«Ուզում եմ «Playboy»-ի շապիկին հայտնվել»

22/07/2010

Սահմաններ ու սահմանափակումներ չճանաչող, օվկիանոսի պես ազատ, վատ կարծիքների պահանջ զգացող, սեքսից խոսել չխուսափող, ծխելու հետ սեր չունեցող, ալկոհոլից շուտ արբող ու երբեմն հայհոյող սկանդալային Rippi-ն, ում քննադատողների 99.5 տոկոսը, ինչպես ինքն է նշում, աղջիկներն են, ով ամենախոր հիասթափությունը տղամարդուց է ապրել, նա, ով իր առջեւ մեծ նպատակներ է դրել, օրերս շատ անկեղծ հարցազրույց է տվել Bravo.am-ին:

«Ես շատ-շատ լուրջ նպատակներ ունեմ. ուզում եմ համաշխարհային աստղ դառնալ: «Հնարավոր չէ» արտահայտությունը բացառում եմ: Սահմաններ չկան, եթե ուժեղ ես, շատ ես աշխատում, ամեն ինչ կարող ես: Չնայած` հնարավոր չէ ինձ կոտրել, կանգնեցնել: Թույլ կտամ այն ամենը, ինչն իմ ինքնասիրության վրա չի ազդի: Ես էմոցիոնալ եմ ու շուտ եմ հուզվում»,- ասել է նա:

– Rippi-ական ազատությունը ո՞րն է:

– Տարօրինակ ազատություն է ու տարբեր ժամանակներում տարբեր ձեւերով է ինձնից դուրս գալիս: Կարող է նստած ծամոնով խաղամ` շատ երկա՜ր, զարմանան: Ինձ հավես է, ես այդ պահին այդպես եմ ուզում: Առաջ անհանգստանում էի, հիմա ազատվել եմ այդ կարծիքներից նեղվելուց: Իմ ազատությունը օվկիանոսի պես անծայր է: Ջրի հետ էմոցիոնալ կապ ունեմ:

– Որեւէ բարդույթ չունե՞ս:

– Ստից բաներ են: Առաջ մաշկիս գույնից, եղունգներիս վատ վիճակում լինելուց կկոմպլեքսավորվեի, բայց հիմա ինչքան գնում է, այնքան ազատ, հարմար ու լավ եմ զգում: Սեքսից էլ չեմ խուսափում խոսել, շատ ազատ ամեն ինչից ամեն տեղ խոսում եմ: Հա, սիրուն ավանդույթներ էլ ունենք, բայց միայն գնահատում եմ դրանք, գուցե մարդիկ սխալ հասկանան, իրենց խնդիրն է: Ես հաստատ կոմպլեքսավորված չեմ:

– Հայ, ոչ քեզ պես ազատամիտ աղջիկների մասին ի՞նչ կասես:

– Ես իրենց ասելու բան չունեմ: Մի ֆիլմ կա. hանցագործները մեքենայով գնում են, մեկը ասում է. «Ես չէ, որ պետք է դատեմ ձեզ: Երեք տղա նստած եք առանց աղջիկների, առանց ռեփի, ես ձեզ ասելու բան չունեմ…»: Թող ազատվեն, դա լավ է: Լավ, խենթ ազգ ենք, բայց շատ սահմանափակ, դա լավ չի: Չնայած` ինձ պես տարբերվողներն էլ շատ-շատ են: Ես Հայաստանում չեմ նեղվում, ուղղակի ուզում եմ գնալ:

– Քեզ չսիրողները շա՞տ են:

– Էս վերջերս թշնամիներս ինչ-որ քիչ են նկատվում, բայց, կարծում եմ, հա, ունեմ: Ինձ չսիրողներ ահագին կան:

– Լսել եմ` բացասական կարծիքների «մանիակ» ես:

– Առաջ կայքերում իմ մասին գրված վատ կարծիքներից շատ էի հուզվում, հիմա սովորել եմ, նույնիսկ պահանջ եմ զգում: Որ չեն լինում բացասական կարծիքները, մտածում եմ` կարող է ռեյտինգս ընկել է: Բայց չէ, վերջին` «Ես առաջինն եմ» տեսահոլովակից հետո լավ դոզա ստացա: Իմ ոճն այնպիսին է, որ ուզեմ-չուզեմ, վատ արձագանքողներ կլինեն: Սկանդալներ գնահատող մարդ եմ, սկանդալային եմ: Դա ավելորդ PR է: Ի դեպ, ինձ քննադատողների 99.5 տոկոսը աղջիկներն են: Դա իրենց սահմանափակ լինելուց է: Թող ինձ պես իրենք էլ անեն այն, ինչ ուզում են: Քանի որ չեն կարող, ազդվում են: Արտաքինի ֆակտորն էլ կա: Այս երեւույթը ամեն տեղ կա, Հայաստանում` չափազանցված: Իմ հասցեին հայհոյանքներ էլ են լինում, դրան էլ եմ նորմալ վերաբերվում: Ուղղակի կուզեի` գնահատեն այն, ինչ ես ցույց եմ տալիս, ոչ թե հագուստի բացությունը:

– Ե՞րբ այս Rippi-ն դարձար:

– Անունս միամիտ որոշվեց: Իմ անձնագրային անվանը շատ մոտ է: Հիմնականում ավելի ճիշտ կլինի անգլերենով գրեն: Նախկին պրոդյուսերիս` Արտյոմ Հովակիմյանի հետ մոտ երեք տարի առաջ նստած բեմական անունս էինք որոշում, ամեն մեկս մի տառ դրեցինք ու ստացվեց Rippi: Սկզբում անսովոր էր, բայց մեզ շատ դուր եկավ. Մտածեցինք` բրենդային է, լավն է: «Հռիփսիմե»-ով դիմողներին չե՞ս արձագանքում:

Միայն զարմուհիս է այդպես դիմում, չգիտեմ` ինչու: Ինձ միշտ ծանոթացնում է` ներկայացնելով որպես Հռիփսիմե, չեմ հասկանում… Խնդրում եմ էլի` ինձ Rippi ասեք, ես Rippi-ն եմ:

– Ծնողներդ ինչպե՞ս են դիմում:

– Ծյոպիկ են ասում. փոքր ժամանակ քույրերս չեն կարողացել անունս ճիշտ տալ, ծյոմպոլոնիկ, ծյոպիկ են կանչել, այդպես էլ մնացել է: Շատ սիրուն է, էլի բրենդային է: Մի հինգ-վեց տեսակի անուն ունեմ… Ինչ ասես ասում են, մի խոսքով:

– Ամենախոր հիասթափությունը տղամարդու պատճառո՞վ ես ապրել:

– Առաջին սիրուցս: Չորս թե հինգ տարի առաջ է եղել… Երբ հասկացա` նա այն մարդը չի, ում որ սիրում էի, շատ-շատ հիասթափվեցի:

– Լքե՞լ է քեզ, թե՞ հակառակը:

– Երկուսով այդպես որոշեցինք, որովհետեւ կռիվներ էին սկսվել, բայց չեմ կարող ասել, որ ես եմ լքել իրեն: Ժամանակը եկավ, ամեն ինչ սառեց, ու սկսեցինք էլ կապ չունենալ իրար հետ:

– Բաժանման պատճառը ո՞րն էր:

– Երեւի իրարից հոգնել էինք: Շատ դեպքերում ես էլ եմ սխալ եղել, ինքն էլ: Երեւի տենց էլ պետք է լիներ. դա է լավը: Ճիշտն ասած` հիմա ուրախ եմ դրա համար, բայց շատ լավ եմ վերաբերվում այդ մարդուն:

– Հիմա իրար բարեւո՞ւմ եք:

– Հեռվից… Չեմ ասի, որ տաք բարեւներ են: Երեւանում է, երգարվեստի, շոու-բիզնեսի հետ կապ ունի, բայց չեմ ուզում անունն ասել` անցած պատմություն է:

– Հաճախ սիրահարվողների՞ց ես:

– Միասեր եմ, թեեւ տեսահոլովակներով այլ տպավորություն եմ թողնում: Շատ ռոմանտիկ եմ, շատ դժվար եմ սիրահարվում ու մարդուն մոտենում այդ իմաստով:

– Ինչո՞ւ փոքր ժամանակ քեզ չես հավանել:

– Խուճուճ մազերով էի, շատ սեւ, ամառներն էլ ավելի էի սեւանում: Երեխեքը ինձ միշտ նեղացնում էին` «նեգր, նեգր» գոռալով…

– Հիմա ինքնահավա՞ն ես:

– Հետո, որ մեծացա… Սիրում եմ արեւի տակ մնալ, ավելի մգանալ: Հիմա դա նորաձեւ է, գայթակղիչ:

– Հայելու մեջ նայելիս քեզ հավանո՞ւմ ես:

– Հա, շատ: Բայց երբեմն լինում է, որ ինձ հեչ դուր չեմ գալիս, նյարդայնանում եմ: Երեւի հոգնած ժամանակ է դա լինում: Ճիշտն ասած` շատ եմ հայելու մեջ նայում, անընդհատ, ու ինձ ասում են` այդքան չնայեմ, էներգիա է խլում… Բայց, այո, ես ինձ դուր եմ գալիս:

– Արտաքինիդ ո՞ր հատվածն է շատ հաճոյախոսությունների արժանանում:

– Նայած մարդ: Ասում են` շատ սիրուն աչքեր ունեմ, մեկը մարմինս է հավանում: Բայց կուզեի, որ մի օր ոչ ոք մարմնիս, շորերիս չնայի: Ի դեպ, միտք կա նման տեսահոլովակ նկարահանել: Ուզում եմ` դերասան Սոս Ջանիբեկյանը նկարահանի. մի երկու հաջող գործ ունի, շատ է դուրս գալիս: Ես ուղղակի սովորական, ոչ կիպ ջինսերով կլինեմ, շապիկով, արտաքինս չի ընդգծվի, ոչ մի make up… Թող տեսնեն ներքինս:

– Մինչ օրս ամենամեծ գումարը, որ վաստակել ես:

– Չեմ կարող ասել: Եղել է, մեկի համար գործ եմ արել, ինձ շատ մեծ նվեր է տվել:

– Ի՞նչ դերերում ես հանդես եկել:

– Քարտուղարուհի եմ խաղացել նույնիսկ: Ես այդտեղ ծխում էի:

– Ուրիշ վայրերում չե՞ս ծխում:

– Փորձել եմ ծխել, դուրս չի գալիս: Չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է այդ ծուխը շնչել: Անառողջ բան է: Թե չէ խնդիր չկա ծխելու հետ:

– Չես էլ հարբում:

– Երբ որ խմիչքը համով է լինում, շատ եմ սիրում: Բայց օղի չեմ սիրում, չի ստացվում խմելը: Հարբել եւ ինձ կորցնելը շատ է լինում, ու հիմնականում տուժում են իմ խեղճ ընկերները: Թեւերիցս բռնած տուն են տանում: Որ հարբում եմ, շատ անտանելի եմ դառնում: Բայց բարիանում եմ, սկսում եմ զանգել այն մարդկանց, ում հետ որ կռված եմ, հաշտվում եմ, եթե նույնիսկ իրենք են մեղավոր լինում: Մի երկու անգամ եմ կռիվ արել: Եղել է նաեւ, որ խմել, սկսել եմ լացել: Ճիշտն ասած` խմել չգիտեմ, ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել: Իմ օրգանիզմը չի ընդունում ալկոհոլ: Հերիք է շատ քիչ օղի խմեմ, ու տեղում դիակս կփռվի, բայց մեկ է, էլի շարունակում եմ սովորել… Մի անգամ սոված փորիս կոնյակ եմ խմել ու ահավոր վատացել, նույնիսկ չեմ հիշում` ինչեր եմ արել, ասում են` լացել ու դարդերս եմ պատմել:

– Ծնողներդ գինովցած վիճակներդ ինչպե՞ս են տանում:

– Հայրս ամեն ինչին տեղյակ է: Իմ ընկերն է` շատ ազատամիտ: Ասում եմ` պապ, գնում եմ խմելու, ընկերներիս գիտի, ասում է` խնդիր չկա:

– Իսկ խմած վիճակում տուն վերադառնալուդ, ավելի ճիշտ` երբ քեզ տուն են բերում, ինչպե՞ս է արձագանքում:

– Հիմնականում դա շատ ուշ է լինում, ու ինքը քնած է լինում: Իր ներկայությամբ զգաստանում եմ: Այնպես չի, որ միշտ ալկոհոլից վատանում եմ, բայց երբեմն լինում է:

– Իսկ հարեւանների հետ ընդհարումներ…

– Հայրիկի տանը, ուր ես հիմնականում ապրում եմ, հարեւաններս շատ լավն են, ազատ, ինձ հասկանում են:

– Ծնողներդ ամուսնալուծվա՞ծ են:

– Այո, շատ փոքր եմ եղել, երբ բաժանվել են, ու հայրիկիս հետ եմ մեծացել: Մորս հետ էլ հաճախ եմ հանդիպում: Ինձնից մի տարի փոքր քույր ունեմ, որ մայրիկիս հետ է ապրում: Եթե ավանդական ընտանիքում լինեի, երեւի նույն Rippi-ն կլինեի: Շատ ժամանակ, երբ նկարներս բաց են լինում, պապաս ասում է. «Բայց արժե՞ր»: Պատասխանում եմ` այո, ինքն էլ ինձ վստահում է: Այնպես չի, որ շատ ուրախ է… Ուղղակի հարգում է իմ ընտրությունը: Շատ ժամանակ խորհուրդներով էլ է օգնում. բեմական շորս ցույց եմ տալիս, հարցնում` շա՞տ բաց է, ասում է. «Չէ, չէ, բեմական շոր է, հագի»:

– Հայհոյում է՞լ ես:

– Դա էլ կա: Երբեմն, որ շատ ջղայնացած եմ լինում… Ու տարբեր լեզուներով, նույնիսկ անգլերեն:

– Փողոցում նյարդայնացնողներն է՞լ կարժանանան այդ խոսքերին:

– Այո, ու բավական… Շատ ժամանակ փողոցում ինձ ազատ եմ պահում: Կարող է չուպաչուպսով դուրս գամ, շատերը լավ չնայեն: Շատ-շատ նորմալ բաներ կա, որ ես անում եմ, ու չի ընդունվում:

– Ազատության ետեւի՞ց ես գնում Միացյալ Նահանգներ:

– Հիմա A Chilla-ի հետ եմ աշխատում, հիմնականում անգլերեն երգերով հանդես կգամ: Ամերիկայում ծրագրում եմ հաստատվել մի քանի ամսից, բայց լուրջ նկարահանումներ ունեմ այստեղ, կարող է երկար տեւի: Ինչպես արդեն նշել եմ, միայն հայ համայնքի համար չեմ ստեղծագործելու: Շատ աշխատելով, լավ գործեր ստեղծելով՝ ցանկությունս կիրականանա: Հիմա գումարը ճիշտ եմ տնտեսում, որ կարողանամ գնալ: Այն, ինչ անում եմ, իմ ոճը այնտեղ վաղուց կա, ընդունում են այդ դմփդմփոցը…

– Ցանկություն ունե՞ս «Playboy»-ի շապիկին հայտնվել:

– Կիսամերկ լուսանկարներ ունեմ, Լիաննա Աբրահամյանը` դիզայներս, խորհրդատուս, լոգոյիս հեղինակը, շատ գեղեցիկ է լուսանկարում: Բոլորովին մերկ չեմ նկարվել, բայց դեռ: Պատրաստ չեմ: «Playboy» ամսագիրն էլ ոչ միայն տղաների համար է, այլեւ արվեստի տեսակ է: Կցանկանայի հայտնվել շապիկին, բայց ոչ թե պարզապես ինչ-որ ձեւի կանգնած, այլ յուրահատուկ, օրիգինալ գաղափար լիներ… Հա, շատ կուզեի:

Նյութերը` ըստ «Bravo»-ի