Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը – 2

18/07/2010

Այսօր Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը: Չնայած ֆորմալ առումով համագումարը հերթական է, սակայն բովանդակությամբ եւ դրան նախորդած ժամանակաշրջանում ՀՀՇ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների տեսանկյունից այն միանգամայն կարելի է համարել արտահերթ: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց (կամ հրապարակային դարձավ) այն բանից հետո, երբ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական ներկայացրեցին: Ու չնայած դրան հաջորդած ժամանակահատվածում կատարվածի վերաբերյալ հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ` ամենատարբեր տեսանկյուններից, սակայն խնդիրն այդպես էլ քաղաքական բանավեճի դաշտ չտեղափոխվեց: Իր հրաժարականը գոնե Քոքոբելյանը պատճառաբանել էր ՀԱԿ-ի քաղաքական ուղեգծի հետ անհամաձայնությամբ, անորոշ գործելակերպը վճռական գործողություններով փոխարինելու իր դիրքորոշմամբ…: Կոնգրեսի ղեկավարությունը, ավելի կոնկրետ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, առայժմ որեւէ կերպ չի պատասխանել նշված հարցադրմանը` իր լռությամբ թույլ տալով կամ գուցե խրախուսելով քաղաքական խնդիրն ասեկոսեների հարթություն տեղափոխելու ոմանց գործելակերպը: Եվ ամենակարեւոր հարցը, որի պատասխանը պետք է հնչի այսօրվա համագումարում, հենց դա է` արդյո՞ք ՀԱԿ-ը` ի դեմս դրա ամենաառանցքային ուժ համարվող ՀՀՇ-ի, շարունակելու է անորոշ գործունեությունը` նպաստելով ներկայիս քաղաքական իրավիճակի շարունակությանը, թե՞ այնուամենայնիվ փոխելու է այդ դիրքորոշումը: Անորոշության այլընտրանքն ամենեւին հանրահավաքները կամ հրապարակային այլ գործողությունները չեն, ինչպես պատկերացնում են ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ: Այդ եւ մի շարք հարցերի պատասխաններ պարզ կդառնան եթե ոչ համագումարի պատվավոր պատվիրակ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից, ապա գոնե ՀՀՇ վարչության նոր կազմից:

Ի դեպ, վերջերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին Վանո Սիրադեղյանի` Արարատ Զուրաբյանին ուղղված նամակի մասին:

ՀՀՇ վարչության` այսօր ընտրվելիք կազմից պարզ կդառնա նաեւ` արդյո՞ք այդ կուսակցությունը հավատարիմ կմնա Վանո Սիրադեղյանին, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի վերջնականապես ՀՀՇ-ն դարձնել ՀԱԿ-ի շարքային կուսակցություններից մեկը, որը միշտ պատրաստ կլինի «հուժկու» գործողություններ իրականացնել Հյուսիսային պողոտայում կամ Սարյանի արձանի շրջակայքում: