Ձեռքդ ետ տար…

18/07/2010

«Թուրքական կառավարությունն այն կարծիքին է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի վրա»,- այդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հարցմանը իր գրավոր պատասխանում Դավութօղլուն նշել է. «Մենք տեսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ անցկացվող բանակցությունները թափ ստացան հայ-թուրքական կարգավորման գործընթացից հետո, եւ երկու նախագահները 9 հանդիպում են ունեցել»: Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, թե պաշտոնական Անկարան նշանակալի քայլեր է ձեռնարկել հարեւանների հետ խնդիրները բացառելու ուղղությամբ, սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը բաց է մնում: «Ակնհայտ է, որ Թուրքիայի մեկնած բարեկամական ձեռքը մերժելը ամենաշատը Հայաստանին է վնասելու: Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրումը առաջին քայլերն են կարգավորման, որը Թուրքիան դիտարկում է որպես երկարաժամկետ գործընթաց: Միանշանակ, գործընթացի շարունակությունը կախված կլինի խնդիրները լուծելու` Հայաստանի կամքից»,- հայտարարել է Դավութօղլուն: Նշենք, որ երեկ Ալմաթիում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում կայանալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից, հանդիպման գլխավոր թեման է լինելու՝ իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: