Պարող պարանը եւ էշերի կղզին

22/07/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրան-2010»-ի «Հայկական համայնապատկեր» մրցույթում լավագույն ֆիլմ է ճանաչվել «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի արտադրած «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը:

Ֆիլմի ռեժիսորներ եւ համասցենարիստներ Արման Երիցյանն ու Իննա Սահակյանը 4 տարվա ընթացքում նկարահանել ու հետեւել են ինքնատիպ արվեստի` լարի վրա խաղալու ունակությամբ օժտված մարդկանց կյանքին` օրիգինալ պատմություն ստեղծելով մարդկանց, նրանց անցյալի ու երազանքների մասին: Լարախաղացի արվեստն անհետանում է մեր կյանքից: Անհետանում է այնպես, ինչպես շատ բան է անհետանում` բնականոն ու լուռ: Գյուղն արդեն նախկին գյուղը չէ, մարդիկ ավելի շատ ներփակվել են սեփական խնդիրների մեջ` խուսափելով լարախաղացների ինքնաբուխ տոներին մասնակցել: Եվ, բնականաբար, լարախաղացները եկամուտ չեն ունենում: Պահանջարկ չկա, առաջարկն էլ վերանում է: Մնում է հուշը: Նաեւ ծերուկ լարախաղացների աչքերի փայլը, երբ խոսում են սեփական երիտասարդության ու այն բացառիկ խիզախ հնարքների մասին, որոնք ճոճվող լարի վրա միայն իրենք էին կարողանում կատարել: Ու թեեւ ֆիլմում լարի վրա խաղալու արվեստը ցուցադրվում է շատ խնամքով, սիրով ու նրբանկատորեն, սակայն ֆիլմը շատ ավելի լուրջ հարցեր է առաջ բերում:

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը միայն պատմության գիրկն անցնող ու անհետացող մասնագիտության մասին չէ, այլ սերունդների ու ժամանակների երկխոսության անհնարինության մասին է: Հայաստանի վերջին լարախաղացները` 77-ամյա Կնյազն ու 78-ամյա Ժորան, շատ լավ հասկանում են, որ իրենց մահից հետո այդ արվեստը կորչելու է, քանի որ չկան այն երիտասարդները, որոնց կարող են փոխանցել սեփական փորձառությունն ու արվեստի գաղտնիքները: Կնյազն ու Ժորան միշտ մրցակիցներ են եղել` փորձելով ապացուցել միմյանց, որ լավագույնն իրենք են, սակայն հիմա` 21-րդ դարում, երբ գյուղերում ու քաղաքներում լար կապելու ու ելույթ ունենալու ավանդույթը կորել է, նրանք ստիպված են համախմբվել ու միասին մտորել ապագայի մասին: Ծեր լարախաղաց երկու վարպետները հիշում են կյանքը, ցուցադրում լուսանկարներն ու քրոնիկան` հպարտանալով անցյալով ու վախով նայելով վաղվա օրվան:

Սովորաբար, երբ փորձ է արվում ֆիլմում անցյալի երբեմնի հաջողությունները ներկայացնել ու այսօրվա հետ զուգահեռներ անցկացնել, շատ հեշտ է նոստալգիայի գիրկը ընկնել: «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմում նոստալգիայի չափաբաժինը հստակ հաշվարկված է: Պլակատային կարոտից ավելի գնահատվում է ներկան: Եվ հենց դա է ֆիլմի ազդեցիկ շեշտադրումը, որը թույլ է տալիս հեղինակներին պատումի բազմաշերտ ճյուղավորումներ անել:

Իհարկե, որպես կինոհնարք՝ լարն ու լարի վրա պարող մարդիկ ինքնին շատ շահեկան են ֆիլմի կառուցվածքը ուրվագծելու համար, քանի որ թույլ են տալիս երկրի ու երկնքի եզրագծում հազիվ նշմարվող, տարուբերվող ու պարող պարանի մետաֆորը ստեղծել: Այդ տարածքում եւ հող, եւ երկինք կա: Եվ հուշ կա, եւ սպասում: Սակայն ֆիլմի արժանիքներից մեկը նաեւ ծերուկ լարախաղացների երկակի վիճակն է: Իհարկե, նրանք փորձում են աշակերտներ պատրաստել, պահպանել արվեստի հետագա գոյությունը, սակայն նաեւ շատ լավ հասկանում են, որ դա անհնար է: Մի կողմից՝ նրանք ուզում են փոխանցել իրենց արվեստը, իսկ մյուս կողմից` կարծես վանում են պատանիներին: Ծերացած ու հիվանդ Ժորա Արմենակյանի` իր մասնագիտությունը պահպանելու վերջին հույսը աշակերտ Հովսեփն է, որին որդեգրելով` ծեր լարախաղացը ցանկացել է հետնորդ ունենալ: Ընդ որում` նա խոստովանում է, որ մի քանի որբանոցներում որոնելուց հետո կանգ է առել հենց Հովսեփի վրա, քանի որ տղայի մեջ լարի վրա խաղալու ունակություններ է տեսել: Եվ ստացվում է, որ որդեգրման պատճառը ոչ թե որդի, այլ աշակերտ ունենալն է եղել, ինչն էլ, բնականաբար, տղայի մեջ ենթագիտակցական դիմադրություն է առաջացրել: Հովսեփը, մեծանալով, չի ցանկանում այլեւս լարի վրա բարձրանալ: Չի ցանկանում, թեեւ իր ուսուցիչը պնդում է, որ հենց նա է այդ արվեստի միակ հույսը, վերջին մոհիկանը: Սակայն Հովսեփը չի ուզում հույս լինել, նա ուզում է ինքնուրույն ընտրություն կատարող մարդ դառնալ: Մանուկ հասակից սկսած փոքր Հովսեփին ընտրության հնարավորություն չի տրվել, նրա համար ուղի է կանխորոշվել, եւ հիմա բանակի տարիքի հասած պատանին ընտրել է չպարելը: «Դա ինձ պետք չէ»,- կտրուկ ասում է նա: Իսկ իր ուսուցիչը (որը ֆիլմի նկարահանման ընթացքում վախճանվել է) նրա մերժողական դիրոքորոշմանը ուշադրություն չի դարձնում` անընդհատ ասելով նրան. «Դա պետք է մեզ»: Եվ Հայաստանի վերջին լարախաղաց Հովսեփը բառիս բուն իմաստով` «օդում» կախված է մնալու: «Ի՞նչ անելը» նրա համար կենսական նշանակություն ունեցող հարց է: Սենտիմենտալ մտքերը տղային չեն այցելում, նա դեռ իր ընտրությունը չի արել: Ֆիլմի հեղինակներն էլ ոչ մի եզրահանգում չեն անում, կարծես ասելով` սա է կյանքը, իսկ ընտրությունը կախված է միայն տղայից:

Ֆիլմի սցենարի մասին խոսելիս` Արման Երիցյանն ընդգծում է, որ ենթատեքստային շերտերը ի հայտ են եկել ավելի ուշ` հենց նկարահանման փուլում: «Ամենասկզբում իդեան էր, որը ծագեց Իննայի մոտ, եւ մենք դիմեցինք պրոդյուսերին` Վարդան Հովհաննիսյանին` ասելով, որ ուզում ենք ֆիլմ անել պապիկ-լարախաղացների մասին: Մեր ֆիլմը սկզբից մինչեւ վերջ դոկումենտալ կադրերից է բաղկացած, եւ որպես դոկումենտալիստներ` մենք նյութին ֆորմա ենք հաղորդել: Իրական պատմությունը ճիշտ շրջանակման կարիք ունի, իսկ շրջանակն արդեն կախված է ռեժիսորների հմտությունից»,- ասում է նա:

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը շատ պրոֆեսիոնալ օպերատորական աշխատանքի վրա է հիմնված (օպերատոր` Մկրտիչ Բարոյան), ինչի շնորհիվ ֆիլմի շրջանակը գեղեցիկ կոմպոզիցիոն կադրերից է կառուցված: Իսկ կադրերում լույս ու «օդ» կա: Շատ հաճախ, երբ խոսք է գնում վավերագրության մասին, փորձ է արվում ոճավորել իրականությունը թրթռացող, միտումնավոր չբեմադրված կադրերով` անտեսելով ոչ միայն օպերատորի, այլեւ` լուսավորողի աշխատանքը: Իսկ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմում շատ հստակ են օգտագործվում լույսն ու ստվերը, ֆոնն ու խոշոր պլանների համադրությունը: Ֆիլմը գեղեցիկ է, եւ այդ սահուն գեղեցկությունը գրավում է հանդիսատեսին` դրդելով նրան ոչ միայն ծեր լարախաղացների մենախոսություններին հետեւել, այլեւ` հիանալ նրանց արվեստով: Լարի վրա վարպետորեն խաղալու բանալին թեթեւությունն է, որը ծնվում է ամենօրյա մարզումների ու վարժանքների արդյունքում, եւ այդ նույն թեթեւությունը կա նաեւ ֆիլմի կառուցվածքի մեջ:

«Իմ բոլոր կինոուսուցիչները կարեւորել են կադրի մաքրությունը: Մենք էլ մեր ֆիլմում այդ ճանապարհով ենք գնացել, թեեւ դոկումենտալ կինոն երբեմն սիրում է կադրերի փնթիությունը: Հիշում եմ, որ Փարաջանովի ասիստենտներից մեկը պատմում էր, որ ֆիլմի մոնտաժի ժամանակ Փարաջանովը դուրս թողեց առավել գեղեցիկ կադրը: Եվ երբ ասիստենտը հարցրեց` «Մաեստրո, ի՞նչ եք անում, չէ՞ որ այդ կադրը հանճարեղ է, ինչո՞ւ եք այն կտրում-գցում», Փարաջանովը պատասխանեց` հենց այդ պատճառով էլ կտրում եմ, քանի որ այն հանճարեղ է»,- ասում է Արմանը: Իսկ Իննան ավելացնում է. «Մենք գիտեինք, որ ֆիլմը պետք է տարբեր երկրներում ներկայացվի, քանի որ այն ամերիկյան ու ճապոնական հեռուստաընկերությունների հետ համաարտադրություն է, այդ պատճառով էլ փորձել ենք առավելագույնս գեղեցիկ ու բազմապլան ներկայացնել Հայաստանն ու լարախաղացի արվեստը: Չէ՞ որ ֆիլմը նաեւ Հայաստանի այցեքարտը պիտի լինի: Ներկայացնելով հասարակ գյուղացիներին` մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձրել նրանց շրջապատող կենցաղին, մթնոլորտին»:

Եթե հետեւենք վերջին տարիներին Հայաստանում նկարահանված վավերագրական ֆիլմերին, ապա նկատելի կդառնա, որ իշխող թեմաների շարքում թշվառ, հուսալքված վիճակում հայտնված կամ էլ` մարգինալ հերոսներն են: Կյանքի «հատակը» ցուցադրելը կոնյունկտուրային քայլ է, որը բավական շատ է շահագործվում: Արման Երիցյանը նկատում է. «Ընդհանրապես Հայաստանում շատ են սիրում նկարահանել քյավթառ ատամները, ոչխարի հոտերը, անտուններին: Ես դա երբեք չեմ սիրել ու չեմ էլ սիրելու, քանի որ զգում եմ, որ ազգը դրանով չի կոլորիտ ձեռք բերում»:

Եվ Իննան, եւ Արմանը նշում են, որ «Բարս Մեդիայում» աշխատելու ընթացքում շատ կարեւոր եզրակացության են հանգել. տարբեր ազգություն ունեցող հանդիսատեսը` ֆիլմը դիտելու ընթացքում` պետք է միանգամից հասկանա, թե որտե՞ղ է այն նկարահանվել: «Կարեւորը միայն հերոսները չեն, այլեւ` տարածաշրջանային խնդիրների բացահայտումը»,- ասում է Արմանը:

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի գլխավոր հերոսներից բացի, ֆիլմի երկրորդ պլանում կա նաեւ մեկ այլ լարախաղաց (ծաղրածու), որն իր ոգու պարտքն է համարում գյուղացիներին տոն բերել: Սակայն այդ տոնը մեծ իմաստով` հասցեատեր չունի, քանի որ գյուղացիները ոչ թե ծաղրածուի հետ են ծիծաղում, այլ` ծաղրածուի վրա: Եվ այդ դրվագները անջատ լինելով ֆիլմի հիմնական սյուժետային գծից, շատ բան են ավելացնում մեր ու մեր հոգեվիճակի մասին: Չէ՞ որ ծաղրածուին ծաղրելը անլիարժեքության սկիզբ է դառնում: Եվ միգուցե, եթե տոնը բնական շարունակություն ունենար, լարախաղացները աշակերտների պակաս չէին ունենա եւ կշրջեին գյուղերով ու քաղաքներով` ցուցադրելով իրենց զարմանալի վարպետությունը: Լարի վրա իրենց վստահ ու ազատ զգացող վարպետները ոչ միայն իրենց փիլիսոփայությունն ունեն, այլեւ` կազմում են հայկական գյուղի կոլորիտը:

Պետք է նշել, որ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը երկար փորձարկումների միջով է անցել. «Բարս Մեդիայում» ամեն շաբաթ դիտումներ էին կազմակերպվում, որոնց ընթացքում քննարկվում էր նկարահանված նյութը: Ֆիլմի վերջնական ֆորման հենց նման քննարկումների արդյունքում է հղկվել ու ավարտուն տեսք ստացել: «Ֆիլմ ստեղծելը միայն ռեժիսորների մենաշնորհը չէ: Ֆիլմը թրծվում է բազմաթիվ քննարկումների ընթացքում, չէ՞ որ ֆիլմ արտադրող ստուդիան վերջնական արտադրանք տալով` նաեւ ստորագրում է այդ աշխատանքի տակ»,- նկատում է Արմանը:

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը ռեժիսորական ամենաթող մենաշնորհի վնասի շատ վառ ապացույց է: Արդյոք նման հսկում, թրծում անցկացնո՞ւմ են պետական ստուդիաները: Դժվար թե, եւ այդ մասին փաստում են ֆիլմերի վերջնական ֆորմաները:

Իսկ Արման Երիցյանն այժմ աշխատում է նոր կինոնախագծի վրա, որը շատ տարօրինակ անվանում ունի` «DonkeyMentary», որում փորձ է արվել «էշ» եւ «documentary» բառերի խաչաձեւումը ստեղծել: Ռեժիսորն արդեն ավարտել է նկարահանումները, որոնք տեղի են ունեցել Քենիայի ափերի մոտ գտնվող Լամու կղզում: Այդ վայրում 25 հազար մարդ, 6 հազար էշ ու ընդամենը 2 մեքենա կա: Եվ պատանի կղզիաբնակ աֆրիկացիները երազում են սեփական էշը ունենալ: Գլոբալացումն ու փոքր կղզու կյանքը շատ պարադոքսալ են միահյուսվում: «Իսկ դու ունե՞ս քո սեփական էշը» օրիգինալ հարցադրում է 21-րդ դարում: