– Պարոն Զոհրաբյան, Ձեր կուսակցության ու հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանին ստիպեց հրաժարական տալ: Փոխարենը նոր մարզպետ նշանակեց անկուսակցական Էդիկ Բարսեղյանին՝ այն դեպքում, երբ նախկին մարզպետը «Հանրապետական» կուսակցությունից էր:
– Մանրամասներին ես չեմ տիրապետում, որովհետեւ կան խնդիրներ, որոնք կենտրոնացած են հանրապետության նախագահի մոտ, եւ խնդիրների լուծման ազդակները նրանից է գնում Ազգային ժողով եւ կառավարություն: Ճիշտ է, կա օրենսդիր եւ գործադիր մարմինների հավասարակշռություն, բայց կա նախագահ, ում հետ էլ համաձայնեցվում են կարեւոր քայլերը: Այս դեպքում էլ ինչ-որ ներքին խնդիրներ կային, եւ արդյունքում մարզը չէր կարողանում ավելի էֆեկտիվ արդյունքներ տալ: Կուսակցական մասով որեւէ խնդիր չի առաջացել: Ամեն մարզում էլ կան շահեր ունեցող մարդիկ, որոնց եթե չես կարողանում իրար հետ լավ աշխատացնել, տուժում է պետությունը:
– Հայտնի է, որ Արարատի մարզում շահեր ունեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Միգուցե այս պաշտոնյաների շահերի բախման արդյունքո՞ւմ տեղի ունեցավ այդ պաշտոնանկությունը, եւ տուժեց Վ.Հովակիմյանը:
– Չեմ տիրապետում այդ ներքին շահերի բախումներին, բայց, իսկապես, նմանատիպ շահերի բախումներ կային: Տարբեր մարդիկ կան, տնտեսական լծակներ կան եւ այլն: Իսկ նախագահը պարտավոր էր տվյալ մարզում կարգավորել վիճակը: Ես չեմ կարող ասել, թե նոր մարզպետն ինչպես կդրսեւորի իրեն, բայց նա գնացել էր հարթելու: Ես չեմ կարող ասել, թե միայն Վ.Հովակիմյանը տուժեց, գուցե էլի ուրիշները տուժեցին: Այստեղ կարեւոր է, թե ով շահեց: Կարծում եմ, որ կշահի հասարակությունը, որովհետեւ նոր նշանակումը միտված էր ավելի կարգավորիչ, կենտրոնաձիգ դեր տանելուն:
– Արդյո՞ք վերջին շրջանում իշխանության մեջ տեղի ունեցած այս փոփոխությունները միտված են խորհրդարանական ընտրություններին: Իշխանությունները պատրաստվում են, որ 2012թ. ընտրություններին խնդիրներ չունենա՞ն:
– Ի վերջո այդ ընտրությունները լինում են, որ երկիրը բարգավաճի, տնտեսությունը զարգանա, կենսամակարդակը բարձրանա: Ընտրությունները միտված են լավ իշխանություն ձեւավորելուն, որն էլ կկարողանա տնտեսություն զարգացնել: Այդ ընտրությունները միայն չկապենք, որ ուժերը միայն իշխանության են ուզում գալ եւ օգուտներ քաղել: Կարծում եմ, որ նախորդ ընտրություններից առաջ մեր դրած խնդիրների ճնշող մեծամասնությունն արել ենք:
– Ակնհայտ է, որ անկախ հասարակության աջակցությունից՝ իշխանությունները որոշել են, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը հաջորդ խորհրդարանում նորից կոալիցիայի մեջ է լինելու: Եվ տարբեր մարդկանց անդամագրելով՝ ուժեղացնում են այդ կուսակցությանը: Այդպիսով փոխհատուցվո՞ւմ է 2008-ի ընտրություններից հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միացումն իշխանությանը:
– Ես չէի ասի, թե ՕԵԿ-ն այնքան թույլ է, որ մենք փորձում ենք շատ ուժեղացնել:
– Բայց Դուք էիք ասել, թե հաջորդ խորհրդարան գալու համար ՕԵԿ-ը պետք է շատ աշխատի:
– Կյանքը ցույց տվեց, որ ՕԵԿ-ը որպես կոալիցիայի ուժ մեզ հետ լավ է համագործակցել եւ պետական ինստիտուտներում, եւ հասարակության մեջ հարաբերություններում: Բնական է, որ մենք կուզենանք, որ շարունակեն մեզ հետ լինել որպես կոալիցիոն ուժ: Եվ եթե ինչ-որ տեղ օգնելու հարց լինի, պետք է օգնել: ՕԵԿ-ի հնարավորությունը մեր չափ չէ, որովհետեւ ՀՀԿ-ի կենսագրությունը եւ հզորությունը հասարակությանը հայտնի են: Բայց ինձ մոտ ցանկություն է, որ մեր կոալիցիոն գործընկերը շատ աշխատի այդ 5 տոկոսը հաղթահարելու համար: Իսկ թե այդ 5 տոկոսից այն կողմ որքան կավելացնի, դա էլ Աստծո կողմից իր բախտն է:
– Հասարակության մեջ ունեցած աջակցությունից հասկանալի է դառնում, որ 2012-ի ընտրություններին ընդդիմադիր խորհրդարանում տեղեր կունենա: Ձեր կարծիքով՝ արդյունքում ո՞ր կուսակցություններն են տուժելու, չէ՞ որ ԱԺ-ի տեղերը անսահմանափակ չեն:
– Պետք է սպասել, շուտով կլինի ՀՀՇ-ի համագումարը, արդյունքում կտեսնենք դասավորությունը, թե ով է նախագահ դառնում, ովքեր են հրաժարվում, որքանով են միասնական: Մամուլում նշվում է, թե ՀՀՇ-ն պառակտվում է, բայց կա մեկ այլ կարծիք, թե չի պառակտվում, ՀԱԿ-ի կորիզն է, պարզապես տակտիկական խաղեր են անում զուտ հետաքրքրությունն իրենց վրա կենտրոնացնելու համար: Ամեն դեպքում նախորդ ընտրություններին ՀԱԿ-ը մարդկանց հավաքեց իր շուրջը, բայց ենթադրել, որ այդ նույն քանակի մարդիկ իրենց հետեւից են գնալու, բացառված է: Շատերը, որ գնում էին ՀԱԿ-ի հետեւից ճշմարտություն եւ արդարություն տեսնելու համար, հիասթափվեցին:
– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ հաջորդ խորհրդարանում ո՞ր ուժերը ներկայացված կլինեն:
– ՀՀԿ-ն կանցնի իր կոալիցիոն թեւերով: Կաջակցի, որ նրանք էլ անցնեն: Ենթադրաբար ասում եմ, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը 60-40 կլինի: Բնականաբար կենտրոնը ՀՀԿ-ն է լինելու, նրա շուրջը` կոալիցիոն մի քանի ուժեր: Ընդդիմադիր ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» պետք է աշխատեն այդ 40 տոկոսը բաժանել:
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից բացի՝ կոալիցիան համալրում ունենա, այլ ուժեր էլ միանան Ձեզ:
– Չեմ կարող ասել, բայց մենք` ՀՀԿ-ն եւ կոալիցիան, մեր վերահսկիչ փաթեթը պահելու ենք, որովհետեւ մենք մեր պետության մեջ չենք տեսնում հստակ ձեւավորված այլընտրանքային ուժ, որը կարող է իր վրա վերցնել բոլոր պարտականությունները ներքին հասարակական-տնտեսական կյանքում եւ արտաքին հարաբերություններում:
– Արարատի մարզպետի փոփոխությամբ Ս.Սարգսյանը մարզը վերցրեց իր լիակատար հսկողության տակ: Արդյո՞ք ՀՀԿ-ն կամ Ս.Սարգսյանը խնդիրներ չունեն այն մարզերում, որտեղ ակտիվ է ԲՀԿ-ն, ասենք, Կոտայքում: Կամ` Վայոց Ձորում, որի մարզպետը ԲՀԿ անդամ է:
– Այդպիսի բան չկա, Կոտայքի մարզպետը պետական կառույցում է եւ ՀՀԿ մարզխորհրդի նախագահն է: Մենք գիտենք, թե մարզպետն ում է ենթարկվում ըստ պետական համակարգի կառուցվածքի: Ես խնդիր չեմ տեսնում: Եվ եթե հարաբերությունները լավ են ԲՀԿ-ի հետ, այդտեղ վատ բան չեմ տեսնում: Այս պահին թվերը չունեմ, որ ճշգրիտ ասեմ, բայց ուզում եք նայել Վայոց Ձորի մարզում, թե Կոտայքում ու Սյունիքում, համայնքային կազմակերպչական ուժը ՀՀԿ-ի ազդեցության ոլորտում է: Մեր գյուղապետերն են, մեզ ձայն տվողներն են: Մենք մեզ վրա վերցրել ենք ողջ պետության ծանր բեռը՝ սկսած գյուղի ամենամանր խնդիրներից: Մինչեւ չունենաս այդ կառույցներում այդ սոցիալական բազան, ընտրություններում հաջողություն չես ունենա:
– Հատկապես մարզերում սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է, ինչո՞ւ եք կարծում, որ բնակիչները վստահում են Ձեզ: Երաշտի, կարկուտի ու տարերային բոլոր աղետների ժամանակ գյուղացին միայնակ է եւ փոխհատուցում չի ստանում:
– Դուք նորից ինձ դրդում եք տարերային աղետների մասին խոսել: Տարերային աղետին ոչ ոք չի կարող դիմադրել, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը: Եթե երաշտ է եղել, գյուղացին պիտի թանկ ծախի, մի անգամ էլ վերավաճառողը թանկ ծախի: Եվ այստեղ քաղաքացին սկսում է գրպաններում փող ման գալ:
– Բայց տարերային աղե՞տն է պատճառը, որ պարարտանյութերի ու թունաքիմիկատների շուկան մենաշնորհային վիճակում է, եւ այդ պատճառով այդ ապրանքների գները շատ բարձր են, որ գյուղմթերքը շուկա հասնելիս եռակի թանկանում է, որ կոռուպցիան նույնիսկ գյուղատնտեսության ցանկացած բնագավառում ծաղկում է:
– Եթե ուզում եք իմանալ, նույնիսկ կոռուպցիան է տարերային աղետ, որովհետեւ մարդկանց ուղեղում տարերային աղետներ են տեղի ունենում, ասում են՝ ինչպես մի բան փախցնեմ: