի մեջ մնալու համար գոնե խորհրդարանական այս հանձնաժողովների հնարավորություններն օգտագործել: