Հին «կեղտերը»

22/07/2010

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, պատասխանելու է ԱՄՆ Սենատի հանձնաժողովի հարցերին: Ամերիկայում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը հարց է բարձրացնում` արդյո՞ք կոնգրեսականները կհարցաքննեն Բրայզային 1997թ. օգոստոսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետեւանքով տուժած կինը մինչեւ հիմա կոմայի մեջ է: Թերթը հիշեցնում է, որ Բրայզայի մեքենան վրաերթի էր ենթարկել կնոջը, որից հետո վերջինը գլխի ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այն ժամանակ այս միջադեպի մասին գրել էին ամերիկյան բոլոր լրատվամիջոցները: Վաշինգտոնը հետ էր կանչել Բրայզային, որը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հատուկ օգնականն էր, եւ ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ: Պետքարտուղարությունն այս որոշումը բացատրել էր փաստով, որ «կատարվածի պատճառով Բրայզան այլեւս չի կարող արդյունավետ աշխատել Մոսկվայում»: «Ասպարեզը» նաեւ հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարիներին Բրայզան սերտ կապեր էր հաստատել Բաքվի քաղաքական էլիտայի հետ: Ադրբեջանական թերթերից մեկն այն ժամանակ գրել էր, որ ադրբեջանցի նախարարներից մեկն է վճարել Բրայզայի եւ թուրք գիտնական Զեյնո Բարանի հարսանիքի ծախսերը: Դրանից հետո թերթի խմբագրին ու լրագրողին դատապարտել էին ազատազրկման: