Հերթական անիմաստ հանդիպումը

20/07/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Հայաստանի քաղաքական շրջանակներում հնչող կանխատեսումները, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Ալմաթիում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, իրականություն չդարձան:

Հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Թե նախքան հանդիպումը եւ թե հանդիպումից հետո ադրբեջանական եւ հայկական կողմի տարածած տեղեկությունները միմյանցից էականորեն տարբերվում են, որոշ տեղեկություններ նույնիսկ հակասում են միմյանց: Օրինակ, ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Ալմաթիում քննարկվելու է Լաչինը եւ Քելբաջարը Ադրբեջանին հանձնելու հարցը, իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում երբեւիցե չի քննարկվել Լաչինի եւ Քելբաջարի հարցը: Դրան ի պատասխան, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը Ալմաթիի հանդիպումից առաջ հայտարարեց, որ «դժվար է բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ, որը նայելով աչքերիդ մեջ՝ ասում է մի բան, իսկ հետո հեշտությամբ հրաժարվում է իր խոսքերից: Հուսով ենք, որ Ալմաթիի հանդիպումից հետո եւս հայկական կողմը չի հրաժարվի իր խոսքերից ու խոստումներից»: Հանդիպումից հետո եւս կողմերի տարածած տեղեկատվության մեջ ոչ մի ընդհանուր բան չկա: Հայկական կողմը քննադատում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, իսկ ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանին` կոշտ դիրքորոշման համար:

Ակնկալվում էր, որ հնգակողմ հանդիպումից հետո տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան հայտարարությամբ: Սակայն այդ սպասելիքները եւս չարդարացան, հանդիպումը չկայացավ, իսկ հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկան միայն համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները: Վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը, որն արվել էր Աթենքում, նրանք կողմերին հիշեցրել են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում համաձայնության գալու մասին ստանձնած պարտավորությունները: Նրանք երկու երկրներին կոչ են արել զերծ մնալ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքից: Իրենց հայտարարությամբ պատվիրակությունների ղեկավարները հաստատել են, որ 2009-ի հուլիսի 10-ին Լ’Ակվիլայում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների ընդունած եւ այս տարվա հունիսի 26-ին վերահաստատած տարրերը պետք է լինեն հակամարտության արդար եւ երկարատեւ կարգավորման հիմքը: Նրանք շեշտել են, որ առաջարկվող տարրերը ամբողջություն են, եւ դրանցից մի քանի տարրեր առանձնացնելու ցանկացած փորձ կխոչընդոտի խնդրի հավասարակշիռ լուծմանը: Ուշագրավ է նաեւ այն, որ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգը երախտագիտություն են հայտնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին` կողմերի միջեւ տարաձայնությունները հաղթահարելու համար ներդրած ջանքերի համար` հաշվի առնելով այս տարվա հունվարի 25-ին Սոչիում եւ հունիսի

17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները: Պատվիրակությունների ղեկավարները ընդգծել են, որ մինչ այսօր հակամարտության կողմերի ձեռնարկած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար: Նրանք անդրադարձել են նաեւ հունիսի 18-19-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպերին եւ նշել են, որ նման միջադեպերը մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում: Նրանք մտահոգություն են հայտնել նաեւ իրավիճակն ավելի թեժացնող հրապարակային ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ: «Ներկա իրավիճակը ստեղծվել է ուժի գործադրման պատճառով, եւ դրա կրկնությունը կարող է հանգեցնել տառապանքների, կործանման եւ հակամարտության ու թշնամանքի սերնդեսերունդ փոխանցման: Հակամարտության կողմերը պետք է ձեռնարկեն լրացուցիչ քայլեր` 1994 թվականի հրադադարն ամրապնդելու եւ հետագա քաղաքական երկխոսության եւ համաձայնությունների հասնելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ: Վերահաստատելով իրենց աջակցությունը` խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը հասնելու համար, սակայն նշել են, որ հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները:

Մեկնաբանելով այս հայտարարությունը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասել է. «Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, ինչպես միշտ, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով»: Արտգործնախարարը կարեւորել է, որ հայտարարության մեջ նշված է, թե հիմնախնդրի կարգավորման հայտնի 3 սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության, պետք է կիրառել միասնականորեն, այս դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել եւ դրանց մոտենալ ընտրովի: «Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է, չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ, չի կարելի ցուցաբերել ընտրովի մոտեցում: Այդ բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն եւ որպես միասնական առաջարկ»,- ասել է Է. Նալբանդյանը: Անդրադառնալով հրադադարի ամրապնդմանը, արտգործնախարարն ասել է. «Հայտարարության մեջ նորից շեշտվում է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարվեն: Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները եւս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի կարգավորման համար: Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից: Կարծեմ` այստեղ բոլորի համար ակնհայտ է` ում մասին է խոսքը, որովհետեւ խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը եւ որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը»:

Հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Է. Մամեդյարովը: «Հայաստանը պետք է հասկանա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրա ապակառուցողական մոտեցումը տանում է դեպի անորոշություն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարն ու վերահաստատել խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը. «Առաջին հերթին, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացրած տարածքներից, ապա վիճակը կփոխվի` տարածաշրջանում կբացվեն սահմանները, կվերականգնվեն ենթակառուցվածքները: Ինչ վերաբերում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ապա, հայերն արդեն ունեն իրենց պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, իսկ Լեռնային Ղարաբաղին կարող է տրամադրվել բարձր ինքնավարություն` Ադրբեջանի կազմում»: Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանն ափսոսում է, որ Ալմաթիում որոշում չի ընդունվել օկուպացված շրջանների ազատման վերաբերյալ:

Մեզ հետ զրույցում համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը մեկնաբանեց նաեւ ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Համանախագահ երկրները ավելի մեծ ակնկալիք ունեին այդ հանդիպումից, եւ այդ հայտարարությունը կարելի է բնութագրել որպես հիասթափվածության արտահայտություն, այն առումով, որ իրենք չկարողացան հասնել այն նպատակին, որ ակնկալում էին ունենալ Ալմաթիում: Պետք է հիշել, որ դրան նախորդել էր Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունը, որտեղ բացահայտ կոչ էր արվում Ալմաթիում հասնել առաջընթացի: Դժվար է ասել, թե ինչու չարձանագրվեց այդ առաջընթացը, ամեն դեպքում, կարծում եմ, որ մոտ ապագայում միջնորդները պետք է փորձեն ամրապնդել հրադադարի գործող ռեժիմը, որովհետեւ հայտարարության գլխավոր շեշտադրումը վերաբերում է ուժի կիրառումը բացառելու հանգամանքին: Ակնհայտորեն, իհարկե, դա ուղղված է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն է, որ պարբերաբար հայտարարում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին»,- ասում է Վ. Աթանեսյանն ու հավելում, որ առայժմ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ ենթարկվելու այդ հորդորներին. «Թե ինչպիսին կլինի Ադրբեջանի վերաբերմունքը, արդեն իսկ կարելի է ենթադրել Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի կողմից` հանդիպումից հետո արված հայտարարությունից: Փաստորեն, նրանք հայկական կողմին մեղադրում են ոչ կառուցողականության մեջ: Կարծում եմ, որ Ադրբեջանն ունեցել է չափազանցված սպասելիքներ այն իմաստով, որ միջնորդները կարող են Հայաստանին պարտադրել նախ վերացնել հակամարտության զինված փուլի հետեւանքները, հետո նոր անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության եւ այլ խնդիրներին, որոնք կենսական նշանակություն ունեն հայկական կողմի համար»: Քանի որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չկա, ապա ԼՂՀ ԱԺ պատգամավորը ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, հայկական կողմը պնդել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության երաշխիքների, կոմունիկացիոն հարցերի առաջնահերթությունը, որը Ադրբեջանի կողմից չի ընդունվել: Վ. Աթանեսյանը կարծում է, որ հայտարարության մեջ նշված այն կետը, որ կարգավորման տարրերից որեւէ մեկը չպետք է առանձնացվի, ավելի շատ վերաբերում է ադրբեջանական կողմին, քանի որ «նրանք անընդհատ շեշտում են կարգավորման սկզբունքներում տարածքային ամբողջականության գերակայությունը` անտեսելով ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նույնպես ամրագրված էր Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների հայտարարության մեջ»: Վահրամ Աթանեսյանը չի բացառում, որ Ղարաբաղը կարող է բանակցությունների կողմ դառնալ. «Ընդհանուր առմամբ, կողմերը տրամագծորեն հակառակ դիրքորոշմամբ մեկնել են Ալմաթի եւ Ալմաթիի հանդիպումից հետո էլ մնացել են իրենց դիրքորոշումների վրա: Այժմ համանախագահողները պետք է շահագրգռված լինեն եւ քայլ անեն, որպեսզի ամրապնդվի հրադադարի պահպանման ռեժիմը, եւ կարծում եմ, կարող է հնարավորություն լինել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդգրկվի քննարկումներում, քանի որ Ղարաբաղը 1994 թվականին հաստատված հրադադարի լիիրավ կողմ է եւ պատասխանատվություն է կրում հակամարտության գոտում իրավիճակի համար»: Իսկ թե ինչու հնգակողմ հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չստորագրվեց, կամ հակամարտող երկրների արտգործնախարարները հանդես չեկան հայտարարությամբ, Վ. Աթանեսյանն ասում է. «Առաջին հերթին համանախագահող երկրներն էին ակնկալում, որ հնգակողմ հանդիպումից հետո գոնե հայտարարություն կտարածվի ոչ միայն միջնորդ երկրների, այլ նաեւ հանդիպմանը մասնակից բոլոր կողմերի` Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից, ինչը տեղի չունեցավ: Այստեղ եւս գնահատականները խիստ տարբերվում են, Ադրբեջանը մեղադրում է, որ դա տեղի չունեցավ Հայաստանի արտգործնախարարի կոշտ դիրքորոշման պատճառով, իսկ Հայաստանի արտգործնախարարն էլ ոչ կառուցողականության մեջ մեղադրում է Ադրբեջանին: Ես հակված եմ ընդունել, որ ոչ կառուցողական պահվածք դրսեւորել է Ադրբեջանը, քանի որ այդ երկիրը կարգավորման հայեցակարգից առանձնացնում է տարրեր եւ այդ տարրերի վրա էլ կառուցում է իր արտաքին քաղաքականությունը, ինչը իրականությանը չի համապատասխանում: Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության եւ շեշտադրումները, եւ հղումները, եւ ենթատեքստային հասցեագրումները ավելի շատ վերաբերում են Ադրբեջանին, թեեւ, իհարկե, դիվանագիտական լեզվով ասած` փորձ է արված իրավիճակը հավասարակշռելու»: Նկատի ունենալով այն, որ հայտարարության մեջ, փաստորեն, հատուկ երախտագիտություն են հայտնում Ռուսաստանին, իսկ առաջիկայում էլ սպասվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան, հնարավո՞ր է` նոր, լուրջ փոփոխություն խնդրի կարգավորման ուղղությամբ: Ի պատասխան մեր այս հարցին, Վ. Աթանեսյանն ասում է. «Ոչ, որովհետեւ ես կարծում եմ, որ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների երախտագիտությունը պարզապես դիվանագիտական ժեստ էր: Նրանք ընդամենն ակնարկեցին, որ Ռուսաստանին չհաջողվեց կատարել այն, ինչին իրենք սպասում էին: Կարծում եմ, առաջիկայում փորձ կարվի գտնել նոր մոդերատոր»: