Նախօրեին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության հարցը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դեմոկրատ սենատոր Ջոն Քերիի նախագահությամբ կայացած նիստում սենատորները Ռիկարդոնեին են ուղղել Հայոց ցեղասպանությանը, կիպրական հիմնախնդրին, Թուրքիայի հունաց պատրիարքարանին, թուրք-ամերիկյան, թուրք-իսրայելական, թուրք-իրանական հարաբերություններին եւ Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) առնչվող հարցեր: Հայտարարելով, որ ինքն անելու է հնարավորը թուրք-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու համար, Ռիկարդոնեն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի համագործակցության ոլորտներից է PKK-ի դեմ պայքարը: Իսկ երբ հայամետ եւ հունամետ հայացքներով հայտնի ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը փորձել է պարզել ամերիկացի դիվանագետի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման առնչությամբ, Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել է, որ դիվանագետներն անձնական քաղաքականություն չունեն, եւ որ Հայոց ցեղասպանության հարցում ինքը շարունակելու է պաշտպանել ամերիկյան վարչակազմի որդեգրած քաղաքականությունը: Ռիկարդոնեն պատասխանել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցին` ասելով. «Տարածաշրջանային ինտեգրումը ԱՄՆ առաջնահերթություններից է: Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը կամրապնդի կայունությունն ու բարեկեցությունը ողջ տարածաշրջանում»: Նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հորդորել Թուրքիային վավերացնել Արձանագրությունները եւ աջակցելու է բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են թուրքերի եւ հայերի միջեւ փոխըմբռնման կառուցմանը: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է նաեւ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիի թեկնածության հարցը:
Հիշեցնենք, որ նախքան Ռիկարդոնեի թեկնածության քննարկումը Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն էր տարածել, որում ամերիկացի դիվանագետին կոչ էր անում հորդորել Թուրքիային «վերջ դնել մերժողական քաղաքականությանը եւ հաշտվել Ցեղասպանության իր ժառանգության հետ»: