Գործարար, օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի ընկերությունները պետությանը պարտք են ընդհանուր առմամբ 1 մլրդ դրամ (մոտ 2,7 մլն դոլար): Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի առավել խոշոր ապառքներ (հարկային չվճարված պարտավորություններ) ունեցող ընկերությունների ցանկում: «Արմավիայի» պարտքը կազմում է 791 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար), «Միկա ցեմենտինը»՝ 284 մլն դրամ (մոտ 700 հազ. դոլար): Այդ մասին գրում է news.am-ը` նկատելով, որ եթե «Միկա ցեմենտի» մոտ ապառքների կուտակումը ինչ-որ տեղ հասկանալի է՝ կապված ցեմենտի արտադրության եւ իրացման ծավալների կտրուկ անկման հետ, ապա «Արմավիայի» ֆինանսական անկայունությունը կասկածների տեղիք է տալիս: Հիշեցնենք, որ կառավարությունը «Արմավիային» ուղեւորափոխադրումների իրականացման բացառիկ մենաշնորհ է «նվիրաբերել», որն ուժի մեջ է մինչեւ 2013 թ.: Այս մենաշնորհի շնորհիվ «Արմավիան» կարողացավ մի շարք ուղղություններով բարձրացնել տոմսերի արժեքը` ապահովելով գերշահույթներ: Սակայն «Արմավիան» խոշոր հարկատուների մեջ երբեք չի «երեւացել», նույնիսկ հազարյակում չկա, այսինքն` գործնականում ընկերությունը հարկեր չի էլ վճարում: Սա՝ այն դեպքում, որ շահագործում է 3 «Էյրբաս» եւ 1 «Բոինգ» ինքնաթիռներ: Ըստ ռուսական «Վերսիա» պարբերականի` Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում է՝ զիջելով միայն Գագիկ Ծառուկյանին եւ մաքսային վարչության նախկին պետ Արմեն Ավետիսյանին: Այսինքն` նրա հարստությունն ավելի է գնահատվում, քան հայտնի օլիգարխներ Հրանտ Վարդանյանինը, Սամվել Ալեքսանյանինը կամ Սուքիասյանների ընտանիքինը: Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է հանրապետության թիվ երրորդ օլիգարխը ոչ միայն հարկեր չվճարել, այլեւ 1 մլրդ դրամի ապառք կուտակել: