Հիմա տնտեսական ամենահետաքրքիր թեման սպառողական գները չեն: Գյուղմթերքների աննախադեպ բարձր գների հետ արդեն համակերպվել ենք: Համակերպվել ենք նաեւ այդ առիթով տրվող պաշտոնական «ամբաղ-զամբաղ» բացատրությունների հետ: Ուստի ամենահետաքրքիր թեման կենսաթոշակն է: Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ վավերացրել է կենսաթոշակների ու նպաստների ոլորտում կառավարության ներկայացրած բարեփոխումների օրենքի նախագիծը: Այս թեմայի մասին անգամ որոշ կուսակցություններ են հայտարարություններ արել: Ընդդիմությունն էլ հայտարարել է, որ առաջիկայում կենսաթոշակների մասին իրենց ծրագիրն են հրապարակելու: Կառավարության առաջարկած մոդելն այս ոլորտն արմատական փոփոխությունների է ենթարկելու: Ամենահետաքրքիրն ու, բնականաբար, վիճահարույցը կենսաթոշակային մասնավոր հիմնադրամներն են: Ըստ պաշտոնական հաշվարկների՝ այդ հիմնադրամներում կուտակվելու է 800 մլն դոլարին համարժեք գումար: Այս գումարի կեսը պետական հատկացումներով է գոյանալու: Այսինքն` մասնավոր հիմնադրամներին պետական փողեր են տրամադրվելու: Արդեն ահագին հետաքրքիր է: Ու նույնքան անհասկանալի: Հատկապես, եթե դիտարկենք այն փաստը, որ հիմնադրամներին օրենքի ուժով պարտադրվելու է ներգրավված գումարի 50 տոկոսը պահել արտասահմանում՝ արժեթղթերի տեսքով: «Ինչո՞ւ արտասահմանում» հարցը հնարավոր պատասխան ունի: Կարելի է ենթադրել, որ հարազատ կառավարությունը չի վստահում ազգային վճարամիջոցին եւ հայրենի տնտեսության կենսունակությանը: Նման վերաբերմունքը գուցեեւ գոյության իրավունք ունի: Բայց ընդունեք` ոչ կառավարության ծրագրային քաղաքականության մակարդակում: Ով՝ ով, բայց կառավարությունը պարտավոր է հավատալ իր հմուտ ղեկավարության տակ ծլող-ծաղկող հայրենի տնտեսության պայծառ ապագային: Ի վերջո, վերջին տարիների տնտեսական նահանջից հետո երկնիշ տնտեսական աճը նորից հուրհրատում է մեր դեմ գալիքնափայլ: Հուրհրատում է` ըստ Ազգային վիճակագրության ամփոփագրերի: Այսինքն՝ «Ինչո՞ւ արտասահմանում» հարցը նույնքան պարադոքսալ պատասխան ունի, որքան «Ինչո՞ւ կենսաթոշակային ֆինանսները ներդնել արժեթղթերի մեջ» հարցը: Երկու-երեք տարի առաջ այս հարցը միայն մասնագետներին կարող էր հետաքրքրել: Հիմա պատկերն այլ է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո բոլորը հասկացան, որ այն արտահայտվում է առաջին հերթին հենց արժեթղթերի գնանկմամբ: Ուստի արդեն պարզ կարելի է դիտարկել երեք հնարավոր տարբերակ: Պատկերացրեք` որեւէ հիմնադրամ կատարելով օրենքի պահանջը՝ իր տնօրինության տակ ունեցած դրամական միջոցները վերածել է տարադրամի, տեղափոխել արտասահման ու արժեթղթեր գնել: Մեկ տարի հետո վաճառել է դրանք ու 5-7 տոկոս եկամուտ ստացել: Բայց Հայաստանն անկախ պետություն է: Սեփական գերբով, դրոշով ու վճարամիջոցով: Վերջին տարիների դառը փորձը ցույց է տալիս, որ մեր պետական վճարամիջոց ազգային դրամը արժեւորվելու սովորություն ունի: Ենթադրենք, որ այդ մի տարվա մեջ դրամն արժեւորվել է 8-10 տոկոսով: Այս դեպքում ակնհայտ է, որ կենսաթոշակային հիմնադրամը չնայած տարադրամով շահել է, բայց դրամով կորցրել է: Ո՞վ է փոխհատուցելու: Իհարկե, հարազատ պետբյուջեն: Որովհետեւ այս պարագայի համար կառավարությունն առաջարկում է պատասխանատվությունը դնել հենց պետբյուջեի վրա: Բայց բացի արժեւորումից, մեր ազգային դրամը մի գիշերում 20 տոկոս արժեզրկվելու նախադեպ (իմա` սովորություն) էլ ունի: Այս դեպքում հիմնադրամը գերշահույթ կապահովի իր մասնավոր սեփականատերերին: Այսինքն` կենսաթոշակային նոր օրենսդրությունը հենց ուժի մեջ մտնելու պահից սկսած նույնքան նոր սպեկուլյանտներ կներքաշի մեր ֆինանսական շուկա: Նոր ու ազդեցիկ սպեկուլյանտներ: (Որքան հիշում եմ՝ 2009-ի մարտին դրամի 20 տոկոսանոց արժեզրկումը մեր ԿԲ-ն հենց ֆինանսական սպեկուլյանտների գործողությունների արդյունք որակեց): Տրամաբանական երրորդ դեպքը պակաս դրամատիկ է բացատրություններ գտնելու իմաստով: Պատկերացրեք՝ մասնավոր հիմնադրամը ուսումնասիրելով շուկան՝ գնել է հանրահայտ BP-ի օրեցօր թանկացող արժեթղթեր, ու հանկարծ հերթական ծովածոցում նավթի հերթական արտահոսքն է սկսվել: BP-ի արժեթղթերի գինը, բնականաբար, ընկնում է: Շղթայաբար վնասներ է կրում նաեւ մասնավոր հիմնադրամը: Բայց պետությունը պարտավոր է թոշակ բաժանել: Ուստի նորից վնասների հատուցումը դրվում է քավության նոխազ դարձած բյուջեի վրա: Այսինքն` հնարավոր բոլոր դիտարկումներում վնասների փոխհատուցողը պետական բյուջեն է: Իսկ շահույթի դեպքում առյուծի բաժինը մնալու է կենսաթոշակային մասնավոր հիմնադրամի հիմնադիրներին: Առայժմ հայտնի է, թե ովքեր են այս բարեփոխումների հեղինակները: Հայտնի են հականե հանվանե: Փոխարենն անհայտ են շահողների անունները: Բայց ժամանակի իմաստով բան չմնաց: Հենց այս օրենսդրությունը մտնի ուժի մեջ, հասարակությունը կիմանա բարեփոխումների պատվիրատուներին: Կիմանա` հականե հանվանե: