«ԿՈՒԲ». հեռուստատեսային նոր տարածություն

09/10/2005 Կ. ՈՍԿԱՆՅԱՆ

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ «5-րդ ալիքով» ամեն օր հինգ անգամ մեկական
ժամ եթերում է «Կուբ» հեռուստատեսային նոր խաղը։ Առայժմ հայտնի են միայն
խաղացողները, բայց ոչ՝ խաղի բուն կանոնները։ «Կուբը» հեռուստատեսային
«Իրական շոուի» ժանրի նախագծերից է։ «Իրական շոուի» ժանրը առաջին անգամ
հեռուստատեսություն մուտք է գործել Գերմանիայում։ Պրոդյուսերների մի
խումբ, որ արդեն ստացել էր ֆինանսավորում եւ հաստատել հերթական
հեռուստատեսային սերիալի նախագիծ, հանկարծ փլուզվեց։ Անհամաձայնությունը
սցենարիստների եւ նկարահանող անձնակազմի միջեւ բերեց նրան, որ գրեթե ամեն
ինչ պատրաստ էր հերթական հեռուստատեսային սերիալը նկարահանելու համար,
սակայն չկար սցենար։ Եվ այդ ժամանակ էր, որ մի խումբ պրոդյուսերների
կողմից մտածվեց նոր տեսակի սերիալի՝ «իրական» սերիալի գաղափարը։ Այն շատ
պարզ էր. նախապատրաստվում է մի տարածություն, որտեղ կան բոլոր
հարմարությունները մեկ ամիս ապրելու համար։ Խաղին ընտրության կարգով
մասնակցում են անձինք, ովքեր համաձայն են մեկ ամիս շարունակ ապրել տվյալ
փակ տարածության մեջ։ Մեկ ամսվա ընթացքում, որքան էլ որ մասնակիցները
փորձեն դերասանություն անել, այնուամենայնիվ, ի վերջո կհոգնեն եւ կդառնան
իրական մարդիկ։ Իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում հեռուստադիտողները
բազմաթիվ տեսախցիկների օգնությամբ անընդմեջ կարող են հետեւել նրանց։
Այսպիսին էր առաջին «Ռեալիթի TV» ժանրի մեջ իրականացված «ՄԵԾ ԵՂԲԱՅՐ»
խորագրով նախագիծը։ Այն անմիջապես արդարացրեց իրեն՝ գրավելով
հեռուստատեսային ամենաբարձր ռեյտինգներ։ Բոլոր ժամանակներում դռան բանալու
անցքից ուրիշի կյանքին հետեւելու հասարակական պահանջարկը բավարարվում էր՝
յուրաքանչյուրին ընձեռելով նման հնարավորություն։ Հոլիվուդյան
կինոընկերություններն էլ չէին կարող անմիջապես չանդրադառնալ այս
յուրահատուկ գաղափարին, եւ անմիջապես առաջարկեցին արդեն կինոֆորմատով
«Իրական շոուի» մեկ այլ հումորային տարբերակ, աշխարհահռչակ կատակերգու Ջիմ
Քերիի մասնակցությամբ՝ «Թրուման շոու» անվանումով։ Գաղափարը նույնն է, այս
դեպքում` շատ ավելի իրական։ Մի ամբողջ կյանք ապրած մարդը,
անհատականությունը հանկարծ հայտնաբերում է, որ իր անունով իրական շոուի
մեջ է ապրում, եւ որ ամեն ինչ այստեղ հեռուստատեսային նախագիծ է,
մասնակիցները դերասաններ են, իսկ իր հարազատ քաղաքը՝ ընդամենը դեկորացիա։
Այս ժանրի ամենատարբեր մոդելները տեղ գտան գրեթե բոլոր խոշոր
հեռուստաալիքներում, աշխարհի բոլոր երկրներում։ Մեր հեռուստադիտողները
մինչ այս ծանոթ էին «Ռեալիթի TV» ժանրի ռուսական առաջատար
հեռուստաընկերությունների նախագծերին` HTB-ի «Զա ստեկլոմ», OPT-ի «Ֆաբրիկա
Զվյոզդ», THT-ի «Դոմ» տարբերակներով։ Այսօր «Ռեալիթի TV» ժանրի հայկական
տարբերակն իրականացվում է «5-րդ ալիքի» եւ «Արմենիա TV»-ի ջանքերով: Անկախ
ամեն ինչից, ինքնին հաճելի է նման շոուի իրագործումը Հայաստանում։ Իսկ այն
փաստը, որ այս շոուն հեռարձակելու ցանկություն են հայտնել մի շարք
արտասահմանյան հեռուստաալիքներ, փաստում է հայկական հեռուստատեսության
ոլորտում գրանցված մեծ հաջողության մասին։ Ուրեմն հետեւենք Դալիի
տարբերակով պատրաստված այս խաղին։