«British Petroleum» ընկերության մասնագետներին վերջապես հաջողվել է դադարեցնել նավթի արտահոսքը Մեքսիկական ծովածոցում: Այդ մասին տեղեկացրել է ընկերության փոխնախագահ Քենթ Ուելսը` հավելելով, թե երաշխիք չկա, որ արտահոսքը չի կրկնվի: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում Մեքսիկական ծոցում նավթը դուրս չհորդի 75 տոննայանոց գմբեթի տակից, նշանակում է, որ արտահոսքն ընդմիշտ դադարեցվել է: Նշենք, որ այդ տեղեկատվության հրապարակումից հետո «British Petroleum»-ի բաժնետոմսերի գինը աճել է միանգամից 9 տոկոսով: Ընդհանուր առմամբ, անցած ամիսներին BP-ի շուկայական արժեքը նվազել է եւս 75 միլիարդ դոլարով: Ընկերության տվյալներով՝ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի դեմ պայքարի վրա արդեն ծախսվել է 3,5 միլիոն դոլար: Նավթի արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ ընկերությունը աշխատանքներ էր իրականացնում ապրիլից, երբ վնասվեց ծովածոցով անցնող նավթամուղը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել ընկերության քայլերը` ընդգծելով, որ դրանք դեռ նախնական արդյունքներ են: Նավթի արտահոսքը Մեքսիկական ծովածոցում համարվում է նմանատիպ ամենամեծ բնապահպանական աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ: