Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգված բնակչուհի Դոնարա Մկրտչյանը հայտարարում է, որ ազգագրագետ (նախկինում՝ ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ) Հրանուշ Խառատյանն անօրինական, գաղտնի ճանապարհով, խաբեությամբ ձեռք է բերել 10 տարի շարունակ իր ընտանիքի կողմից տիրապետվող անշարժ գույքը, ինչի պատճառով ինքը ենթարկվել է բռնությունների եւ հայտնվել դատական քաշքշուկի մեջ: Բանն այն է, որ Դ. Մկրտչյանն ամուսնու եւ երեխաների հետ, բնակարան չունենալու պատճառով, 1988թ.-ից բնակվում է Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 25 շենքի հարեւանությամբ գտնվող նախկին «Լոռի» կոոպերատիվի հացի արտադրամասի շինությունում:
«Մենք` ես, ամուսինս, մայրս, տարիներ շարունակ աշխատել ենք այդ փռում: Փռի տերը` Աշոտ Աբրահամյանը, մեզ, որպես բազմանդամ, անտուն ընտանիքի, թույլ էր տվել այնտեղ ապրել այնքան ժամանակ, որքան ցանկանանք: 1996թ.-ին ինչ-ինչ հանգամանքներում նրան դատապարտեցին, եւ պարզվեց, որ այդ հացի փուռը սեփականացրած չէ, ինքնակամ շինություն է»,- մեզ հետ զրույցում պատմում է Դ. Մկրտչյանն` ավելացնելով, որ հետագայում ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցները շինությունը փաստաթղթերով ի պահ են հանձնել իրենց: 2003թ., սակայն, կրկին հայտնվել են ԴԱՀԿ աշխատակիցները եւ այս անգամ միանշանակ պահանջել են ազատել տարածքը` ասելով, որ այն վաճառվել է: Հակառակ դեպքում, սպառնացել են նրանց դուրս հրավիրել բռնի ուժով: «Մեզ ուղղակի ցնցեց էն հանգամանքը, որ մենք տանը նստած` հանկարծ պարզվում է, որ տարածքն արդեն վաճառված է: Բանից անտեղյակ, անտուն, հիվանդ-հաշմանդամ երեխաս էլ մեզ հետ՝ անորոշության մեջ հայտնվեց»,- ասում է Դ. Մկրտչյանը` վստահեցնելով, որ ՀՀ կառավարության այն ժամանակվա ղեկավարների հովանավորությամբ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը որոշել է «ջրի գնով», գաղտնի ճանապարհով ինքն իրեն նվեր մատուցել:
Պարզվել է, որ 306քմ կազմող այդ տարածքը, երկհարկանի շինությամբ հանդերձ, Հ. Խառատյանն աճուրդով գնել է ընդամենը մոտ 1,5 միլիոն դրամով: Դ. Մկրտչյանը վստահեցնում է, որ թեեւ պաշտոնական մարմինները պնդում են, որ բաց աճուրդ է եղել, այդուհանդերձ, իր խոսքով` այն վաճառվել է ստվերային ճանապարհով, քանի որ աճուրդի մասին հայտարարություն կամ տեղեկատվություն գոյություն չի ունեցել. «Եթե աճուրդ է եղել, ուրեմն` մենք էլ պիտի իմանայինք, որովհետեւ 10 տարուց ավելի բարեխղճորեն տիրապետել ենք այդ գույքին: Բաց սակարկություն պիտի լիներ, պիտի հայտեր ներկայացնողներ լինեին, հայտարարություն պիտի տեղադրվեր, բայց ոչ մի նման բան չի եղել: Վաճառվել է գաղտնի ճանապարհով, պաշտոնական դիրքի չարաշահումով, էդ կապերն օգտագործելու միջոցով: Էլ չեմ ասում, որ տարիներ շարունակ այդ շինության մեջ ապրելով՝ դրա նկատմամբ ամենամեծ եւ առաջնային իրավունքը մենք ունեինք, նախապատվության իրավունքը մերն էր»:Ի դեպ, դեռեւս 1996թ. այդ անշարժ գույքը գնահատվել է 6մլն դրամ, սակայն 2003թ.-ին Հ. Խառատյանն այն գնել է ընդամենը 1,5 միլիոն դրամով:
Տարածքն ազատելու ԴԱՀԿ-ի պահանջին չենթարկվելուց հետո Դ. Մկրտչյանի ընտանիքը ենթարկվել է զարհուրելի բռնությունների, ինչից հետո գլխուղեղի ախտահարումով հիվանդ նրա որդին կորցրել է տեսողությունն, իսկ երիտասարդ աղջիկը հայտնվել է հիվանդանոցում: Բոլոր բողոք-դիմումներին ի պատասխան՝ Դ. Մկրտչյանին պատասխանել են` «Դե՛, գիտե՞ս ինչ, վերեւներից հրահանգ կա»: Ինչեւէ, Հրանուշ Խառատյանը Դոնարա Մկրտչյանի ընտանիքին այդ տարածքից վտարելու պահանջով դիմել է դատարան, որը բավարարվել է անհասկանալի պայմանով` Դ. Մկրտչյանին եւ ամուսնուն վտարելու պահանջով, իսկ երեխաների վերաբերյալ որոշում չի եղել: Մինչդեռ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել Դ. Մկրտչյանի` նոր երեւան եկած հանգամանքներով դատարան դիմելու պատրվակով: «2005թ. հոկտեմբերի 20-ին վտարելու փաստաթղթով ամսի 19-ին գալիս են ինձ վտարելու, այն դեպքում, որ հետագայում այդ որոշումը դատարանի կողմից կասեցվեց: Հարբած բանվորներով, թվով 20 ոստիկաններով, Հրանուշ Խառատյանի եղբոր ու նրա մարդկանց հետ եկան ու սկսեցին ծեծ ու ջարդը: Ոսկեղենս գողացան, որի համար Ոստիկանությունում հայտարարություն եմ տվել»,- պատմում է Դ. Մկրտչյանն, ով, այդուհանդերձ, տարածքը չի լքել: Հ. Խառատյանը հասկանալով, որ որպես պաշտոնյա վարկաբեկվում է, եւ անունը շատ է շահարկվում, դիմել է բավական խորամանկ քայլի: Նա շատ արագ կերպով ձեռք բերած անշարժ գույքն ու հողատարածքը անվանափոխել, այնուհետեւ վաճառել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մելանյա Ղազարյան-Հարությունյանին եւ Նիկոլայ Առաքելյանին: Վերջինս Հ. Խառատյանի հարազատ եղբայրն է, ով ԴԱՀԿ ծառայության հետ մասնակցել է Դ. Մկրտչյանին վտարելու գործողություններին: «Տան պատուհաններին Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառներն էի փակցրել: Ասում էր` էս տականքի նկարները հանի: Ինչքան հարբած ու գող կար՝ բերել-լցրել էր մեր բակ: Երեխեքիս գցեցին հիվանդանոցի դռները: Իրանի քաղաքացին էլ ծաղրում, լեզու էր հանում, կապիկություն էր անում: Փաստորեն, օտարը եկել ՀՀ քաղաքացու վրա խնդում է, որովհետեւ ինքն ավելի շատ իրավունք ունի, քան էս երկրում ապրողը»: ՀՀ Գլխավոր դատախազությունն արձագանքել է Դ. Մկրտչյանի` ՀՀ նախագահին ուղարկած եւ իրենց վերահասցեագրված բողոքին, հետեւաբար հարկադիր կատարողի նկատմամբ` պաշտոնական դիրքի չարաշահում հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացրել, ինչը, սակայն, հետագայում Հատուկ քննչական ծառայությունում կարճվել է: Մեր ձեռքի տակ է Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա. Հովհաննիսյանի քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին որոշումը: Չնայած հասկանալի պատճառներով այն հետագայում կարճվել է, այդուհանդերձ բովանդակությունը հետաքրքիր է, եւ ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «ԴԱՀԿ ծառայության Ավան եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող` Մանվել Ավագյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքը հակառակ ծառայության շահերի օգտագործելու հետեւանքով, 2003թ. հունվարի 14-ին, Նոր Նորքի 6-րդ զ-ծ թիվ 25 շենքի հարեւանությամբ գտնվող շինությունն աճուրդով վաճառել է եւ աճուրդում հաղթող ճանաչելով քաղաքացուհի Հրանուշ Խառատյանին, 2003թ. հունվարի 16-ին նրա հետ նոտարական վավերացմամբ կնքել է 144քմ տարածքի առուվաճառքի պայմանագիր` 1.422608 դրամ գումարի չափով, որը պետական գրանցում չստանալով, Մ. Ավագյանը երկրորդ անգամ` 15.05.2003թ., հիմքում դնելով 14.01.2003թ. կայացած աճուրդը, նորից պայմանագիր է կնքել Հ. Խառատյանի հետ` նույն պայմաններով: Երկրորդ պայմանագիրը նույնպես պետական գրանցում չի ստացել, որից հետո Մ. Ավագյանը 2003թ. սեպտեմբերի 2-ին, դարձյալ հիմք ընդունելով 14.01.2003թ. կայացրած աճուրդը, Հ. Խառատյանի հետ կնքել է երրորդ պայմանագիրը, արդեն 336.4քմ տարածքի նկատմամբ նույն` 1.422.608 դրամ արժեքով, անձանց եւ պետական շահերին պատճառելով էական վնաս»:
«Հետագայում Հրանուշ Խառատյանը հասկանալով, որ ես չեմ դադարում բողոքել ՀՀ նախագահին, ՀՀ Գլխավոր դատախազին եւ այլոց, որոշում է որպես համասեփականատեր հանդիսացող եղբոր անունն էլ մաքրելու համար նրա բաժնեմասը վաճառել Իրանի քաղաքացի Մելանյա Ղազարյան-Հարությունյանին: Այսինքն` հասկանում է, որ իր արած կեղտոտ գործի մասին աղմուկը կանխելու համար պետք է անունը մաքրի: Հրանուշ Խառատյանը, բացի շինությունից, հողը վարձակալել էր 15 տարի ժամկետով, մինդեռ ներկայումս հողը սեփականաշնորհված է Մելանյայի անունով»,- ասում է Դ. Մկրտչյանը:
2008թ. Մելանյա Ղազարյան-Հարությունյանը Դ. Մկրտչյանի ընտանիքին` իրեն պատկանող տարածքից վտարելու պահանջով դիմել է Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: «Էնքան արագացված դատական նիստ արեցին, որ նույնիսկ նյութերի հետ չկարողացանք ծանոթանալ: Հակընդդեմ հայցն էլ չընդունեցին: Մի խոսքով, դատարանը նրա հայցը բավարարեց: ՀՀ Վերաքննիչը նույնպես, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը վճիռը բեկանեց եւ մեր օգտին որոշում կայացրեց»,- պատմում է Դ. Մկրտչյանը: ՀՀ Վճռաբեկ դատարանն այս գործը կրկին ուղարկել է Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: «Դատարանում գործը դատավոր Գայանե Մազմանյանի վարույթում էր. հենց նրա հայրը` այն ժամանակվա նոտար Հայկազ Մազմանյանն էր այդ կեղծիքները կատարել: Իմանալով, որ Հ. Մազմանյանը նրա հայրն է` անմիջապես բացարկ հայտնեցի, բոլոր գրություններով հիմնավորեցի Հ. Մազմանյանի այս գործի հետ առնչությունն ու անօրինական գործունեությունը, եւ անմիջապես բացարկն ընդունվեց, որովհետեւ դատավորն ինքն էլ հասկանում էր, որ հոր արածները պաշտպանելու համար վատ վիճակում է հայտնվելու»: Գործը քննող նոր դատավոր Արշակ Պետրոսյանն, արդեն տեւական ժամանակ է, անհիմն կերպով ձգձգում է գործի քննությունը: Դ. Մկրտչյանը վստահեցնում է, որ այսքան տարի դատարաններում քաշքշուկի մեջ հայտնվելուց հետո էլ չի կարողանում ապացուցել իր իրավունքն ու կատարված կեղծիքը: Այս գործով դատական նիստը կայանալու է օգոստոսի 3-ին: Հուսանք, որ դատավարությունը հետաձգելու պատրվակ դատավորը չի գտնի: Իսկ մենք կհետեւենք ընթացքին: