«Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ»

20/07/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Այս հարցի պատասխանն այսօր այլեւս սենտիմենտալ ծեքծեքումներ չի ուզում` անհրաժեշտ է գրին-քարտ եւ տանդ վաճառքից ստացած գումարը` տոմս ձեռք բերելու եւ Հայաստանից առաջին իսկ օդանավով հեռանալու համար:

ՀՀՇ համագումարին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը դարձյալ քննարկվում է այս տեսանկյունից` այն իշխանություններին փոխշահավետ համագործակցության առաջա՞րկ է, թե՞ անկեղծ մտահոգությունների հրապարակայնացում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է` ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան` Ղարաբաղյան խնդրի ստատուս-քվոյի խախտում, (փոխ)զիջումներ, ապա եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Ելույթ առ ելույթ վերլուծել այս կամ այն քաղաքական գործչի ասածն ու փորձել գտնել ուղղակի կամ անուղղակի ուղերձներ, արդեն հետաքրքիր չէ: Եվ ոչ էլ լուրջ: Հայաստանում կան խնդիրներ, որոնք, անկախ ամեն ինչից, խիստ կոնկրետ են եւ խիստ կոնկրետ են սպառնում մեր ազգային անվտանգությանը: Այդ առումով ՀԱԿ առաջնորդի ելույթում հետաքրքիր էր այդ խնդիրներից մեկի մատնանշումը` ժողովրդագրություն: Ըստ նրա` 11-րդ դարից այս կողմ հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը եղել է հենց դեմոգրաֆիան: Թեեւ հայերը գաղթել են բոլոր դարերում: Միջին դարերում գաղթել են հատկապես Բյուզանդիա, եւ, ընդ որում, գաղթել է հիմնականում հայ ազնվականությունը` գործունեության ազատ ասպարեզ գտնելու ակնկալիքով: Սփյուռքահայության սկիզբը դրվել է 11-15-րդ դարերում, երբ սելջուկների, մոնղոլների եւ թուրքմեն-թաթարների տիրապետության շրջանում հայերը բռնել են Վրաստանի, Հյուսիսային Կովկասի, Լեհաստանի, Բուլղարիայի, Կիլիկիայի եւ այլ երկրների ճանապարհները: Սակայն, հասկանալի է, որ այսօր եւ միջին դարերում գաղթի մոտիվները տարբեր են: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղի ստատուս-քվոյի պահպանման ջատագովները հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Արցախի բնակչությունն օրըստօրե պակասում է: Այսինքն` Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա օր առաջ: Այս դեպքում դժվար է հասկանալ` Արցախի եւ Թուրքիայի հետ չլուծված խնդիրնե՞րն են դառնում արտագաղթի պատճառ, թե՞ արտագաղթն է ազդում այդ խնդիրների լուծման վրա:

Հետաքրքիր է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս եւս առաջարկեց արտագաղթը նվազեցնելու միջոց, բայց ոչ թե Ղարաբաղի ստատուս-քվոն խախտելու միջոցով, այլ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների: Ըստ երկրի նախագահի` օտարալեզու դպրոցների բացումը Հայաստանում կխոչընդոտի արտագաղթին: Այսինքն` մեր տաղանդավոր երեխաները ստիպված չեն լինի բռնել օտարության ճամփան` լավ կրթություն ստանալու համար, այլ կնախընտրեն մնալ Հայաստանում:

Այնպիսի տպավորություն է, թե շարքային հայը, աշխատանքից ազատ ժամանակ, դիցուք, «Լեզվի մասին» օրենքն ընթերցելիս` լրացումների անհրաժեշտություն է տեսնում: Ապա, քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվել, հայրենիքում իր մնալն այլեւս անհնար է գտնում, հավաքում է ճամպրուկներն ու հեռանում: Կամ էլ Մադրիդյան սկզբունքներին ծանոթանալիս, հայ-թուրքական Արձանագրություններն ընթերցելիս հասկանում է, որ ստատուս-քվոյի պահպանումը, հայ-թուրքական հարաբերությունների յուրաքանչյուր հապաղած օր ճակատագրական է եւ պատերազմի սպառնալիքով հղի: Եվ որոշում է օր առաջ փախչել հայրենիքից: Ստացվում է, որ հայ ժողովրդի զանգվածային արտագաղթի հիմքում բարձր մատերիանե՞րն են: Հազիվ թե:

Նման բան չկա. տարածաշրջանային պրոբլեմներից առաջ յուրաքանչյուրիս դուռը բախում են ամենեւին ոչ գլոբալ մարտահրավերներն ու խնդիրները:

Անկախության այս 20 տարիներին արվել է ամեն ինչ, որ այս հողակտորը, որը լավատեսորեն շարունակում ենք «հայրենիք» անվանել, դառնա հայերի բնակության համար անտանելի վայր: Պետական ողջ մեքենան` սկսած համատիրություններից` ավարտած նախագահի նստավայրով, աշխատում է ընդդեմ ՀՀ քաղաքացու, ընդդեմ հայ մարդու: Վերցրեք ցանկացած ոլորտ` կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտը, դատական համակարգը, հարկային, մաքսային ծառայությունները: Տեսեք` ովքեր են տնօրինում մեր երկրի հարստությունը` մի քանի օլիգարխ: Ամենուր գրագետ կառավարողների, պրոֆեսիոնալների, պարզապես լուրջ մարդկանց պակաս է: Պետությունից չստանալով որեւէ գրագետ եւ համակարգված աջակցություն, սեփական երկրում օտարի կարգավիճակի արժանանալուց հետո է միայն ՀՀ քաղաքացին որոշում կայացնում հեռանալ երկրից: Անկեղծորեն դատենք. յուրաքանչյուրս հանձին մեր պետության` տեսնում ենք դարանակալ հանցագործի, ով ամեն րոպե կարող է հարձակվել քեզ վրա: Մի մասի համար պետությունն անգամ թշնամի է, ով կարող է ցանկացած պահի մարդկանց իրենց տանից տեղահան անել, ինչպես եղավ Հյուսիսային պողոտայի բնակիչների դեպքում: Կարող է մարդկանց ձերբակալել եւ ապօրինաբար բանտերում պահել: Կարող է խոչընդոտել գործարարների աշխատանքին: Կարճ ասած` ստիպել թողնել հայրենիքդ:

Դեմոգրաֆիան այնքան լուրջ խնդիր է, որի լուծումները մեր երկրի ղեկավարներից ակնկալելը միամտություն է: Եվ այս կոնտեքստում թե որքան անլուրջ են Հայաստանում պետական այնպիսի ինստիտուտների ներկայությունը, որպիսիք են Անվտանգության խորհուրդը, Ազգային անվտանգության ծառայությունը, Սոցապ, Առողջապահության նախարարությունները, անգամ չարժե խոսել:

Երկրի ղեկավարներն իրենց այս երկրի տեր, այս երկրի պատասխանատու չեն զգում, մեր ժողովրդին այնքան լուրջ չեն վերաբերվում` ապագային միտված ծրագիր կյանքի կոչելու համար: Եթե նախաձեռնած ծրագիրը կոնկրետ նյութական ձեւակերպում չունի տեսանելի ժամանակում, այն կանխվում է տեղում: Եվ այս դեպքում Ղարաբաղի խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական սահմանի վերաբացումը, անգամ չարաբաստիկ փոփոխությունները «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում, որեւէ դեր չունեն:

Մեր պետությունը նեղացել է եւ վեր է ածվել ձանձրալի մի պրոյեկտի, որի` օր օրի պակասող մասնակիցները` հայաստանցիները, լրջորեն չեն կարող որեւէ մեկին հետաքրքրել: Անգամ ժամանակակից եւ ոչ այնքան հետաքրքիր հայ ռեժիսորներին: Նրանց ֆիլմերն ամեն ինչի մասին են` բացի սովորական հայից եւ նրա նույնքան սովորական խնդիրներից: Իսկ որքան հետաքրքիր էր «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցադրված գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Հոգու խոհանոց» ֆիլմը: Այն մի սովորական թուրք երիտասարդի մասին էր, ով եւս, միլիոնավոր հայերի պես, էմիգրանտ էր, բայց նրա մասին ֆիլմ էին նկարել եւ նրա պատմությունն ավարտվում էր happy end-ով: