ՀՀՇ կուսակցության անցած շաբաթ տեղի ունեցած 16-րդ համագումարը բազմաթիվ հարցադրումներ առաջադրեց Հայաստանի քաղաքական դաշտում:
Գուցե քաղաքական դաշտի անմիջական մասնակիցների համար այդ հարցերը պարզ էին ու բացատրելի, սակայն քաղաքականապես ակտիվ հասարակության համար համագումարը, մեղմ ասած, լրացուցիչ մտորումների տեղիք տվեց: Նախ ՀԱԿ-ով եւ նրա գործունեությամբ հետաքրքրված շրջանակների համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ՀՀՇ-ում ինչո՞ւ տեղի ունեցավ «իշխանափոխություն»: Համագումարն այս հարցին պատասխան չտվեց: Ինչո՞ւ հրաժարական տվեցին ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Արդյո՞ք այս 2,5 տարիների ընթացքում այնքան էր լճացել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված կառույցը, որ ՀՀ-ում իշխանափոխությունը չհաջողացնելու պատճառով սկսեց ներսում խնդիրներ առաջացնել: Համագումարում ունեցած իր ելույթում Լ.Տեր Պետրոսյանը որեւէ փաստարկված բացատրություն չներկայացրեց կատարվածի վերաբերյալ, միայն ասաց, թե վերջին շրջանում ՀՀ իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության ու ՀԱԿ-ի միջեւ: «Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել»,- հայտարարեց նա: Լ.Տեր-Պետրոսյանը անուններ չտվեց, թե իշխանություններն ում միջոցով են փորձել իրականացնել այդ «վնասարարությունը», սակայն ակնհայտ էր, որ սլաքն ուղղված էր ՀՀՇ արդեն նախկին ղեկավարների դեմ: Իսկ հրաժարականից անմիջապես հետո ՀՀՇ-ից կատարվածը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ Խ.Քոքոբելյանը որոշակի տարաձայնություններ է ունեցել ՀԱԿ-ի քաղաքական ուղեգծի վերաբերյալ, առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի եւ վճռական գործողություններով: «Ինչ վերաբերում է կատարվածի վերաբերյալ տարբեր ասեկոսեներին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ ի դեմս Խ. Քոքոբելյանի` որոշակի անձինք լուրջ քաղաքական մրցակից են տեսնում»,- հայտարարել էր ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանը: Նշված հարցադրումներին ՀՀՇ վարչության համագումարում ոչ Լ. Տեր-Պետրոսյանը, ոչ էլ կուսակցության որեւէ այլ ներկայացուցիչ չկարողացավ պատասխանել: Ինչեւէ: Շաբաթ օրվա համագումարի արդյունքում ընտրվեց ՀՀՇ վարչության նոր նախագահ` Արամ Մանուկյանը, եւ վարչության նոր կազմ, որտեղ ընդգրկված էին նաեւ Վանո Սիրադեղյանն ու Ա.Զուրաբյանը: Վերջինս համագումարին հետեւում էր միջանցքից, իսկ Խ.Քոքոբելյանն ընդհանրապես չէր մասնակցում դրան: Տարածված կարծիք կա, որ տարիներ շարունակ ՀՀՇ-ում առանձնացվել են Վ.Սիրադեղյանի եւ Լ.Տեր-Պետրոսյանի թեւերը: Եվ հրաժարական տված կուսակցության ղեկավարները Վ.Սիրադեղյանի թեւի ներկայացուցիչներն էին: Իսկ այս անգամ կուսակցության նոր վարչության կազմում ընդգրկված մարդիկ, որոշ կարծիքների համաձայն, գտնվում են Տեր-Պետրոսյանի անվերապահ ազդեցության տակ: Եվ պատահական չէ, որ համագումարի ընթացքում, դահլիճից դուրս` միջանցքներում, բավականին հակասական մթնոլորտ էր տիրում: Հատկապես ՀՀՇ տարածքային կառույցների ներկայացուցիչների համար անհասկանալի էր, թե իրենց կուսակցությունում ինչո՞ւ տեղի ունեցավ այդ փոփոխությունը, այդպիսով ի՞նչ է ցանկանում անել Լ.Տեր-Պետրոսյանը: Վերջին համագումարը հարցականներ առաջացնելու եւ դրանց պատասխանները չտալու առումով թերեւս տարբերվում էր իր նախորդներից: Եվ պատվիրակների մոտ ավելի շատ տարակուսանք, քան թե ոգեւորություն կար: Գաղտնիք չէ, որ ՀՀՇ-ն ՀԱԿ-ի առաջատար ուժերից է կամ այդպիսին էր մինչեւ վերջերս, եւ հետագա բոլոր զարգացումների դեպքում կցանկանար պահպանել այդ կարգավիճակը: Ընդդիմադիր ՀԱԿ-ը ուշ թե շուտ կկանգներ նոր ղեկավար ունենալու խնդրի առաջ: Կամ կառույցի 18 կուսակցություններից յուրաքանչյուրը կցանկանար ինքը լինել ՀԱԿ-ի շարժիչ ուժը: Եվ ակնհայտ է, որ ՀԱԿ-ում կան բազմաթիվ գործիչներ, ովքեր առաջնորդ դառնալու ձգտումներ ունեն, եւ կան տարիների պայքարի փորձ ունեցող ուժեր: Անկախ այն հանգամանքից, որ առաջնորդ դառնալ ցանկացողներից շատերն, իսկապես, եղել են եւ արժանի են այդ կոչմանը, այնուամենայնիվ, ՀԱԿ-ում նկատելի է նաեւ այս պայքարը: Եվ հավանական է, որ ՀՀՇ-ում տեղի ունեցած փոփոխությունները հենց այս պայքարի արդյունքում էին, որ կուսակցությունն ավելի վերահսկելի լիներ: Եվ եթե այնքան ցանկալի արտահերթ ընտրություններն այդպես էլ չլինեն, չի բացառվում, որ ՀԱԿ-ում լինեն այլ կարգի փոփոխություններ կամ զարգացումներ եւս: ՀՀՇ համագումարի արդյունքում առաջացած հարցականների մի մասն էլ վերաբերում էին Լ.Տեր-Պետրոսյանի ելույթին ու ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունների մասին նրա հնչեցրած մտքերին: ՀԱԿ-ի հրավիրած վերջին հանրահավաքը ապրիլի 6-ին էր: Եվ այս մի քանի ամիսներին ԼՂՀ հակամարտության հետ կապված բավականին այցեր, հանդիպումներ, հայտարարություններ են եղել, եւ ՀՀՇ-ի համագումարին սպասողները նաեւ ակնկալում էին, թե այդ մասին իր ելույթում ինչ կասի առաջին նախագահը: Մինչդեռ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը իրավիճակը պարզեցնելու փոխարեն՝ առաջացրեց նոր հարցեր: Նախ՝ շրջանցելով ներքաղաքական խնդիրները` ՀԱԿ առաջնորդը խոսեց միայն ԼՂ-ի մասին եւ ՀՀ-ի քաղաքական վարքագիծը թելադրող 5 իրողությունները կապեց միայն ԼՂՀ խնդրի հետ: 1-ինն ընդգծեց, որ քանի դեռ ԼՂՀ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, ՀՀ-ն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական վիճակի բարելավման հեռանկար չունի: 2-րդ իրողությունն, ըստ նրա, այն է, որ քանի դեռ ԼՂՀ հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վտանգը վերացած չէ: 3-րդը` առանց ԼՂՀ հարցի լուծման հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի: 4-րդը` ԼՂՀ հարցը չի լուծվում, որովհետեւ այն Արեւմուտքի համար առաջնային չէ: Եվ 5-րդը, Տեր-Պետրոսյանի համոզմամբ, ԼՂ-ի հարցի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում է: Քննարկման առարկա դարձավ հատկապես առաջին պնդումը, որտեղ նա շեշտեց, թե Հայաստանը զարգացման հեռանկար ունի միայն ԼՂՀ խնդրի կարգավորման դեպքում: Այս մտքից հետո շատերը հիշեցին Տեր-Պետրոսյանի` 2007թ. սեպտեմբերի 21-ի ելույթը, որով նա քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց: Այդ ելույթում ԼՂՀ հարցի լուծման մասին խոսելիս նա հայտարարեց, թե իրավիճակից դուրս գալու ելքը թեեւ դժվար հաղթահարելի, բայց միանգամայն հստակ է։ «Նախ պետք է մաքրել սեփական ախոռները եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը, վերականգնել ՀՀ սահմանադրական կարգը, անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ, ստեղծել հիրավի ժողովրդավարական, իրավական, ազատ եւ արդար պետություն` քաջ գիտակցելով, որ ԼՂՀ ապագան լիովին կախված է ՀՀ-ի հզորությունից»,- 10-ամյա լռությունից հետո 2007թ. հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը: Այդ ի՞նչ փոխվեց, որ 3 տարի հետո ՀՀ առաջին նախագահը կտրուկ փոխեց իր կարծիքը, այս անգամ ինչո՞ւ որոշեց, որ առանց սահմանադրական կարգը վերականգնելու, կոռուպցիան, հովանավորչությունը, պաշտոնեական չարաշահումները վերացնելու, առանց ժողովրդավարական, իրավական, ազատ եւ արդար պետություն ստեղծելու ԼՂՀ հարցը կլուծվի: Միգուցե իսկապես ճիշտը նախ ԼՂՀ հարցի լուծո՞ւմն է, եւ 2007-ին ինքը թյուրընկալում ուներ: Այդ դեպքում ինչի՞ արդյունքում է փոխվել ընդդիմադիր հսկա զանգվածի առաջնորդի կարծիքը: Այդ մասին Լ.Տեր-Պետրոսյանը չի ակնարկել: Կամ եթե լուծվեն հայ-թուրքական ու ԼՂՀ խնդիրները, եւ սահմանը բացվի, մեր երկիրը կունենա՞ ցանկալի զարգացումը: Արդյո՞ք նույն կոռուպցիայի, հովանավորչության եւ պաշտոնեական չարաշահումների պայմաններում բաց սահմանները կկարողանան զարգացնել մեր երկիրը:
Բուռն քննարկման առարկա դարձավ նաեւ այն պնդումը, թե քանի դեռ ԼՂՀ հարցը լուծված չէ, պատերազմի վտանգը վերացած չի կարելի համարել: Արդյո՞ք այսպիսով Տեր-Պետրոսյանն ամրապնդում է պատերազմի վերսկսման հավանականությունը` դրանով իսկ պաշտպանելով տեսակետը, թե ԼՂՀ խնդրի լավագույն տարբերակը հակամարտության շուտափույթ լուծումն է՝ փոխզիջումային տարբերակով: Իհարկե, առանց նախանշելու, թե որոնք են հնարավոր փոխզիջումները: Այս երկու շեշտադրումներով, փաստորեն, նա ՀՀ-ի առաջ ծառացած խնդիրներից առաջնային է համարում ԼՂՀ հարցի լուծումը: Եվ այս տեսակետն է, որ քաղաքական շրջանակներում կասկած է առաջացրել, թե Տեր-Պետրոսյանը անուղղակիորեն քարոզում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: Վերջինս նախագահ դառնալուն պես մի կողմ դրեց ներքին խնդիրները եւ վիճարկելի ընտրությունների տպավորությունը թուլացնելու համար միանգամից լծվեց ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերի կարգավորմանը: Անկախ այն հանգամանքից, թե գործող նախագահն ինչ է հաջողել կամ կորցրել այս հարցերում, մի բան պարզ է, որ Ս.Սարգսյանը չի վերացնում կամ չի ցանկանում վերացնել Տեր-Պետրոսյանի նշած կոռուպցիան, հովանավորչությունը եւ պաշտոնական չարաշահումները: Իր զբաղվածության դաշտը լցնում է երբեմն՝ հայ-թուրքական, երբեմն էլ՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններով: Ի դեպ, համագումարից անմիջապես հետո ՀԱԿ անդամ որոշ գործիչներ հայտարարեցին, թե համաձայն չեն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ առանց ԼՂՀ հակամարտության լուծման՝ Հայաստանը զարգացման հեռանկար չի ունենա: Այդ մտքի հետ համաձայն չէին Ժիրայր Սէֆիլյանն ու Քաղբանտարկյալների ու հալածյալների կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը: Առաջինն անհեթեթություն էր համարել այդ տեսակետը: Իսկ Կ.Ռուբինյանը պարզապես ասել էր, թե համամիտ չէ: Ի դեպ, վերջինիս թեկնածությունն առաջադրվել էր ՀՀՇ վարչության անդամի ընտրություններում, բայց նա չէր ընտրվել: Իսկ վարչության կազմում, ՀՀՇ 28 անդամների հետ միասին, ընտրվել էին նաեւ քաղբանտարկյալներ Աշոտ Մանուկյանը, Արամ Բարեղամյանն ու Հարություն Ուռուտյանը: