Ո՞վ է առաջինը նետելու քարը

18/07/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հրապարակայնորեն, սակայն շառագունելով, միմյանց մեղադրում են ստախոսության մեջ: Դաստիարակությունը եւ կոնֆլիկտի պայթյունավտանգությունը նրանց ավելի կոպիտ եզրեր գործածել թույլ չի տալիս: Թեեւ դեմ չէին լինի: Իսկ նրանց ամերիկացի գործընկերների համար անհամեմատ հեշտ է. ԱՄՆ-ում հեռուստատեսությամբ եւ ռադիոեթերում սեռական բնույթի հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ կարելի է ասել` առանց արգելքի եւ պատասխանատվության ենթարկվելու մտավախության. հակառակ դեպքում` դա կընկալվի որպես խոսքի ազատության սահմանափակում, այլ կերպ ասած` սահմանադրության խախտում: Սակայն սա մարդու ազատությունների եւ իրավունքների պաշտպանության միակ առաջադեմ (կարելի է նաեւ չակերտների մեջ) քայլը չէ: Տակավին երկու օր առաջ, ըստ «Ասոշիեյթեդ պրեսի», Արգենտինան դարձավ լատինաամերիկյան առաջին, իսկ աշխարհի մասշտաբով` 9-րդ երկիրը, որն օրինականացրեց միասեռականների ամուսնությունները: Սենատը, Պատգամավորների պալատի օրինակին հետեւելով, կողմ քվեարկեց օրենքին: Հետաքրքիր է, որ այս օրինագծին կողմ է արտահայտվել նաեւ Արգենտինայի նախագահ Կրիստիանա Կրիշները: Զույգին իրավունք է տրվում երեխա որդեգրել, քանի որ անգամ իրենց ամենախենթ երեւակայության դեպքում նրանց չի հաջողվի սեփական համեստ ռեսուրսներով զավակ ունենալ: Ի դեպ, զույգին վստահվում է նաեւ երեխայի դաստիարակությունը` հասկանալի հետեւանքներով: Ժամանակին, երբ Սերգեյ Փարաջանովին ձերբակալեցին միասեռականության համար, ողջ մշակութային դաշտը իրար անցավ` ինչպե՜ս կարելի է հանճարեղ մարդուն ճաղերի հետեւում նստացնել միայն այն բանի համար, որ հակում ունի իր սեռակիցների հանդեպ: Փարաջանովին ազատելու նամակի տակ իրենց ստորագրությունները դրեցին անգամ Ֆեդերիկո Ֆելինին, Գոդարը, Վիսկոնտին, էլի ուրիշ հեղինակություններ: Արժե՞ր դատել Փարաջանովին: Արվեստագետները պնդում են` ո՛չ, հասարակությունը չի կողմնորոշվում: Սակայն, երբ Հայաստան է գալիս այնպիսի արվեստագետ, որպիսին է, օրինակ, Էմիր Կուստուրիցան, նրան հնարավոր է զարմացնել եւ հիացնել միայն Փարաջանովի արվեստով: Այս օրերին Ռուսաստանում մշակութային գործիչներն աշխուժորեն քննարկում են մեկ այլ խոշոր անհատականության` ՌԴ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ նախագահին կից մշակույթի եւ արվեստի խորհրդի նախագահ Միխայիլ Պլետնյովի հետ կատարվածը: Թաիլանդի ոստիկանությունը մաեստրոյին մեղադրանք է ներկայացրել մանկահասակների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Հայերս այս երեւույթին ասում ենք` մանկապղծություն: Մինչ մեղադրանքը հիմնավորման փուլում է` երաժիշտն արդեն հասցրել է Մոսկվա գալ եւ ասուլիս հրավիրել: Որտեղ եւ հայտարարել է, որ բռնություն որեւէ մեկի հանդեպ չի կիրառել: Այսինքն` ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ: Սակայն խնդիրն այն է, որ ռուս մշակութային գործիչներն ամեն գնով փորձում են արդարացնել երաժշտին: Իբր` բոլորի՛ն է հայտնի` ինչո՞ւ են եվրոպացիները Թաիլանդ գնում. սեքս-տուրիզմը, հատկապես երեխաների ներգրավվածությամբ, վաղուց դարձել է այդ երկրի խորհրդանիշը: Ի՞նչ է, բոլորին կարելի է, նրան` ո՞չ: Պլետնյովը համաշխարհային մեծության աստղ է, եւ հասարակությունը նրանից ակնկալում է վիրտուոզ կատարում հենց դասական երաժշտության ասպարեզում: Նրա վիրտուոզությունը մյուս, հատկապես՝ մանկահասակ երեխաների հետ սեռական հարաբերություններում, ամենեւին ոգեւորիչ չէ: Եթե չասենք` ճիշտ հակառակը: Իսկ ռուսաստանյան առաջնակարգ հեռուստաընկերություններում մաեստրոն համարյա թե ներկայացվում է որպես ազգային հերոս, ում փորձում են վարկաբեկել միջազգային թշնամական ինչ-ինչ ուժեր: Տաղանդավոր, հայտնի մարդկանց, ըստ էության, քրեորեն հետապնդելի արարքները ներելը, արդարացնելը (միայն այն դեպքում, իհարկե, եթե ապացուցված են) ավելի շուտ ոչ թե ժողովրդավարական, այլ ֆեոդալական երկրի ավանդույթներից է: Նույնը ժամանակին տեղի ունեցավ նաեւ համաշխարհային մասշտաբով անկրկնելի ռեժիսոր, բանաստեղծ, գրող, մտածող Պաոլո Պազոլինիի դեպքում: 1975 թ.-ի նոյեմբերի 2-ին, Հռոմից ոչ այնքան հեռու, առավոտ կանուխ, ոստիկանները հայտնաբերեցին Պաոլո Պազոլինիի անկենդան մարմինը. ջարդված էին նրա տասը կողոսկրերը, ձեռքերը, ոտքերը, ճզմված էր սիրտը, ավտոմեքենան նրա մարմնի վրայով մի քանի անգամ միտումնավոր անցել էր: Մինչ օրս հանելուկային այդ սպանության մասին վարկածներ են շրջում: Սակայն գործով ձերբակալվել է 17-ամյա մի երիտասարդ, ում մեղքը հաստատվել է, եւ նա ազատազրկվել է 9 տարով: Ըստ նախաքննության` Պազոլինին երիտասարդի հետ ծանոթացել էր երկաթուղային կայարանի հարեւանությամբ: Նրանք միասին ճաշել են, ապա որոշել են տրվել այլասերության: Երիտասարդն իրավապահներին խոստովանել է, որ դիմել է ինքնապաշտպանության, քանի որ Պազոլինին փորձել է նրա հետ սոդոմիայով զբաղվել, ընդ որում` փայտի միջոցով:

Ով դիտել է եւ սիրում է Պազոլինիի ֆիլմերը, շունչը պահած դիտում է այս կամ այն կադրը, գիտի, որ դրանցից յուրաքանչյուրն իսկական շեդեւր է ` «Թեորեմը», «Ակկատոնեն», «Դեկամերոնը», իր մռայլությամբ եւ քաղաքական բաց տեքստով նմանը չունեցող «Սոդոմի 120 օրերը»: Սակայն ոչ ոք չի կարող ժխտել նաեւ մաեստրոյի մարդկային թուլությունները, որոնք նա ոչ մի կերպ չէր էլ ցանկանում թաքցնել եւ հրապարակայնորեն զարմանում էր` ինչպես կարելի է գիտակցության միջոցով ճնշել էմոցիաները: Պազոլինիի սպանությունից հետո նրա ընկերները, Իտալիայի հայտնի ռեժիսորներն ու դերասանները փորձեցին նրա սպանության ինտիմ շղարշը հանել եւ սպանությանը քաղաքական երանգ տալ: Այժմ շրջանառության մեջ է այն վարկածը, թե ռեժիսորին սպանել են իր անտիպ «Նավթը» գրքի համար, որի հիման վրա պետք է ֆիլմ նկարեր:

Պազոլինիից հետո անմիջապես հայաստանյան իրականությանն անցումը դժվար թե սահուն համարվի: Հայաստանում այսօր նման մասշտաբի եւ, համապատասխանաբար, նման մասշտաբի թուլություններով արվեստագետներ չկան: Սակայն սա հասարակության բարոյական արժեքների կատալիզատոր չի համարվում: Առաջին հորիզոնականներում միջակ հնարավորություններով եւ միջակություններին հատուկ թուլություններով մարդիկ են: Նրանց ներկայությունը իշխանական համակարգում նույնքան անհասկանալի ու անպտուղ է, որքան միասեռականների ամուսնությունը: