Գեղարքունիքի մարզի 12 գյուղապետեր նամակ են հղել կառավարությանը:
Պարզվում է, Գեղարքունիքի 12 համայնքների բնակիչների միակ հույսը Սեւանի
ավազանում ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցումն է: Հակառակ դեպքում` բոլորը
պատրաստվում են արտագաղթել: Անսալով համայնքի բնակիչների պահանջին,
գյուղապետերը «ստիպված» դիմել են ծայրահեղ քայլի. խնդրում են
կառավարությանը` «հնարավորինս նպաստել Սոթքի հանքավայրի տարածքում ոսկու
կորզման ֆաբրիկայի կառուցմանը»:
Կառավարությունն էլ, անսալով գյուղապետերի խնդրանքին, նամակը մակագրել է՝
«Քննարկել սահմանված կարգով եւ պատասխանել», եւ ուղարկել է
Բնապահպանության նախարարություն: Բնապահպանության նախարարությունն էլ
«սահմանված կարգով» քննարկում էր կազմակերպել՝ հրավիրելով շահագրգիռ
գյուղապետերին, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների:
Երեկ Բնապահպանության նախարարությունում հրավիրված քննարկման անմիջապես
սկզբում բնապահպանության նախարարը ներկայացրեց իրենց միանշանակ բացասական
վերաբերմունքը խնդրի առնչությամբ, որից հետո, կարելի է ասել, քննարկում
տեղի չունեցավ: Նախ` այն պատճառով, որ հասարակական կազմակերպություններն
անիմաստ էին համարում քննարկել մի խնդիր, որի իրագործումը սպառնում է
Սեւանա լճի անվտանգությանը եւ ուղղակի արգելված է «Սեւանա լճի մասին»
օրենքով, եւ, բացի այդ, փաստորեն, բանավիճող կողմ չկար: 12 գյուղապետերից
հանդիպմանը մասնակցում էր միայն մեկը՝ Ակունքի գյուղապետ Արծրուն
Ղարիբյանը, որի հավաստմամբ` կառավարությանը նամակ հղելու միակ շարժառիթը
եղել է գյուղացիների ցանկությունը: «Եթե դա վնասելու է Սեւանին, պարզ է,
որ մենք էլ ենք դեմ»,- ասաց գյուղապետը, եւ հարցը, փաստորեն, փակվեց:
Այնուամենայնիվ, տարակուսելի մնաց այն, թե կառավարությունն ինչո՞ւ է
քննարկման իջեցրել, եւ Բնապահպանության նախարարությունն ինչո՞ւ է
քննարկման դրել մի խնդիր, որն օրենքով է արգելված:
Ն.Ա.