Մահացել է «հայրական ապտակի՞ց»

22/07/2010

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում Խալաֆյանի գործով դատավարությունը երեկ շարունակվել է բավականին լարված մթնոլորտում:

Ըստ «Ա1+»-ի` Ոստիկանության Չարենցավանի պրոֆիլակտիկայի բաժնի պետ Կամո Միրումյանի ասելով` ապրիլի 13-ին Ոստիկանության բաժնից մահացած դուրս բերված 24-ամյա Վահան Խալաֆյանն ընդամենը մի հայրական ապտակ է ստացել: Գործով ցուցմունք տվող վկաներից որեւէ մեկը երեկ այդպես էլ չի կարողացել ասել, թե ինչ հիմքով են Խալաֆյանին Ոստիկանություն հրավիրել: Իսկ դանակը, որով Խալաֆյանը իբր ինքնասպան է եղել, ըստ Կամո Միրումյանի, հացի դանակ է եղել, որը ոստիկաններն ամեն օր օգտագործել են ճաշելիս: Ըստ պաշտոնական վարկածի` Խալաֆյանը Ոստիկանություն բերման է ենթարկվել գողության կասկածանքով: Խալաֆյանի սպանության գործով որպես ամբաստանյալ անցնում են 4 ոստիկան` Աշոտ Հարությունյանը, Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը: Վերջիններից կալանավորված է միայն Աշոտ Հարությունյանը, մյուս երեքը ազատության մեջ են: Սպանվածի եւ ամբաստանյալ ոստիկանների հարազատներն այսօր անընդհատ վիրավորում էին միմյանց: Դատավոր Մեսրոպ Մակյանը պարբերաբար կարգի էր հրավիրում դատարանի դահլիճում ներկա գտնվողներին` զգուշացնելով, որ ստիպված կլինի նիստը դռնփակ անցկացնել` կողմերի անվտանգությունն ապահովելու համար: Երեկվա դատական նիստում, ըստ «Ա1+»-ի` ագրեսիվ էր նաեւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը. նա փորձում էր ճնշում գործադրել վկաների վրա` ընդհատելով նրանց: Հարությունյանին չի հաջողվել լռեցնել գործով վկա, Ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժնի պետ Կամո Միրումյանին: Դատարանում Միրումյանը հայտարարեց, որ դեպքի օրը Ոստիկանության օպեր-լիազորները շատ ակտիվ էին, անընդհատ գնում-գալիս էին, սակայն այդպես էլ չհիշեց, թե օպեր-լիազորներից ով ինչ էր անում: Միրումյանը միայն հստակ հիշում էր, որ ապրիլի 13-ին իր աշխատասենյակի բանալին հանձնել է ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին: Իսկ Վահան Խալաֆյանին խոշտանգումների են ենթարկել հենց Միրումյանի աշխատասենյակում: Միրումյանի այս ցուցմունքը նյարդայնացրեց ամբաստանյալ Հարությունյանին: «Եթե ասում ես, որ քո սենյակի դուռը բաց է եղել, լոգիկան ո՞րն է, որ ես քեզանից բանալի եմ վերցրել»,- ասել է Հարությունյանը: Միրումյանի ցուցմունքներից ուշագրավ էր նաեւ այն, որ ապրիլի 13-ի առավոտյան, նախքան Վահան Խալաֆյանին Ոստիկանություն բերման ենթարկելը, Միրումյանն իր բաժնի աշխատակիցներին հանձնարարել է բոլոր հարցերում կատարել Աշոտ Հարությունյանի հրահանգները: Հարությունյանին զայրացրեց այն հանգամանքը, որ Միրումյանը տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը գցում է իր վրա: «Առանց վերադասի հանձնարարության՝ մենք կարայի՞նք մարդ բերման ենթարկել»,- Միրումյանին հարցրել է ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը, սակայն դատավորը թույլ չի տվել, որպեսզի հարցի պատասխանը հնչի: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին: