Այսօր` հուլիսի 20-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարելու է մրցույթ 18 հեռուստաընկերությունների համար: Մրցույթի անցկացման համապատասխան կարգը` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին հանձնաժողովի նիստում ընդունվել է հուլիսի 15-ին: Ըստ կարգի, մրցույթի հայտարարության օրվանից սկսված 83-ից մինչեւ 3-րդ օրը ներառյալ հանձնաժողովը ստանալու է մրցույթին մասնակցելու հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ մրցույթում հաղթողի անունը հանձնաժողովը հրապարակում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 150-րդ օրը, բաց վարկանիշային քվեարկությամբ: Այսինքն, հոկտեմբերի կեսերին մրցույթին մասնակցող ընկերությունները արդեն կներկայացնեն իրենց հայտերը, իսկ դեկտեմբերի կեսին վարկանիշային քվեարկությամբ կկայացվեն համապատասխան որոշումները: Ի դեպ, մրցույթի մասնակիցների թիվն անսահմանափակ է լինելու, սակայն նրանցից ընտրվելու են միայն 18-ը: Հիշեցնենք, որ այժմ գործում է 22 հեռուստաընկերություն: