ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը բավական դրական է գնահատել ՀՀՇ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: «Այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում չկային այն հայհոյանքները` ավազակապետություն եւ այլն, չկային ընտրությունները կեղծելու մասին շեշտադրումներ: Այդ առումով բավականին դրական է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահը: Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշել էր, որ առանց ղարաբաղյան հարցի լուծման «Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական վիճակի բարելավման հեռանկար չունի», եւ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է»: Այս պնդումների հետ Ռ.Զոհրաբյանը համաձայն չէ. «Մենք այս շրջափակման պայմաններում ունեցել ենք զարգացում` առանց հայ-թուրքական հարաբերությունը զարգացնելու եւ առանց Ղարաբաղի հարցում զիջումներ անելու: Լ.Տեր-Պետրոսյանը կրկնում է 98 թվականի իր մոտեցումները»: Լ.Տեր-Պետրոսյանի պնդումների հետ համաձայն չէ նաեւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Քանի որ Լ. Տեր-Պետրոսյանը չի նշում, թե ինչպես պետք է կարգավորվեն իր իսկ կողմից նշված հարցերը, ապա հարցադրումը դառնում է անիմաստ եւ անպտուղ: Եթե, օրինակ, նա ասի, թե որեւէ տարածք չպետք է հանձնվի Ադրբեջանին, եւ մենք պետք է Ադրբեջանին համոզենք, որ սա է ճիշտը, սա, իհարկե, հարցի լուծման ճանապարհ է։ Կամ եթե, օրինակ, ասվեր, որ Արեւմտյան Հայաստանը վիճելի տարածք է, եւ Թուրքիային կարողանանք համոզել, որ այդ վիճելի տարածքի հետ կապված՝ մենք պետք է բանակցենք Թուրքիայի հետ եւ ընդհանուր հայտարարի գանք, դա էլ է մի ճանապարհ: Կարող է եւ հակառակը լինել՝ հրաժարվում ենք Արեւմտյան Հայաստանից, հրաժարվում ենք Ղարաբաղից: Սա էլ է լուծում: Այս տեսանկյունից, քանի դեռ չկան պարզաբանումներ, այս պնդումն անպտուղ է»,- նշել է նա եւ հավելել, որ եթե այս հարցում Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը չի փոխվել, ապա ավելի հավանական է իր նշածներից երկրորդ տարբերակը, այսինքն՝ հայկական կողմը բանակցում է տարածքներ հանձնելու շուրջ: «Բոլոր նրանք, ովքեր հիշում են 90-ական թվականների Լ.Տեր-Պետրոսյանին, ոչ մի նոր բան չլսեցին: Բացարձակապես պարտվողական դիրքորոշում էր, ընդ որում` պարտվողական ոչ միայն թուրքերի ու ադրբեջանցիների, բայց նաեւ իշխանությունների նկատմամբ: Հիմնականում ելույթը կրկնում է, Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչեւ Ղարաբաղի հարցում զիջումներ չանենք»,- իր հերթին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հորդորել է զերծ մնալ Ղարաբաղը մեր զարգացումների արգելակ ներկայացնելուց. «Ավելորդը մեր առօրյայում Լեռնային Ղարաբաղը չէ, որպեսզի այն հանձնենք եւ լավ ապրենք: Ցավոք, կար այդ տոնայնությունը, կար այդ բաց ուղերձը Տեր-Պետրոսյանի ելույթում: Այն դեպքում, երբ մեր բոլորիս զարգացման գրավականը, դա բոլորիս համար արդար խաղի կանոններ հաստատելն է»: