Վերջին մոտ երկու ամիսներին ՀՀՇ-ում տեղի ունեցած զարգացումներն ու համագումարը շարունակում են մնալ Հայաստանի քաղաքական շրջանակների ու լրատվամիջոցների քննարկման հիմնական թեման:
Թվում էր, թե ներկառուցվածքային խմորումներ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսում չեն կարող տեղի ունենալ, որրովհետեւ այդ կառույցն իր բոլոր ուժերով միահամուռ է ընդհանուր գաղափարի շուրջ, սակայն պարզվում է, որ այստեղ էլ արշալույսներն այնքան խաղաղ չեն եղել: Եվ որքան էլ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է, թե ՀԱԿ-ն ու նրան մաս կազմող ուժերը կենդանի օրգանիզմ են, եւ նման փոփոխությունները նորմալ են, միեւնույն է, ՀՀՇ-ում տեղի ունեցած իշխանափոխությունն ու մյուս իրադարձությունները բնական զարգացման արդյունք չեն: Եվ որքան էլ ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը հայտարարի, թե իր կուսակցությունում քաղաքակիրթ իշխանափոխություն է եղել, թե ամենամեծ ցանկության դեպքում որեւէ խախտում հնարավոր չէր անել, միեւնույն է, այսօր դրան չեն հավատում ոչ միայն Ա.Մանուկյանն՝ ինքը, ու իր ցանկացած կուսակից, այլեւ քաղաքականությամբ հետաքրքրվող ցանկացած մարդ: Հակառակը, շատերն այսօր փորձում են հասկանալ, թե այդպիսով ինչ էր ուզում անել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀՀՇ-ում նաեւ զարմացած են, որ առաջին նախագահը ոչ միայն այդ համագումարի գրեթե ողջ ընթացքում մնաց Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող Կառավարության շենքում, այլ մնաց այնքան երկար, մինչեւ ընտրվեց կուսակցության նոր վարչությունը: Նա անգամ կեսգիշերին մոտ մասնակցել է ՀՀՇ նոր վարչության առաջին նիստին: ՀՀՇ-ականները չեն հիշում, որ նախկինում համագումարների ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթից հետո այդքան երկար մնար ու մասնակցեր բոլոր միջոցառումներին: Ուրեմն նա բավականին շահագրգռված է եղել այդ ընտրություններով ու որոշել է անձամբ հսկել ողջ ընթացքը: Վարչության այդ 31 հոգանոց կազմը նախապես է որոշված եղել, եւ շատերի կարծիքով՝ այնպիսի կազմ է ընտրվել, որի անդամները հիմնականում առանց քննարկելու կընդունեն Լ.Տեր-Պետրոսյանի կայացրած բոլոր որոշումները: Շատերը համոզված են նաեւ, որ այդպիսով ՀՀՇ-ում ոչնչացվեց այլակարծությունը: Եվ ընդհանրապես ՀՀՇ-ականներն արդեն խոսում են, որ իրենց կուսակցությունում նման վարչություն ու նախագահ ունենալու նպատակով էլ տեղի ունեցան այդ բոլոր փոփոխությունները: Երեկ Ա.Մանուկյանի հրավիրած ասուլիսին ներկա էր նաեւ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը, ով բազմաթիվ անգամ ընդմիջեց վերջինիս խոսքը, փորձեց ուղղորդել նրա պատասխանները, անձամբ պատասխանել լրագրողների հարցերին եւ այլն: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա պարզապես հսկում էր ասուլիսի ընթացքը:
Շատերի համար նաեւ անհասկանալի էր, թե ինչու այդ փոփոխություններն անելու համար չընտրվեց ավելի սահուն ճանապարհ, եւ ինչու դա անելու համար կուսակցության ամենանվիրյալ անդամների հասցեին այդպիսի մեղադրանքներ հնչեցրեցին: Ինչո՞ւ այդքան կոպիտ ճանապարհ ընտրվեց Խաչատուր Քոքոբելյանին ու Արարատ Զուրաբյանին կուսակցության ղեկավար պաշտոններից հեռացնելու համար: Ի դեպ, Խ.Քոքոբելյանը համագումարին ներկա չէր: Երեկ Ա.Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Քոքոբելյանը պատվիրակ չէր, դրա համար էլ չէր մասնակցում: Իսկ պատվիրակ չէր, որովհետեւ, Ա.Մանուկյանի խոսքով, Իջեւանի տարածքային կառույցը նրան մանդատ չէր տվել: Իհարկե, այդ «բացատրությունը», մեղմ ասած, թույլ է, քանի որ ՀՀՇ կանոնադրության համաձայն, մանդատներ տրամադրում է ոչ թե տարածքային կառույցը, այլ կուսակցության վարչությունը: Ավելին` նույնիսկ եթե շարժվենք Ա. Մանուկյանի տրամաբանությամբ, ապա նրա ասածն ավելի անհավանական է, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչպիսի հեղինակություն ունի Խ. Քոքոբելյանը ՀՀՇ Տավուշի տարածքային կազմակերպությունում, որը ղեկավարել է մինչեւ վերջերս, եւ ի դեպ, 2008 թվականի նախագահական ընտրություններում Տավուշը եղել է այն մարզերից մեկը, որտեղ հաղթել է Լ. Տեր-Պետրոսյանը: Ինչեւէ: ՀՀՇ-ականներն արդեն կանխատեսում են, որ տեղի ունեցած փոփոխությունները ոչ միայն ՀՀՇ-ի, այլեւ ՀԱԿ-ի ներսում կատարվող վերջին զարգացումները չեն լինի: Խոսում են, թե ՀԱԿ-ում ցանկություն է եղել որոշ փոփոխություններ իրականացնել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունում, սակայն Արամ Սարգսյանը կանխել է դրանք: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի մյուս առանցքային ուժին` Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ին, ապա այստեղ արդեն նույնիսկ չեն էլ կարողացել որեւէ միջամտություն փորձել: Իսկ ՀԱԿ-ի անդամ մյուս 15 կուսակցությունները դժվար թե որեւէ այլակարծություն ցուցաբերեն: Ահա թե ինչու այս պարագայում ՀՀՇ-ն դարձավ փորձությունների թիրախը: Բացի այդ, ՀՀՇ-ն էր ՀԱԿ-ի հիմնական ուժը, եւ ՀԱԿ-ին ձեռնտու էր այնտեղ ունենալ կառավարելի վարչություն:
Սակայն տեղի ունեցածը վերջնական չի կարելի համարել, որովհետեւ կուսակցության ներսում եղած դժգոհությունը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Ինչ-որ առումով դա արդեն տեղի է ունեցել նախ Կարապետ Ռուբինյանի հրաժարականով: Դա բոլորի համար անսպասելի է եղել: Երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ Ա.Մանուկյանը հարց հնչեցրեց, թե «վարչության անդամ ընտրվելու դեպքում արդյո՞ք Կ.Ռուբինյանը նորից հրաժարական կտար»: Այսպիսով տպավորություն է ստեղծվում, որ Կ.Ռուբինյանը հրաժարական տվեց, որովհետեւ «նեղացած» էր։ Կ. Ռուբինյանի հրաժարականին հետեւեց նաեւ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը: Չի բացառվում, որ այս հրաժարականները ՀՀՇ-ում ու ՀԱԿ-ում անվերահսկելի զարգացումների սկիզբը դառնան: Արդեն ակնհայտ է, որ ՀԱԿ-ից դժգոհ է նաեւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ ու նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ու դժգոհությունները գնալով կարող են ալիքի վերածվել:
Ու այս բոլոր գործողություններով Տեր-Պետրոսյանը որեւէ հարցի պատասխանելու փոխարեն առաջադրեց բազմաթիվ հարցականներ, եւ հիմա հավանաբար հեռվից հետեւում է դրա արձագանքներին: Տեր-Պետրոսյանի առաջադրած հարցականները շատ էին նաեւ ԼՂՀ հարցի վերաբերյալ: Բավական կտրուկ էր նրա այն հայտարարությունը, թե ԼՂՀ հակամարտության լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Սա կարծես թե կտրուկ կողմնորոշում էր դեպի Ռուսաստան: Այս կողմնորոշումն ավելի ակնհայտ է դառնում, երբ կարդում ենք ՀՀՇ համագումարում ընդունված բանաձեւը: «Վարչախումբը, ՀՀ ազգային շահերի ոտնահարմամբ ու վաճառքով, գործարքի գնալով Արեւմտյան որոշ տերությունների հետ ու վայելելով նրանց հովանավորությունը, գործի դրեց օրինախախտումների, բռնությունների, ընտրակեղծիքների իր ողջ զինանոցը եւ հիմնովին կեղծեց ընտրությունների արդյունքները»,- նշված է բանաձեւում:
Այսպիսով Լ.Տեր-Պետրոսյանը կարծես թե խաչ քաշեց Արեւմուտքի վրա ու շրջվեց դեպի Ռուսաստան: Սակայն հիշենք, որ 2008-ի ընտրությունների արդյունքներն ընդունեցին ոչ միայն եվրոպական, այլ նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելությունները: Ավելին, ընտրությունների անմիջապես հաջորդ օրը Սերժ Սարգսյանին առաջինը շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այնպես որ, կեղծված ընտրությունների ու հետընտրական զարգացումների մեջ Արեւմուտքից ոչ պակաս ներդրում ունի նաեւ Ռուսաստանը, ում գիրկն այդքան ինքնամոռաց այսօր նետվում է ՀԱԿ-ը: