Աշխարհահռչակ Միշել Մայորը եւ նրա խումբը՝ մրցանակի հաղթող

18/07/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հաղթողներն են Միշել Մայորը, Գարիկ Իսրաելյանը եւ Նունո Սանթոսը:

2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանվեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը, որն աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն մրցանակներից մեկն է: Մրցանակը շնորհվում է աշխարհի ցանկացած երկրի գիտնականներին աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ՝ Վ. Համբարձումյանի գիտական գործունեության հետ կապված` դրան հարակից ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառներում բացառիկ գիտական աշխատանքների համար: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար եւ այսուհետ կտրվի երկու տարին մեկ անգամ` սկսած 2010 թվականից: Ի դեպ, նշենք, որ ըստ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, այդ գումարը հատկացվել է ոչ թե պետական բյուջեից, այլ տարբեր աղբյուրներից, որոնք նա չհրապարակեց: Համաձայն մրցույթի կանոնակարգի, մրցանակի համար չի թույլատրվում այն անհատի առաջադրումը, ում ներկայացրած աշխատանքը մինչ այդ արդեն ներկայացվել է միջազգային այլ մրցանակի հայցման համար: Նշենք նաեւ, որ մասնակիցների առաջադրումների ժամկետը 2010թ. մարտի 18-ն էր: Միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են աստղաֆիզիկայի, աստղագիտության բնագավառի աշխարհում հայտնի ներկայացուցիչներ, ինչպես` պրոֆ. Ջոֆրի Ռ. Բարբրիջը (Geoffrey R. Burbidge, Senior Editor of the Annual Reviews of Astronomy & Astrophysics, Scientific Editor of the Astrophysical Journal, University of California San Diego, Center for Astrophysics & Space Sciences (UCSD/CASS)), աստղաֆիզիկայի պրոֆ. Մարթին Ջ. Ռեեսը (Martin J. Rees, Prof. of Cosmology and Astrophysics and Master of Trinity College at the University of Cambridge, Astronomer Royal), պրոֆեսոր Կատերին Ջ. Չեսարսկին (Catherine J. Cesarsky, Past President of the International Astronomical Union (IAU), Professor of Astrophysics, Former Director General of ESO), պրոֆ. Երվանդ Թերզյանը (Yervant Terzian, Prof. of Physical Sciences, Director of NASAգs NY State Space Grant Program, Chairman of US Consortium on SKA and of ANSEF Research Council, Foreign Member of NAS RA, Co-President of ArAS), պրոֆ. Նորայր Հ. Առաքելյանը (Norair H. Arakelyan, Academician-Secretary of the Division of Mathematical and Technical of NAS RA, Academician and Member of the Presidium of NAS RA; Doctor of Sciences, Professor, Director of Inst of Mathematics), պրոֆ. Գենադի Ս. Բիսնովատի-Կոգանը (Gennady S. Bisnovatyi-Kogan, Prof. of Astrophysics, Doctor of Science, Principal Research Associate at Space Research Institute (IKI), member of the Editorial Board of Astrofizika), պրոֆ. Ռեյնհարդ Գենզելը (Reinhard Genzel, Managing Director at the Max-Planck-Institut fur Extraterrestrische Physik (Garching, Germany), Scientific Member of the Max-Planck Society, Full Professor of the Univ. of California (Berkeley, CA, USA)), պրոֆ. Ռոբերտ Ե. Ուիլյամսը (Robert E. Williams, President of the International Astronomical Union (IAU), Prof. of Astrophysics, AURA Distinguished Research Scholar (SMO):

Երեկ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հրապարակեց Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների անունները: «Այս մրցանակի հիմնմամբ ակնկալում ենք, որ բոլոր տարիների դափնեկիրները իրենց աջակցությունը կբերեն հատկապես Հայաստանին»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը:

Ըստ Ռ. Մարտիրոսյանի` աշխարհի տարբեր երկրների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից եւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել էր հայտնի գիտնականների եւ գիտական խմբերի 14 հայտեր: Ներկայացված աշխատանքների ուսումնասիրության, համաշխարհային մակարդակի անկախ գրախոսների-գիտնականների կարծիքների հիման վրա որպես հաղթող ընտրվեց Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի կողմից ներկայացված աստղագիտության պրոֆեսոր Միշել Մայորը (Michel Mayor) եւ նրա գիտական խումբը: «Այն վերջին 10-15 տարիների ընթացքում աստղաֆիզիկայի ասպարեզում ստացված կարեւորագույն գիտական արդյունքն է»,- դափնեկիր աշխատանքի համաշխարհային հնչեղությունը նկատեց ԳԱԱ նախագահը: Մ. Մայորը արեգակնային տիպի աստղի շուրջ պտտվող առաջին արտաարեգակնային մոլորակի հայտնաբերողն է: Ժնեւի համալսարանի հայտնի այս գիտնականը արտաարեգակնային մոլորակների որոնման եւ նրանց ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության նպատակով հարավային կիսագնդում իրականացվող մեծ քանակությամբ աստղերի կարեւորագույն հետազոտության ղեկավարն է: Եվրոպական հարավային աստղադիտարանի Չիլիում գտնվող Լա Սիլլա դիտակայանում դեռեւս ընթացող այդ հետազոտությունը թույլ տվեց հայտնաբերել Երկրի զանգվածն ընդամենը մի քանի անգամ գերազանցող զանգվածով մի քանի մոլորակներ:

Ի դեպ, Միշել Մայորի խմբի անդամներն են մեր հայրենակից աստղագետ, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրաելյանը (Garik Israelian) եւ Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանթոսը (Nuno C. Santos): Շվեյցարիայի ակադեմիայի կողմից Վ. Համբարձումյանի մրցանակի համար առաջադրված Միշել Մայորը եւ նրա գիտական խմբի երկու անդամները մեծ ներդրումներ են կատարել մոլորակային համակարգերի եւ նրանց կենտրոնական աստղերի հետազոտման բնագավառում: Չնայած հայտնաբերված արդեն մեծ թվով արտաարեգակնային մոլորակներին, մոլորակային համակարգերի առաջացումն առայժմ բավարար չափով պարզաբանված չէ: Այս համակարգերի զարմանալի բազմազանությունը լուրջ խնդիրներ է առաջադրում: Վերջին 10 տարիների ընթացքում Մ. Մայորը եւ գիտական իր խումբը, այդ թվում` Գ. Իսրաելյանը եւ Ն. Սանթոսը, բնութագրել են արտաարեգակնային մոլորակներ ունեցող աստղերի ֆիզիկական եւ քիմիական հատկությունները: Մոլորակներ ունեցող աստղերի սպեկտորների փոքր անոմալիաները նպաստում են մոլորակների առաջացման մեխանիզմների բազմազանության վերաբերյալ առկա պատկերացումների զարգացմանը: Գիտական այս խմբի կողմից ստացված արդյունքները մեծ ազդեցություն թողեցին մոլորակների առաջացման մոդելների մշակման վրա:

Ի դեպ, Միշել Մայորը գիտական իր հսկայական ներդրումների շնորհիվ Նոբելյան մրցանակի հավակնորդներից մեկն է: Մրցանակն, ըստ կանոնակարգի, հաղթողին պետք է հանձնվի սեպտեմբերի 18-ին` Վ. Համբարձումյանի ծննդյան օրը` անձամբ ՀՀ նախագահի կողմից: Այդ օրերին Հայաստան կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրներից հայտնի գիտնականներ, եւ մրցանակակիրները, որոնք ելույթներ կունենան մրցանակի համար ներկայացված գիտական նյութի եւ այլ թեմաների շուրջ: «Վ. Համբարձումյանը ոչ միայն 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից է: Եվ պատահական չէ, որ այդպիսի մրցանակի միջոցով ըստ արժանվույն գնահատվում է Համբարձումյանի դերը: Իսկ Համբարձումյանի գլխավոր ներդրումը աստղաֆիզիկայի ասպարեզում այն է, որ նա ուշադրություն դարձրեց եւ հայտնաբերեց անկայունության երեւույթները տարբեր տիեզերական մարմինների` թե՛ աստղերի, թե՛ գալակտիկաների, թե՛ միգամածությունների, որոնց ուշադրություն չէր դարձվում մինչ այդ: Դրա շնորհիվ պարզվեցին տիեզերական մարմինների էվոլյուցիայի ու մի շարք հարցեր: Համբարձումյանը մեծ ներդրում ունի նաեւ տեսական աստղաֆիզիկայի մեջ»,- Վ. Համբարձումյանի գիտական ու տեսական հայտնագործությունների համաշխարհային նշանակության մասին նշեց ֆրանսիացի նշանավոր աստղաֆիզիկոս Ժան-Կլոդ Պեկերը, ով դեռեւս 1960-ական թթ. աշխատել էր Վ. Համբարձումյանի հետ, երբ Վ. Համբարձումյանը միջազգային աստղագիտական ընկերության նախագահն էր, իսկ Պեկերը այդ ընկերության քարտուղարն էր: