Ծաղկամանս ո՞ւմ նվիրեմ

22/07/2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն որոշել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դստեր` Չելսի Քլինթոնի ամուսնության կապակցությամբ ծաղկաման նվիրել նրան: Թուրքական «Milliyet» օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է, որ Դավութօղլուն իր հետ Քաբուլ է տարել ծաղկամանը, որը, սակայն, առձեռն չի հանձնել Քլինթոնին, այլ փոխանցել է Քաբուլում ԱՄՆ դիվանագիտական առաքելությանը, որն էլ նվերը կհասցնի ԱՄՆ պետքարտուղարին: Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Աֆղանստանի մայրաքաղաք է մեկնել Քաբուլում մեկնարկած` Աֆղանստանի հարցերով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Ըստ «Milliyet»-ի, Քաբուլի համաժողովի շրջանակում Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Հունաստանի փոխարտգործնախարար Դիմիտրիս Դրուչասի եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելէդդին Իհսանօղլուի հետ: