Մասնագետների գնահատմամբ՝ հայաստանյան կենցաղի փոփոխությունը, ոչ մաքուր սննդի
օգտագործումը, էկոլոգիական աղտոտումը մարդկանց առողջության վրա բացասական ազդեցություն են թողնում:
Շատացել են կանանց քաղցկեղային հիվանդությունները, դիաբետը, նյարդային
համակարգի, սրտանոթային անբավարարության, հիպերտոնիկ, ինֆեկցիոն
հիվանդությունները, որոնք հիմնականում վատ կենսակերպի հետեւանք են:
Հատկապես խրոնիկ հիվանդների աճ է արձանագրվել, բացի այդ, ավելացել են
սեզոնային հիվանդությունները, քանի որ մարդկանց իմունային համակարգը թույլ
է եւ խոցելի՝ հաճախ թեթեւ մրսածությունը հետագա բարդությունների առիթ է
դառնում: Բացի այն, որ հիվանդների թիվը շատացել է, հիվանդությունների թիվը
նույնպես աճել է:
Այսօր ամենից շատ սպառվում են ցավազրկող, հակաալերգիկ, հիպերտոնիկ,
սրտանոթային սրացումները կանխարգելող, նյարդային համակարգը հանգստացնող
դեղեր։
Թերեւս հիվանդների քանակն է պատճառը, որ ոմանք գայթակղվում են դեղերի
եկամտաբեր բիզնեսով: Դեղերի ապրանքային շուկան գերհագեցած է, քանի որ
սպառողների թիվն ավելանում է: «Դեղի առեւտուրը շահութաբեր է». այս
տրամաբանությամբ անհատ ձեռներեցները կրպականման դեղատներում, շատ
դեպքերում՝ հակահիգիենիկ պայմաններում, կասկածելի որակի դեղերի վաճառք են
կազմակերպում: Այսօր շատ դեղատների աշխատողներ չունեն մասնագիտական
գիտելիքներ կամ համապատասխան որակավորման վկայական։
Այսուհանդերձ ի՞նչ են առաջարկում հիվանդին հայաստանյան դեղատները: «9-11»
դեղատնային ցանցի տնօրեն Մարինե Դալլաքյանի խոսքերով՝ արդեն երկու տարի
դեղերի շուկայում գործող իրենց ցանցի նպատակն է՝ հիվանդին վաճառել
արտոնագրված, որակյալ դեղորայք: Նրա կարծիքով՝ անօրինական ճանապարհով
Հայաստան են ներմուծվում մեծ քանակությամբ դեղորայք, հիգիենայի պարագաներ,
որոնք չունեն որակի արտոնագիր, անօրինական են եւ կասկածելի: Թեեւ օրենքը
խիստ է, վերահսկող մարմինները պարբերաբար ստուգումներ են իրականացնում,
այդուհանդերձ, դեղատներում իրացվում են անորակ, անգամ պիտանելիության
ժամկետն անցած դեղորայք եւ նույնիսկ մանկական սնունդ: Այդ դեղորայքը
հիմնականում ներմուծվում է Վրաստանից, քանի որ այնտեղ դեղերի ստվերային
արտադրություններ կան, որոնք աշխատում են գաղտնի, նկուղային պայմաններում:
Այդ ճանապարհով արտադրված դեղերը վրացիները բնականաբար ցածր գնով են
իրացնում, իսկ հայ ներմուծողներն էլ իրենց հերթին բավական էժան գներով
Հայաստանում վաճառում են: «Ամեն դեպքում, «Դեղգործակալությունը»
հսկողությունն ուժեղացրել է,- ասում է Մ. Դալլաքյանը,- որակական
չափանիշների հսկողությունը խիստ է, բայց ստվերային ճանապարհով ներմուծվող
դեղերի ծավալը դեռ մեծ է»: Հարցիս, թե Մաքսային ծառայություններն ինչո՞ւ
չեն առգրավում անորակ դեղերը՝ Մ. Դալլաքյանը պատասխանեց. «Մաքսային
ծառայություններն իրենց պարտականությունները կատարում են, նրանք չեն
թերանում: Բանն այն է, որ անհատը կարող է գնալ Վրաստան եւ պայուսակով այդ
դեղերը բերել Հայաստան: Դա մաքսային ճանապարհով մուտք չի գործում»:
Չհամաձայնելով Մ. Դալլաքյանի կարծիքին՝ նշենք, որ Վրաստանից եկող ցանկացած
հայ քաղաքացու բեռներն ու ծանրոցները ստուգվում են, եւ մաքսակետերի
աշխատողները պարտավոր են հայտնաբերել անօրինական ճանապարհով ներմուծվող
դեղորայքը:
Առողջապահության նախարարության «Դեղագործական գործունեության
կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման» բաժնի պետ Վարդան
Դավեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի
Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի սահմանն անցկացնել
10 անուն դեղ, յուրաքանչյուրից ոչ ավելի քան երեք տուփ:
Մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայքն ազատ է ավելացրած արժեքի
հարկից։ Սա եւս նպաստում է դրա էժանությանը։ Իսկ էժանության շնորհիվ
սպառումը մեծանում է։
«Դեղերի շուկայում կարեւոր է ներմուծողի խիղճը, այսինքն՝ մարդը
գիտակցելով, որ հիվանդն է սպառողը, ինչքանո՞վ իրեն թույլ կտա նման դեղեր
բերել ու վաճառել»,- ասում է Մ. Դալլաքյանը: Նրա կարծիքով՝ վերահսկող
մարմինները պետք է հնարավորության սահմանում արգելեն նման դեղերի մուտքը:
Եթե սպառողը ժամկետանց դեղ է գնում, դրա պատասխանատվությունը կրում են ոչ
թե վերահսկող մարմիններն, այլ դեղատան աշխատողը: Գաղտնիք չէ, որ նման
դեղորայքը կարող է հակառակ արդյունք ունենալ՝ դառնալով մինչեւ անգամ
մահվան պատճառ: Դժբախտաբար նման դեպքեր եղել են մեզ մոտ: Մ. Դալլաքյանը
կոչ է անում դեղ գնելիս պարտադիր ուշադրություն դարձնել պիտանելիության
ժամկետի վրա, իսկ ժամկետանց դեղ գնելու պարագայում միանշանակ բողոքարկել
վերահսկող մարմիններին, պահանջել դեղի որակը հաստատող լաբորատոր
վերլուծական տվյալներ: Այս հանգամանքի վրա մասնավորապես պետք է
ուշադրություն դարձնեն խրոնիկ հիվանդները, քանի որ նրանք մշտապես դեղ են
գործածում եւ վճարում են հատկապես դեղի որակի համար՝ համոզված լինելով, որ
դեղն է իրենց օգնելու: «Նույն «Դիաբետոնը» (մեր տեղեկություններով՝ նաեւ
«Հակաբորբոքային «Զինացեֆ», «Սումամեդ» դեղերը) Հայաստան ներմուծվում է
նաեւ անօրինական ճանապարհով, այսինքն՝ բերում են շատ էժան գնով,- ասում է
Մ. Դալլաքյանը: -Ես միանշանակ չեմ կարող ասել, որ դա կեղծ «Դիաբետոն» է,
կարող է եւ պրեպարատն է, բայց հավանականությունը մեծ է, որ դա պատրաստվել
է Վրաստանի նկուղներում»: Այս խնդրի հետ կապված մեծ աղմուկ եղավ նաեւ
Մոսկվայում: Ռուսական առաջատար հեռուստաալիքներից մեկը ցուցադրեց
նկուղային այն տարածքները, որտեղ դեղերի ապօրինի արտադրություն կար:
Աստված գիտե, թե ինչ հումքից, ինչ բաղադրաչափով եւ ում ձեռքերով
պատրաստված դեղեր ենք օգտագործում, եւ ինչ հետեւանքներ կարող են ունենալ
դրանք։
Մաքսային պետական կոմիտեից անօրինական ճանապարհով ներմուծվող անորակ
դեղերի վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չտրամադրեցին, սակայն խոստացան
առաջիկայում մեկնաբանություն տալ: Մեր առաջիկա համարներից մեկում
կներկայացնենք նաեւ Մաքսային կոմիտեի համապատասխան բաժնի պետի կարծիքն այս
հարցի շուրջ: