Բելառուսական մամուլում վերջին շրջանում նյութեր են հրապարակվում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ: Ըստ փորձագետների, համապատասխան «կոմպրոմատները» մամուլին Ալեքսանդր Լուկաշենկոյի հրահանգով տրամադրել է Բելառուսի նախագահի աշխատակազմը: Լուկաշենկոն իր թիվ մեկ թշնամին համարում է Պուտինին: Պատահական չէ, որ Բելառուսի կառավարության պաշտոնաթերթը` «Ռեսպուբլիկան», նախօրեին հրապարակել է ՌԴ կառավարության` Ելցինի օրոք՝ փոխվարչապետ, ներկայում՝ ընդդիմադիր Բորիս Նեմցովի «Պուտին. 10 տարվա ամփոփում» գրքից հատվածներ, լրագրողի սուր մեկնաբանություններով: Ռուս-բելառուսական տեղեկատվական պատերազմը սկսվել է այս տարվա հունիսին, այն բանից հետո, երբ Ռուսաստանի ու Բելառուսի միջեւ սրվեցին խնդիրները մաքսային միության ու գազի գների շուրջ: