Թուրքիայով` Նախիջեւան

20/07/2010

Անկարայի եւ Բաքվի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն` Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը 500 մլն խմ ադրբեջանական գազ մատակարարելու առնչությամբ: Թուրքիան գազի տարանցումն իրականացնելու է անվճար: Թուրքական «Radikal» թերթի փոխանցմամբ` համաձայնագիրը հուլիսի 17-ին Նախիջեւանում կնքվել է Թուրքիայի գազի եւ նավթի առաքմամբ եւ մատակարարմամբ զբաղվող պետական ընկերության (BOTAS) նախագահ Բազըլ Շենելի եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաեւի միջեւ: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ելույթ է ունեցել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը` տեղեկացնելով, որ Իգդիր-Նախիջեւան գազատարն ունենալու է 180-200 կմ երկարություն: Համաձայնագրի ստորագրումից հետո թուրքական պատվիրակությանն ընդունել է Նախիջեւանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովը: Վերջինը, խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին, հույս է հայտնել, որ այդ գազատարով ավելի են ամրապնդվելու երկկողմ հարաբերությունները: «Ողջ աշխարհը գիտի` Ադրբեջանի շահը Թուրքիայի շահն է, իսկ Թուրքիայի շահը` Ադրբեջանինը: Այդ բարեկամությունն օրեցօր ավելի է զարգանում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում»,- հայտարարել է Թալիբովը: