Ոսկին էլ է արդեն կեղծ

09/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայերը միշտ եղել են ոսկի սիրող ժողովուրդ ու դա ոչ միայն արտահայտվել է
միանգամից շատ ոսկյա զարդեր կրելով, այլեւ ոսկեղեն դիզելով: Ի դեպ, այդպես
էլ չսովորեցինք ոսկե զարդեր կրելու կուլտուրան ու չհասկացանք, որ կարեւորը
քանակը չէ, այլ որակն ու ճաշակը:

Բայցեւայնպես, այլեւս չենք զարմանում, երբ հանգստի գոտում տեսնում ենք
խորոված ճաշակող ոսկեզարդ տիկնոջ կամ էլ, թե ինչպես է գեր տղամարդն իր
քաշից ծանր ոսկե վզնոցով մտնում Սեւանա լիճը: Ինչ վերաբերում է ոսկի
դիզելուն, ապա այս «բիզնեսով» դեռ մեր տատիկներն էին զբաղվում, իսկ այսօր,
երբ դոլար ու եվրո կուտակելն այնքան էլ վստահելի չէ, հայերից շատերը նորից
վերադարձել են ավանդական գործին՝ ոսկի կուտակելուն: «Ոսկու գինը օր օրի
բարձրանում է: Այս տարվա ընթացքում գինն անընդհատ բարձրացել է: Նման բան
չի եղել երբեւիցե»,- ասում են մասնագետները:

Ոսկու շուկայի հենց մուտքում «ոսկի կգնեմ» արտահայտությունն այնքան
վարակիչ է հնչում, որ դեռ շուկա չմտած՝ անկախ քեզանից դու էլ ես
հետաքրքրվում գներով ու այդ առեւտրի մասնակիցը դառնում: Ոսկու շուկայում
ամեն երկրորդ սեղանի վրա գրված է ՝«գնում եմ ոսկի»: Երբ հարց ես տալիս, թե
որտեղի՞ց են գնում, անկեղծ պատասխանում են՝ «Աղջիկ ջան, ի՞նչ գործ ունես,
այս թեմայով նյութ ես գրում, սա մութ շուկա է»: Ոսկու ձուլակտորները
հիմնականում ձեռք են բերվում բանկերից: Սրանք տեղական ոսկի չեն, քանզի
տեղականը չունի անհրաժեշտ մաքրություն եւ որակ: Եթե ժամանակին Մոսկվայից
էր ոսկին բերվում, ապա գործից տեղյակ մարդկանց ասելով` հիմա Շվեցարիայից
են բերում: Ե՛վ ոսկու շուկաներում աշխատողները, եւ՛ առանձին ոսկերիչներ
անկեղծորեն ասում են, որ «իրականում սա այնքան էլ մաքուր գործ չէ: Պարզ է,
հզոր մեկը կանգնած է այս գործի ետեւում, դրա համար այս հարցը
փակվում-գնում է»: Այդ իսկ պատճառով` ոսկերիչներից ու վաճառողներից եւ ոչ
մեկը չցանկացավ ոչ լուսանկարվել եւ ոչ էլ ներկայանալ: «Խոսելը` կխոսենք,
որովհետեւ մեզ էլ է պետք, որ այս դաշտը մաքուր լինի, թե չէ ամեն մի ավազակ
ոսկերիչ է դարձել ու նորմալ ոսկերիչների գործին խփում է: Բայց եթե
դեմքներս ու անուններս իմանան, կարող է մեզ համար խնդիր ստեղծեն»: Բոլոր
մեքենայությունների պատճառն այն է, որ այս դաշտը չի վերահսկվում: «Այսօր
գնորդն իսկական ոսկի գնել գրեթե չի կարող,- ասում են շատերը,- հիմա
կեղծիքը շատ է, կարող ես մի տեղից առնել, հետո ստուգել տալ ու տեսնել, որ
գրած պրոբը՝ հարգը, իրականությանը չի համապատասխանում: Իսկական
արհեստավորներ կան, բայց խալտուրայով զբաղվողներ՝ ինչքան ուզես»: Այսպես
ասած՝ «խալտուրայով» զբաղվողները միայն ոսկերիչներն ու վաճառողները չեն,
գնորդներն էլ ետ չեն մնում: Հիմա ապրանք գնելու նոր ձեւ է՝ էժան գնել,
թանկ պիտակով նվիրել: «Ամենաէժան զարդը վերնիսաժի շուկայում 10 դոլարով էլ
կառնես, բայց դա արժեք չունեցող իր է: Կես գնով էլ հետո չես կարող
վաճառել: Հարսանիքի մատանին նվազագույնը 80-90 դոլարանոց պետք է լինի, որ
իրենից արժեք ներկայացնի»,- ասում են վաճառողները:

Տեղական եւ արտասահմանյան ոսկեղենի տարբերությունը որակն է: Թեպետ մեր
վարպետները վատ մասնագետներ չեն, բայց արտասահմանյան զարդերի դիզայնն
ավելի հետաքրքիր է եւ ժամանակակից: Ընդունված է ասել, որ լավագույն ոսկյա
զարդն իտալականն է, բայց եթե այն իսկապես իտալական է: «Հիմա ինչ տեսակի
կեղծ պրոբ ասես չկա: Կարող է վաճառողը քեզ ցույց տալ, որ՝ տես, իտալական
կամ ռուսական պրոբ է խփված զարդին, բայց մեծ մասամբ սուտ է լինում: Ամեն
տեսակի պրոբ էլ կարողանում են կեղծել»,- ասում է մի հայտնի ոսկերիչ, որը
ոսկեղեն է պատրաստում ֆիրմային կոչվող ոսկերչական խանութներից մեկի համար:

Ոսկերիչներից մեկի հավաստմամբ՝ ոսկու առքուվաճառքով զբաղվողներից
ամենաճարպիկներին հաճախ է հաջողվում խաբել մաքսային աշխատողներին, թեպետ
«փորձառու» մասնագետները ոսկեղեն գտնում են նույնիսկ մուրաբաների ու
տոլմաների մեջ: «Մարդիկ իրենց վրա են տանում ոսկեղենը, շատ անգամ լավ էլ
պլստում են,- ասում են այս գործից լավ հասկացողները: -Քիչ չեն նաեւ
այնպիսի դեպքերը, երբ մաքսային աշխատողներն են օգնում տեղափոխել
ոսկեղենը»: Ոսկերիչներից մեկն էլ պատմեց, որ երեւանյան խանութներից
մեկում՝ «Ուռենիում», կողոպուտ էր եղել եւ մեծ քանակությամբ ոսկի էր
գողացվել: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ոսկեղենն արդեն դուրս է
հանվել Հայաստանից: Համենայն դեպս, այդպես է ասում իմ զրուցակից
ոսկերիչներից մեկը: «Հարց է ծագում, ինչպե՞ս են աշխատում մաքսային
աշխատողները, որ այդքան մեծ քանակի ոսկին կարող է հեշտ ու հանգիստ դուրս
գալ մեր երկրից,- ասում է ոսկերիչը,- դե արդեն հասկացեք, թե ինչ բիզնես է
ոսկու բիզնեսը»: