Չնայած Լոզանի պայմանագրով նախատեսվում է Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական փոքրամասնությունների` հայերի, հույների եւ հրեաների իրավունքների պաշտպանություն, այնուամենայնիվ, թուրքական կառավարությունը մշտապես ոտնահարում է այդ իրավունքները:
Թուրքիայի հայերը, վախենալով իրենց կառավարության զայրույթից, հազվադեպ են համարձակվում արտահայտվել իրենց քաղաքացիական իրավունքների հաճախակի ոտնահարումների դեմ: Էլ ավելի վատ է, երբ Ստամբուլի հայերն իրենք են թուրք պաշտոնյաներին երբեմն հրավիրում միջամտելու իրենց համայնքի գործերին` ներքին եւ անձնական վեճերը լուծելու համար: Նման կոպիտ միջամտության թարմ օրինակ էր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ որպես պատրիարքական փոխանորդի ընտրությունը այն բանից հետո, երբ բժիշկները ախտորոշեցին, որ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը տառապում է անբուժելի մտագարությամբ: Վեց ամիս առաջ, երկու տարի ուշացումով, որի ընթացքում պատրիարք Մութաֆյանի անկարողության պատճառով, փաստորեն, պատրիարքի աթոռը թափուր էր մնացել, Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովը դիմեց թուրքական կառավարությանը` թույլտվություն խնդրելով աթոռակից պատրիարքի ընտրություն անցկացնելու համար: Կրոնական ժողովը նշանակեց պատրիարքական ընտրության նախաձեռնող մի մարմին՝ Անկարայից թույլտվություն ստանալուց հետո նման ընտրություն կազմակերպելու համար:
Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ընտրության նախաձեռնող մարմինը, գերազանցելով իր լիազորությունները, ինքնուրույն նամակ հղեց թուրքական իշխանություններին` նոր պատրիարք, այլ ոչ թե աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվության խնդրանքով: Այս երկու նախաձեռնություններն էլ միեւնույն լուրջ սխալը գործեցին` հրավիրելով թուրքական կառավարությանը միջամտել հայ համայնքի ներքին կրոնական հարցերին: Ավելին, աթոռակից պատրիարք ունենալը հակասում էր պատրիարքարանի գրեթե 600-ամյա ավանդությանն ու սովորությանը` ի տարբերություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կիլիկիո Կաթողիկոսարանի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի: Նաեւ նոր պատրիարք ընտրելու խնդրանքը ճիշտ չէր. գործող պատրիարքի կենդանության օրոք նոր պատրիարք չի կարող ընտրվել, քանի որ պատրիարքներն ընտրվում են ցմահ:
Օգտվելով հայ համայնքի ներսում առկա տարաձայնություններից՝ թուրքական կառավարությունը վերջապես հունիսի 29-ին պատասխանեց դիմումին` թույլատրելով փոխանորդի, այլ ոչ թե աթոռակից պատրիարքի կամ նոր պատրիարքի ընտրություն: Իրենց այս քայլով թուրքական իշխանությունները ոտնահարեցին հայ համայնքի կրոնական իրավունքները, եւ դժբախտաբար դա արեցին հենց հայ համայնքի խնդրանքով:
Թույլատրելով, որ պատրիարքարանը ներկայացվի փոխանորդի մակարդակով, թուրքական կառավարությունը թուլացրեց այդ պատմական հաստատության կարգավիճակը, քանի որ պատրիարք Մութաֆյանը տառապելով մտավոր, այլ ոչ թե ֆիզիկական անկարողությամբ, կարող է դեռ երկար տարիներ ապրել, իսկ այդ ընթացքում պատրիարքարանը կառաջնորդվի միայն փոխանորդի կողմից: Այսպիսի պատահականությունը ծառայելու է Թուրքիայի շահերին, որը մշտապես ձգտել է ձուլել հայերին բյուրոկրատական արգելքներով` զրկելով նրանց կամքի ազատ արտահայտությամբ ընտրված եւ ունակ հոգեւոր առաջնորդից:
Կառավարության հրամանագրից հետո, 48 ժամվա ընթացքում, արքեպիսկոպոս Աթեշյանը, որը փաստացի ղեկավարում էր պատրիարքարանը` որպես 26 անդամ ունեցող Կրոնական ժողովի նախագահ, ժողով հրավիրեց եւ միաձայն ընտրվեց որպես փոխանորդ: Որեւէ այլ կղերականի հնարավորություն չտրվեց առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնում:
Մինչ աշխարհասփյուռ հայությունը լուռ էր` բացառությամբ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի, Ստամբուլի մի քանի խիզախ հայեր համարձակվեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ընտրության նախաձեռնող մարմինը, որը լուծարվեց թուրքական կառավարության կողմից, դատական հայց ներկայացրեց ընդդեմ Անկարայի որոշման` պահանջելով նոր պատրիարքի ընտրություններ, այլ ոչ թե փոխանորդի:
Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում: Թուրքիայից դուրս գտնվող կրոնական եւ աշխարհիկ հայ ղեկավարները պետք է բողոքի իրենց ձայնը բարձրացնեն հայ եկեղեցու ներքին գործերին թուրքական իշխանությունների անհարկի միջամտության դեմ, որը Լոզանի պայմանագրի խախտում է:
Շատ կարեւոր է, որ Թուրքիայի հայերը համախմբվեն ու հայտարարեն, որ փոխանորդի պաշտոնը ժամանակավոր միջոցառում է, այլ ոչ թե երկարաժամկետ լուծում: Առանց Անկարայից թույլտվություն հարցնելու, հայ համայնքը պետք է կազմակերպի աթոռակից պատրիարքի նոր ընտրություն, որն այնուհետեւ կդառնա պատրիարք, ներկայիս անկարողությամբ տառապող պատրիարք Մութաֆյանի վախճանումից հետո:
Արդյո՞ք հայ համայնքը կորոշի ընտրել նոր պատրիարք կամ աթոռակից պատրիարք, դա միայն իր գործն է եւ ոչ թե թուրքական իշխանությունների: Կարեւոր է, որ Ստամբուլի հայ համայնքը համախմբվի մեկ ընդհանուր դիրքորոշման շուրջ եւ խուսափի հավելյալ պառակտումից: Եթե տեղական հայ համայնքը դառնա միասնական եւ ստանա աշխարհի հայության եւ ոչ հայերի աջակցությունը, ապա թուրքական կառավարությունը, որը պարծենում է իր աշխարհիկ ու ժողովրդավարական վարչակարգով, հարկադրաբար կզսպի իր քաղաքական միջամտությունը հայ փոքրամասնության կրոնական գործերին:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր