Ոսկուն՝ ոսկե օրենք

09/10/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Խորհրդային տարիներին ոսկեգործությունը միայն պետության մենաշնորհը չէր:
Շատ փոքր ծավալներով զարդեր պատրաստում էին նաեւ տնային պայմաններում
աշխատող ոսկերիչները: Համենայնդեպս, մարդիկ զարդի վերաձուլման համար
դիմում էին միայն մասնավոր ոսկերիչներին: Բայց քանի որ խորհրդային
ժամանակներում բնակչության գնողունակությունը համեմատաբար բարձր էր,
զարդերի վերաձուլումը մասսայական բնույթ չէր կրում, սպառողները գնում էին
հիմնականում գործարանային արտադրության ոսկեղեն:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո տնտեսության մյուս ճյուղերի նման
ազատականացվեց նաեւ ոսկեգործությունը: Պետության մասնակցությունն այս
ոլորտում հավասարվեց զրոյի: Մասնավորեցվեցին նաեւ ոսկերչական պետական
գործարանները: Ստեղծվեցին մասնավոր փոքր արտադրամասեր: Տնային
պայմաններում աշխատող որոշ ոսկերիչներ իրենց ընդհատակյա գործունեությունը
լեգալացրին ու դարձան անհատ ձեռներեցներ: Եթե ինչ-որ ոլորտում ցանկության
դեպքում հնարավոր է հստակեցնել տնտեսվարող սուբյեկտների թիվը եւ նրանց
հարկման դաշտ բերել, ապա ոսկեգործության մեջ իրավիճակն այլ է: Տնտեսության
ազատականացում կոչվածն այս ոլորտում ստեղծեց բարձիթողի վիճակ, իսկ
սպառողների մոտ անվստահություն առաջացրեց գնված ապրանքի որակի նկատմամբ:

Այսօր մենք ոսկե զարդ գնելիս գրեթե միշտ կասկածում ենք դրա որակի եւ
արժեքի համապատասխանությանը: Մանավանդ, որ շատ դեպքերում այդ երեւույթի
առաջացման պատճառը հենց ինքներս ենք՝ զարդ ենք գնում եւ վաճառողին խնդրում
այն գնահատել իրական արժեքից ավելի բարձր, իբրեւ թե թանկ նվեր ենք առել:

Որակի առումով անվերահսկելի են հատկապես ոսկու առքուվաճառքով զբաղվող
շուկաները: Խանութներում, հատկապես` արտասահմանից ներկրված ոսկու
խանութներում, կարծես թե վիճակը մի քիչ բարվոք է: Բայց այստեղ արդեն
ապրանքը թանկ արժե: Իսկ ցածր գնողունակություն ունեցող հայ
հասարակությունը ոսկյա զարդ գնում է հիմնականում շուկաներից: Շուկայում,
եթե գնածդ զարդի որակի վրա կասկածում ես, վաճառողը քեզ առաջարկում է
ստուգել տեղում: «Տեղի ստուգողը» հարգը (պրոբ) որոշելու համար վերցնում է
500 դրամ, իսկ քաշը ճշտելու համար՝ 200 դրամ, եւ միշտ հաստատում է
վաճառողի ասած տվյալները: Ու մենք, իբրեւ թե գնել ենք իսկական ոսկի,
շուկայից դուրս ենք գալիս գոհ ու երջանիկ: Իրենց ապրանքը «ստուգում» են
գրեթե բոլոր գնորդները: Եվ ստացվում է, որ այդ «ստուգում» կոչվածն
ընդամենը գնորդից լրացուցիչ փող կորզելու ծառայություն է: Իրականում ոսկու
որակի վերահսկումն ու ընդհանրապես ոսկեգործության ոլորտի օրենսդրական
դաշտը շատ թերի է:

Ոսկյա զարդերի որակի վերահսկողությունը խորհրդային տարիների իներցիայով
կատարում է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կազմում գտնվող
Մետաղափորձական վերահսկողության տեսչությունը՝ «Պրոբինսպեկցիան»: «Մենք
«Ոսկերչական գործարան-1»-ի արտադրանքը տանում ենք այդ տեսչություն,-
բացատրում է «Ոսկերիչների ասոցիացիայի» մամուլի պատասխանատու Վոլոդյա
Կիրակոսյանը,- այնտեղ լաբորատոր փորձաքննություն են անցկացնում եւ զարդի
վրա դնում համապատասխան հարգը»: Իսկ Վերահսկողության տեսչության պետի
տեղակալ պարոն Վազգեն Մարտիրոսյանն ասում է, որ իրենց դիմում են
համեմատաբար խոշոր արտադրողները: «Ունենք ընդամենը 10-15 հաճախորդ: Իսկ
շուկաներ մենք չենք մտնում, որովհետեւ օրենսդրորեն հստակեցված չէ, թե
խախտում հայտնաբերելու դեպքում ի՞նչ պետք է անենք: Այնտեղ
վերահսկողություն չկա: Այսօր մենք աշխատում ենք 50-ական թվականների
կառավարության որոշումներով, որոնք թերի են եւ շատ դեպքերում չեն գործում»:

«Ոսկեգործների մեջ ստվերային արտադրողներն ավելի շատ են, քան բաց
արտադրողները»,- ասում է Ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը:

Որպես կանոն, մանր արտադրողները եւ անհատ ձեռներեցները «Պրոբինսպեկցիային»
չեն դիմում: Նրանցից ապրանք գնողները պիտի ապավինեն արտադրողների եւ 500
դրամով ստուգողների խղճին: Իսկ տնտեսությունը զարգանում է ոչ թե խղճով,
այլ օրենքով եւ պետական կառույցների ճիշտ աշխատանքով: Ճիշտ չի լինի
ենթադրել, որ ոսկեգործության ոլորտի անվերահսկելի վիճակը պատահականության
կամ անզորության արդյունք է: Չէ՞ որ ոսկին նաեւ ռազմավարական
նշանակություն ունեցող մետաղ է: Շատ հավանական է, որ այս բարձիթողի վիճակը
ստեղծվել է միտումնավոր: Այսինքն, գոյություն ունի շահագրգիռ մարդկանց մի
խումբ, ում ձեռնտու է ստեղծված իրավիճակը։ Նրանք գործում են թե պետական,
թե մասնավոր կառույցներում եւ ստանում գերշահույթ: Ոչինչ, որ ոլորտն
ընդհանուր առմամբ չի զարգանում եւ, իր հերթին, չի զարգացնում Հայաստանի
տնտեսությունը:

Ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը դժգոհում է, որ
ոսկեգործությունը չի զարգանում նաեւ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)
պատճառով: ԱԱՀ-ից ազատված է ադամանդագործությունը, ինչը նպաստում է
Հայաստանում ադամանդի վերամշակման ծավալների մեծացմանը: Մեր
իշխանություններն ու վիճակագիրներն այս փաստն այնքան կարեւորեցին, որ
տնտեսության «զարգացումը» սկսեցին հաշվել երկակի՝ ադամանդով եւ առանց
ադամանդի: Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ նույնն էլ պիտի լինի ոսկեգործության
ոլորտում:

«ԱԱՀ-ն ծանր է նստում ոսկեգործության վրա. դա իմ աշխատանքից հարկվելիք
հարկն է, բայց հարկվում է ամբողջ գնից,- բացատրում է նա: -Եթե այլ
արտադրության մեջ, օրինակ, աշխատանքի գինը կազմում է 50-60 տոկոս,
հումքինը՝ 25-30 տոկոս, ոսկեգործության մեջ 80-90 տոկոսը հումքի արժեքն է,
որի վրա ես աշխատանք չունեմ կատարված, եւ դրանից շահ չեմ կարող ունենալ:
10-20 տոկոսն է իմ աշխատանքը: Բայց հարկում են ամբողջից, որն ընդհանրապես
իմ աշխատանքի հետ կապ չունի: Ամբողջի մեջ որպեսզի 3 տոկոս շահ ունենամ, ես
պիտի այդ 15-20 տոկոս աշխատանքի մեջ 18 տոկոս շահ ապահովեմ: Եթե ես
նյութերը արտասահմանից եմ բերում, մնում է աշխատավարձը, աշխատավարձի վրա
ինչպե՞ս 18 տոկոս շահ ունենամ: Անցած տարի նոր հարկատեսակ մտավ՝ 1 տոկոս,
որպես շահութահարկի պարտադիր գանձում: Մենք շահույթը 2-3 տոկոսի չենք
հասցնում, ինչպե՞ս կարող ենք պահեստավորել եւ նախապես 1 տոկոսը տալ
պետությանը»:

Ի դեպ, «Ոսկերչական գործարան-1»-ը խոշոր հարկատուների ցուցակում
զբաղեցնում է 280-րդ տեղը, եւ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում
վճարել է 21,5 մլն դրամի հարկ:

Ոսկերչության զարգացմանը խանգարում է նաեւ ներմուծվող հաստոցների եւ
գործիքների թանկությունը: Համապատասխան գործիքների տեղական արտադրություն
գրեթե չկա: Քանի որ զարդը պարտադիր սպառման ապրանքների մեջ չի մտնում, շատ
պետություններ ոսկեգործության հետ կապված պարագաները վաճառում են բարձր
գնով: Դա իրենց իրավունքն է, իսկ մեր ոսկեգործության զարգացման մասին պետք
է մտածենք ինքներս: Մասնագետների կարծիքով` հայկական ոսկեգործությունն
ամենաթանկն է աշխարհում, որովհետեւ տեղականը միայն աշխատուժն է:
Հայաստանում մեկ-երկու ընկերություններ արտադրում են միայն անհրաժեշտ
գործիքների ընդամենը մի քանի տեսակը, այն էլ՝ շատ փոքր քանակությամբ:

«Նախ՝ գումար չունենք, որպեսզի նորմալ արտադրություն կազմակերպենք,
ներկայացնենք արտադրանքը, նաեւ արտահանենք: Վարկ վերցնելուց էլ վախենում
ենք՝ տոկոսները բարձր են,- ասում է «Շաբեր» ընկերության ներկայացուցիչ
Արմեն Միքայելյանը: -Հետո էլ պատվիրատուներ չունենք: Ոսկեգործները գնում
են հիմնականում ներմուծված գործիքներ»:

Ներմուծում են հիմնականում Թուրքիայից՝ գերմանական եւ իտալական գործիքներ:
Ալի Չոլակյանն այդ գործով է զբաղվում, Հայաստանում քիչ է լինում, բայց հայ
արտադրողին կարողացել է հայտնաբերել: Նա գործիքներ է վաճառում նաեւ
Թուրքիայում եւ իր առաջարկած ապրանքատեսակների մեջ ընդգրկել է նաեւ
հայկականը:

«Ավելի էժան են եւ որակով,- ասում է Ալին: -Թող իրենք էլ զարգանան՝ մեզ էլ է օգուտ, իրենց էլ»:

«Միայն մասնավորների համագործակցությամբ այդ ոլորտը դժվար թե զարգանա,-
ասում է Արմեն Միքայելյանը: -Պետության կարգավորիչ դերն անհրաժեշտ է»:

Աշնանն Ազգային ժողովը կքննարկի եւ կընդունի ոսկեգործության մասին նոր
օրենք, որը նպատակ ունի կարգավորել ոլորտում տիրող անվերահսկելի
իրավիճակը: Իսկ թե ինչպե՞ս կծառայի ոսկեգործության զարգացմանն ու
ստվերային գործունեության կրճատմանը, դեռ շատ վաղ է գուշակել:

Հ.Գ. Ի դեպ, վերջին տարիներին «Երեւանի ոսկերչական գործարանը»
տրոհվեց երկու մասի: Այս մասին պարզաբանում խնդրեցինք նախկին տնօրեն Էմիլ
Գրիգորյանից:

«1997թ. երբ գործարանը ծանր կացության մեջ էր, հարկավոր էր արագ լուծում
գտնել: Կառավարության հետ մշակվեց ծրագիր, ակտիվ մասն առանձնացվեց, տրվեց
լավ բիզնես խմբի, որը 1-2 տարվա մեջ կարողացավ վերականգնել եւ արտադրանք
տալ: «Դա «Ոսկերչական գործարան-1»-ն է, որը սեփականաշնորհվեց,- ասաց նա:
-Բաժնետերերը գերմանական, ռուսական եւ տեղական ֆիրմաներ են, ունի 1450
բաժնետեր, 1400-ը տեղացիներ են, 50-ը` դրսի մասնակիցներ: Իսկ նախկինը՝
արդեն «Ոսկերչական գործարան 0-ն» ունի շատ փոքր արտադրություն, այնտեղ
հիմնականում ինժեներական եւ մարքետինգային բաժինն է, նույն
համամասնությամբ սա էլ է սեփականաշնորհվում: Այս երկու գործարաններն ունեն
պատվիրատու-կատարող հարաբերություններ»:

Պարոն Գրիգորյանը երկուսում էլ բաժնետեր է, ինչ բաժնեմասով՝ չմանրամասնեց: