Ոչինչ չասող պատասխաններ

20/07/2010

«168 Ժամն» օրերս ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է ներքոնշյալ անհասկանալի «պարզաբանումները», որոնք վերաբերում են մեր թերթում տեղ գտած հրապարակումներին:

«1. Ձեր թերթի 15.07.2010թ. «Բաց նամակ նախարարին» հրապարակման վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

Նախարարի հանձնարարությամբ տեղի է ունեցել զրույց Հովհաննես Խաչատրյանի ծնողների հետ: Մեկ անգամ եւս ճշգրտվել են ընտանիքի ակնկալիքները: Խոսքը վերաբերում է արտերկրում Հ. Խաչատրյանի բուժման ծախսերը հոգալուն, որի հնարավորությունը, ցավոք, նախարարությունը չունի: Փոխարենն ընտանիքին առաջարկվել է խնդրի լուծման մի քանի այլ տարբերակ, մասնավորապես` բուժումը մեր երկրում կազմակերպելու վերաբերյալ: Դրական պատասխանի դեպքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է իր գործառույթների շրջանակներում ցուցաբերել հնարավոր աջակցություն:

2. Ձեր թերթի 17.07.2010թ. «ՀՕ՞Մ-ն է ղալաթ արել, թե՞ Լալա Ղազարյանը» հրապարակման վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է.

Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ծրագիրը վերջին տարիների ամենաքննարկված թեմաներից մեկն է: Իրոք, ծրագրի իրականացման ընթացքում եղել են բացթողումներ, թերություններ, որոնք առաջին հերթին չեն բավարարել հենց նախարարությանը, ինչն էլ պատճառ է դարձել ծրագիրը դադարեցնելու, նոր մեխանիզմներ մշակելու համար: Խնդիրները բազմիցս քննարկվել են ամենատարբեր մակարդակներում, այդ թվում` հենց տիկին Բախշյանի հետ, դրանց անդրադարձել են ՀՀ Վերահսկիչ պալատը, ՀՀ գլխավոր դատախազությունը, լուսաբանվել են համարյա բոլոր լրատվամիջոցներով:

Քանի որ նոր հրապարակման մեջ բերված «փաստերի»` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ նախարարությունն արդեն ներկայացրել է անհրաժեշտ պարզաբանումներ, ուստի նպատակահարմար չենք գտնում նորից անդրադառնալ չարչրկված այս խնդրին»: Ինչ վերաբերում է Հովհաննես Խաչատրյանի (նրա մասին հրապարակում մեր թերթում եղել է)՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ուղղված բաց նամակին, որով նա աջակցություն է խնդրում արտերկրում բուժման ենթարկվելու համար, ապա նշենք, որ Սոցապ նախարարության առաջարկը` Հայաստանում բուժվելու վերաբերյալ, միանգամայն անտեղի է: Բժիշկ-մասնագետները հաշմանդամ այս տղայի առողջական վիճակի բարելավումը կապում են արտերկրում բուժվելու հետ, իսկ Սոցապ նախարարությունում, կարծում ենք, ծանր հաշմանդամության, երիկամների հիվանդությամբ եւ ֆիզիկական արատներով զբաղվող բժիշկ մասնագետ գոյություն չունի: Հետեւաբար՝ Հովհ. Խաչատրյանի բուժումը Հայաստանում կազմակերպելու հնարավորության դեպքում առաջին հերթին բժիշկները նրան խորհուրդ չէին տա մեկնել արտերկիր: Ի դեպ, նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հասկանալով Հովհ. Խաչատրյանի հիվանդության լրջությունն՝ արտերկրում բուժվելու համար նրան ֆինանսական օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել, ինչը, սակայն, բավարար չէ:

Անդրադառնալով «ՀՕ՞Մ»-ն է ղալաթ արել, թե՞ Լալա Ղազարյանը» հոդվածի ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանին՝ նշենք, որ այս պատասխանն իր մեջ որեւէ հակափաստարկ չի պարունակում: Անհասկանալի է ընդհանրապես այս հոդվածին նման կերպ պատասխանելու իմաստը, քանի որ նախարարությունը պարզապես հաստատել է, որ, այո՛, կա նման խնդիր, որն իրականությանը չի համապատասխանում, բայց մենք նպատակահարմար չենք գտնում պարզաբանում տալ, որովհետեւ այդ մասին բազմիցս խոսել ենք: Մնում է ենթադրել, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը փորձել է փոխել իր գերատեսչության զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատելու մարտավարությունը: Նա հավանաբար պարտադրում է պատասխանել հրապարակումներին, սակայն այդ պատասխաններն անբովանդակ ու չհիմնավորված են: