Պենտագոնից է եկել

18/07/2010

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Կողմերն ընդգծել են, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլեւ նպաստում է Հայաստանի զինված ուժերի մարտունակության աճին: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող հարցեր: Սելեսթ Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիրքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում, եւ ԱՄՆ-ը վստահ է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հանդիպման ժամանակ կարեւորվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդումը եւ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի զինված ուժերի արդիականացման ու բարեփոխման գործում: