Նախորդ տարվա համեմատ այս տարի Քոբուլեթի, Բաթում եւ Անթալիա հանգստանալու գնացողների թիվն անհամեմատ մեծ է:
Այս մասին հայաստանյան հանգստյան տների աշխատակիցները խոսում էին անթաքույց մտահոգությամբ` միաժամանակ նշելով եւ այդ թվաքանակի աճի պատճառները. «Դե, էնպիսի զեղչեր չեն անում, որ մարդիկ չգնան: Նախորդ տարի մարդիկ էդքան շատ չէին գնում Անթալիա կամ Քոբուլեթի, մեր աշխատանքն էլ նորմալ էր: Հիմա հայաստանցիներին ավելի շատ գրավում է ոչ թե Հայաստանը, այլ` դուրսը»,- ասաց հայաստանյան հանգստյան տներից մեկի աշխատակիցը: Զրուցակիցս նաեւ շատ նորմալ եւ մատչելի էր գնահատում հայաստանյան հանգստյան տների եւ հյուրանոցային համալիրների սպասարկման գները: Հայաստանցիների կարծիքն այս կապակցությամբ, իհարկե, այլ է: Ինչպես միշտ, Հայաստանում հանգստանալու համար կայուն տեղեր են մնում Դիլիջանը, Ծաղկաձորը, Սեւանն ու Ջերմուկը: Դիլիջանի առողջարանային համալիրում 1 անձի համար նախատեսված հանգիստն օրական արժե 30.000 դրամ, որի մեջ ներառված է նախաճաշն ու ճաշը, ինչպես նաեւ՝ առողջարանի «բարիքներից»` լողավազանից, խաղադաշտից օգտվելը: Իսկ, օրինակ, Ծաղկաձորի «Ալբինա» հանգստյան տան 1 քոթեջի օրվա արժեքը 25.000 դրամ է` 4 հոգու համար, իսկ ջակուզիով քոթեջների գները հասնում են 30.000 դրամի: Նույնը չի կարելի ասել Ծաղկաձորի մարզահամալիրի մասին, որտեղ 1 անձի համար 1 գիշերն արժե նվազագույնը 14.000 դրամ, 3 անգամյա սննդի դեպքում` 20.000 դրամ: Իսկ շքեղ` Luxe սենյակների գները 4 անձի համար արժեն 70.000- 90.000 դրամ (3 անգամյա սննդով): Իսկ ահա «Կեչառիս» հյուրանոցային համալիրն այս օրերին ներկայանում է փաթեթային տարբեր առաջարկներով: Այստեղ 2 գիշերը (3 օր) արժե 52.000 դրամ, մինչդեռ ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին գինը կտրուկ բարձրանում է` դառնալով 70.000դրամ: Այս փաթեթից դուրս 2 անձի համար «Կեչառիսում» հանգիստն արժե 20.000 դրամ (ներառյալ` նախաճաշը): Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան 1 սենյակն արժե 12.000 դրամ, ընդ որում` սա վերաբերում է առաջին հարկի սենյակներին, որովհետեւ 2-րդ եւ 3-րդ հարկի սենյակները համեմատաբար ավելի թանկ են` օրը` 16.000, 18.000 դրամ (առանց սնունդի): Այստեղ սննդի համար առանձին պետք է 3500 դրամ վճարել: Իսկ, օրինակ, Դիլիջանի «Իմպուլս» հյուրանոցային համալիրում սննդի համար առանձին պետք է վճարել 5000 դրամ, իսկ 2 անձի համար «հանգիստն» արժե 18.000 դրամ: Պակաս հետաքրքիր չեն Սեւանի հանգստյան տների եւ հյուրանոցային համալիրների գները: Եթե «Արեւիկ» հանգստյան գոտում 2 հոգու համար հանգիստն արժե 10.000 դրամ, ապա «Կապուտակ Սեւանում» 1 օրն արժե 16.000 դրամ: Նորաբաց «3+2» հանգստյան գոտում 2 սենյականոց քոթեջների գները սկսվում են 12.000 դրամից, որոնք նախատեսված են 4 հոգու համար: Սեւանի «Շանթ» հանգստյան տան էկոնոմ հարմարություններով քոթեջների գները սկսվում են 4000 դրամից` հասնելով մինչեւ 25.000 դրամի: Ընդ որում` 14.000 դրամանոց քոթեջների (երկսենյականոց) հարմարությունների մեջ ներառվում են սանհանգույցը, հեռուստացույցը, տաք ջուրը: Իհարկե, այս ամենի մեջ չի մտնում սնունդը, որի համար պետք է վճարել օրական 3500 դրամ: Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տան գները սկսվում են 7500 դրամից` ներառելով նաեւ սնունդը: Իսկ Ջերմուկի «Արմենիա» առողջարանային համալիրում 1 անձի համար հանգիստը սկսվում է 30.000 դրամից: Ստացվում է այնպես, որ 2 օր Ջերմուկում հանգստանալու փոխարեն՝ տուրիստական ընկերությունների միջոցով կարելի է ընտրել 9-օրյա հանգիստը Քոբուլեթիում` դրա դիմաց վճարելով շուրջ 63.000 դրամ:
Իսկ Անթալիայում հանգիստն անցկացնելու ամենահարմարավետ տարբերակներից են համարվում տուր-փաթեթները: 7-օրյա հանգիստը 4 աստղանի հյուրանոցում արժե 1300-1600 դոլար` ներառյալ նաեւ ճանապարհածախսը: Իսկ տուր-փաթեթից դուրս Անթալիայում հանգստանալու համար տուրիստական ընկերությունները նաեւ ընդամենը 400 դոլարով «թեժ» (ոչ հաստատուն ժամանակացույցով, եւ Անթալիա գնալ-գալը) փաթեթներ ունեն: Բնականաբար, նման առաջարկներից հետո, հայաստանցիները գերադասում են ոչ թե Սեւանում, Ծաղկաձորում կամ Ջերմուկում, Դիլիջանում հանգստանալ, այլ մեկնել Քոբուլեթի, Անթալիա կամ Բաթում, որտեղ ավելի մատչելի եւ բարձրակարգ սպասարկումով հանգիստ են անցկացնում: Խնդիրն, իհարկե, միայն գների մատչելիությունը չէ, այլեւ այն, որ այդ երկրների հանգստյան համալիրները եւ հյուրանոցները զբոսաշրջիկների համար բազմաթիվ հետաքրքրություններ են ստեղծել` տարբեր երկրների խոհանոցներով ռեստորաններ, SPA ծառայություններ, զվարճանքի տարբեր ակումբներ: Մշակութային, մարզական բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ծովափնյա ռեստորաններում եւ սրճարաններում: Այնպես որ, միայն ցածր գները չեն պատճառը. կարեւոր է, թե ինչ ծառայություններ են առաջարկում հանգստյան տները: Իսկ հայաստանյան հանգստյան տները զբոսաշրջիկի համար սենյակ եւ սնունդ են վաճառում, լավագույն դեպքում տալիս են նաեւ Սեւանի ափից կամ լողավազանից օգտվելու հնարավորություն: