Ափսոս էր երեխան

20/07/2010

Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարը մի քանի նոր իրողություններ արձանագրեց Հայաստանի քաղաքական դաշտում: Իրողություններ, որոնք հետհամագումարյան առաջին վերլուծությունների ու կարծիքների լույսի ներքո առայժմ թերեւս ամբողջությամբ չեն գնահատվել: Նախ՝ ավելի քան քսան տարվա պատմություն ունեցող, նորանկախ Հայաստանի հիմնախնդիրներից մեկը համարվող ՀՀՇ-ում տեղի ունեցավ իշխանափոխություն` բառի ամենալայն իմաստով: ՀՀՇ նորընտիր վարչության «ջախջախիչ մեծամասնությունը» գրեթե առնչություն չունի այն սկզբնաղբյուրների հետ, որոնց հիման վրա ձեւավորվել էր այդ կուսակցությունը: Այսինքն` իշխանություն ունենալուց, իշխանափոխությունից հետո, մինչեւ վերջերս ամենատարբեր փորձություններ հաղթահարած ու նաեւ՝ դրանով մյուս ուժերից տարբերվող այդ կուսակցությունը տարրալուծվեց հայաստանյան քաղաքական դաշտում: Մյուս իրողությունը մինչեւ այժմ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժ համարվող ՀԱԿ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն է: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի քաղաքական նշանակությունը` անկախ դրա ամենատարբեր վերծանումներից, հանգում է նրան, որ ՀՀ իշխանությունները առնվազն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ընդդիմության կողմից որեւէ խոչընդոտի չեն հանդիպելու: Ընդ որում, եթե նախկինում Լ. Տեր-Պետրոսյանն ասում էր, որ պատերազմի վտանգի դեպքում ՀԱԿ-ը կդադարեցնի հրապարակային գործողությունները եւ իր համակիրներին կոչ կանի լծվել սահմանների պաշտպանության գործին, ապա նա այսօր գրեթե ուղղակիորեն հայտարարում է, որ պատերազմը սպառնալիք է, այնպիսի սպառնալիք, որ դրա այլընտրանքին` փոխզիջումներին գնալու հարցում ՀԱԿ-ը իշխանություններին չի դիմադրի: Եվ եթե իսկապես իշխանությունները ներկայումս պատրաստվում են այն զիջումներին, որոնց մասին խոսվում է ԼՂ հարցի կարգավորման ակտիվացման վերջին փուլում, ապա իշխանությունների համար սրանից ավելի մեծ աջակցություն դժվար է գտնել նույնիսկ հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում` սկսած Եղիազար Այնթապեցու ժամանակներից: Այնպես որ, շաբաթ օրվա համագումարը կարելի է բեկումնային կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, ջրբաժանային համարել Հայաստանի քաղաքական դաշտի համար: Այն ընդդիմությունը, որը Սերժ Սարգսյանի իշխանությունն ուներ 2008 թվականի փետրվարի 19-ից հետո, այլեւս դադարել է գոյություն ունենալուց: Հիմա Հայաստանում կա իշխանություն, իշխանական քաղաքական ուժեր, նրանց սպասարկող կեղծ ընդդիմադիրներ եւ Հայ Ազգային կոնգրես: Իսկ ՀԱԿ-ին նշված կատեգորիաներից որեւէ մեկին դասելն արդեն ճաշակի հարց է: