Մերժել են

22/07/2010

Թուրքական դատարանը չի բավարարել «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից «Սարը Գելին. Հայկական հարցի իրական դեմքը» վերնագրով ֆիլմի ցուցադրությունը երկրի դպրոցներում դադարեցնելու պահանջով ներկայացված հայցը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, «Հրանտ Դինք» հիմնադրամը հայց էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի Կրթության նախարարության` ֆիլմը նախակրթական հաստատություններում ցուցադրելու համար: Հիմնադրամի հայցում նշվում էր, որ ֆիլմի ցուցադրումը հակասում է ժողովրդավարական մշակույթի եւ հանդուրժողականության ձեւավորմանը, ինչը կրթության նպատակներից է, եւ բացասաբար է ազդում աշակերտների հոգեկան աշխարհի վրա: Ստամբուլի դատարանի որոշման մեջ նշվում է, որ «ֆիլմը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ»: Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթհիյե Չեթինը, նշելով, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը, հայտարարել է. «Այդ փաստագրական ֆիլմն արտացոլում է միակողմանի տեսակետ: Եթե այն ցուցադրվում է մեծահասակներին, նրանք կարող են քննարկել ֆիլմի բովանդակությունը: Մինչդեռ ֆիլմը ցուցադրվում է նախակրթական հաստատություններում սովորող աշակերտներին, որոնք այն տարիքում չեն, որ կարողանան դատողություններ անել: Այդ ֆիլմում այնպիսի տեսարաններ կան, որ… գանգեր, կտրված գլուխներ, դիակներ… Իսկ այդ ամենը բացասաբար է ազդում այդ տարիքի երեխաների եւ նրանց հետագա զարգացման վրա»:

Չեթինը հայտարարել է նաեւ, որ այդ ֆիլմը թշնամանք է սերմանում ազգային փոքրամասնությունների եւ հատկապես հայերի նկատմամբ: «Սարը Գելին. Հայկական հարցի իրական դեմքը» փաստագրական ֆիլմը պատրաստվել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ պատվերով: Այն արտացոլում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի ժխտողական քաղաքականությունը եւ ժամանակ առ ժամանակ ցուցադրվում Թուրքիայի բոլոր դպրոցներում: Նշենք, որ ֆիլմի ցուցադրության համար Թուրքիայի կրթության նախարարության դեմ 2009թ. հայց էր ներկայացրել նաեւ մասնագիտությամբ բժիշկ թուրք Սերդար Քայան: Քայան իր բողոքը հիմնավորում էր փաստով, որ դպրոցում ֆիլմի ցուցադրումը բացասական ազդեցություն է թողել իր 11-ամյա դստեր հոգեկան աշխարհի վրա` բորբոքելով «ատելության եւ թշնամանքի» զգացումներ: Քայան պահանջում էր նաեւ պատասխանատվության ենթարկել դպրոցի ուսուցիչներին: Այն ժամանակ Թուրքիայի կրթության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` Թուրքիայի դպրոցներում ֆիլմի ցուցադրումը դադարեցվում է: Հայտարարության մեջ նշվում էր, որ ֆիլմը նախատեսված է եղել ոչ թե աշակերտների, այլ պատմության ուսուցիչների համար: Սակայն շաբաթներ անց Թուրքիայի կրթության նախարարությունը դպրոցներին ուղարկել էր ֆիլմը եւ հրահանգել այն ցուցադրել աշակերտներին, այնուհետեւ ներկայացնել համապատասխան զեկույց: Ֆիլմի ցուցադրման դեմ իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաեւ Թուրքիայի հայ համայնքը եւ նամակով դիմել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: