Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ մասնավորապես գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ահազանգում են, որ հատկապես Ոստիկանության տարբեր բաժանմունքներում գտնվելու ընթացքում քաղաքացիների նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերվում: Ըստ Սաքունցի` այդ քաղաքացիների հարազատներից լուրջ դժգոհություններ ու բողոքներ կան արդեն, եւ ստեղծված իրավիճակն ու անպատժելիության մթնոլորտը հղի են լուրջ հետեւանքներով: «Իրավապահ մարմինները, դատական համակարգը, Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, ես որոշ դեպքերում կավելացնեմ նաեւ հոգեբուժարանները, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերին բացարձակապես ուշադրություն չեն դարձնում: Մարդիկ մեր մոտ ենթարկվում են տոտալ եւ անընդհատ բռնությունների, կատարողները մնում են անպատիժ»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավապաշտպանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բռնությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, սպառնալիքների ու հոգեբանական ճնշումների վերաբերյալ ավելի քան 15 դեպք է արձանագրել: Փաստերից 14-ի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս, Սաքունցի պնդմամբ, որեւէ քրեական գործ չի հարուցվել: Նույնիսկ, ըստ իրավապաշտպանի, քրեակատարողական հիմնարկներում չեն գրանցում Ոստիկանության բաժանմունքներում կատարված խոշտանգումների փաստերը: «Արդեն սկսվել է տենդենց, որ կարող է դրանցում գրանցումներ չկատարվեն»,- ասում է նա: Ասուլիսին մասնակցել են նաեւ կտտանքների ու հոգեբանական ճնշումների ենթարկված մի քանի քաղաքացիների հարազատներ: Գողության համար մեղադրվող Իշխան Սերոբյանի մայրը` Սաթենիկը, պատմել է, որ 9 ամիս առաջ որդուն ձերբակալել են: «Տանում են, վարչությունում էնքան են ծեծում էդ երեխային` է՛լ ուզում է իրեն պատուհանից գցի, է՛լ աթոռով են ծեծում, է՛լ հայհոյանքներ, հարեւանիս կինն էլ հետն է լինում, կողքի սենյակում է լինում, ես չեմ իմանում, որ երեխային էդ վիճակին են հասցրել»,- ասել է նա: