Այսօր Հայաստանում գործում են 3300 հասարակական կազմակերպություններ` ամենատարբեր առաքելություններով` մարդու իրավունքների պաշտպանություն, պայքար կոռուպցիայի դեմ, եւ այլն: Սակայն դրանց մեծ մասը հասարակությանն անծանոթ է: Հայտնի չէ, թե ինչով են զբաղվում նրանց ճնշող մեծամասնությունը, եւ իրենց գործունեության ընթացքում նրանք թվով քանի մարդու են աջակցել: Փաստն այն է, որ հ/կ-ներ հիմնադրելը մեզ մոտ դարձել է բավականին շահավետ բիզնես: Մի քանի ծրագիր մշակելով եւ ժողովրդավարության կայացմանն ուղղված մի քանի դիտարկումներ անելով, դրանցից շատերը կարողանում են բավականին խոշոր գումարներ, այլ կերպ ասած` «գրանտներ» ստանալ: Միջազգային դոնոր կազմակերպություններից ստացած այդ գրանտներով էլ նրանք գոյատեւում են: Անշուշտ, դժվար չէ դոնոր կազմակերպությանը մի քանի թվային տվյալներ ներկայացնել իրենց կատարած գործերի վերաբերյալ, հիմնավորել իրենց կառույցի կարեւորությունն ու ստացած գումարը ծախսել բոլորովին այլ նպատակներով: Հենց դա է պատճառը, որ տարեցտարի ՀՀ-ում հ/կ-ների թվի աճ է գրանցվում: Եթե 2 տարի առաջ գործում էր 2824 կազմակերպություն, ապա այսօր արդեն` 3300: Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակեց մի քանի տվյալներ, որոնք ակնհայտ են դարձնում, որ մեր հասարակությունը հ/կ-ներին առանձնապես չի վստահում եւ նրանց գործունեությունը չի կարեւորում: Մինչդեռ հարեւան երկրներում պատկերը բոլորվին այլ է: Այսպես, ՀՀ-ում հ/կ-ներին բացարձակ վստահում է բնակչության ընդամենը 7,4%-ը: Հարցվածների 58%-ը նշել է, որ կոռուպցիայի զոհ դառնալու դեպքում չի դիմի որեւէ հ/կ-ի, քանի որ նրանց գործունեությանը չի վստահում: Համեմատելով ՀՀ-ում, Ադրբեջանում եւ Վրաստանում գործող հ/կ-ների գործունեությունը, հարցման արդյունքներով ֆինանսական կենսունակության, կայունության եւ հասարակության մոտ ձեւավորված իմիջի առումով Հայաստանը վերջին տեղում է: Իսկ, որ ամենաուշագրավն է, բնակչության 10%-ը վստահ է, որ հ/կ-ներում եւս առկա է կոռուպցիա, 35%-ը նշել է «հազվադեպ պատահում է» պատասխանը, իսկ 55%-ը պարզապես խուսափել է պատասխանել հարցին: Այսինքն, նույն կոռուպցիոն երեւույթները բարգավաճում են հենց կոռուպցիայի եւ իրավախախտումների դեմ պայքարող կազմակերպությունների ներսում: Հայաստանը շատ ավելի մեծ գումարներ է ներգրավում դրսից, քան, ասենք, Ադրբեջանն ու Վրաստանը: Որպես օրինակ՝ նշենք, որ ՀԲ-ի` քաղաքացիական հասարակության հիմնադրամի կողմից Հարավային Կովկասում իրականացրած ծրագրերի շրջանակում ամենամեծ ֆինանսավորումը ստացել է Հայաստանը: ՀՀ-ում դոնոր կազմակերպությունների ռազմավարության խնդիրների հետ կապված քննարկմանը երեկ «Սիվիլիթասը» հյուրընկալել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գրասենյակի տնօրեն Չիմա Ջեթինդերին, ՀՀ-ում Նիդեռլանդների փոխդեսպան Հեյնո վան Հաուվլինգենին եւ ՀՀ-ում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմըթի Սթրեյթին: Իրենց գործունեությունն ու իրականացրած ծրագրերը վառ գույներով ներկայացնելուց հետո նրանք ստիպված եղան գոնե մասամբ պատասխանել իրենց ուղղված բացասական հարցերին: Օրինակ, հ/կ-ներից մեկի ներկայացուցչին հետաքրքրում էր, թե այս կամ այն ծրագրին գումար հատկացնելիս` ուղղորդվո՞ւմ են նրանք ՀՀ կառավարության հրահանգով, կամ ինչպե՞ս է ստացվում, որ պարբերաբար դրամաշնորհ է տրամադրվում միշտ միեւնույն հ/կ-ին, որի գործունեությունն անհայտ է, իսկ անդամների քանակը 5 հոգուց չի անցնում: Հարց բարձրացվեց նաեւ այն մասին, որ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ գրանտային ծրագրին մասնակցելու համար դոնոր կազմակերպությանը ներկայացվում է բավականին լավ ծրագիր, սակայն ծրագրի հեղինակ կազմակերպությունը մի քանի ամիս պատասխան չի ստանում, իսկ որոշ ժամանակ անց հենց այդ նույն ծրագրի հիման վրա գումար է տրամադրվում բոլորովին անհայտ մի հ/կ-ի: Այս բոլոր հարցերն ու մտահոգությունները լսելուց հետո բանախոսները մի քանի կարճ նախադասությամբ միայն ասացին, որ ՀՀ իշխանություններն իրենց վրա ոչ մի ազդեցություն չունեն: Փաստն այն է, որ գործող հ/կ-ները այլ կարծիքի են: Մեզ հետ զրույցում «Ֆերմերային շարժում» գյուղացիական հ/կ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը համոզմունք հայտնեց, որ դոնոր կազմակերպությունները ֆինանսավորումը իրականացնում են խիստ խտրական հիմունքներով: «Հիմնականում գումարները տալիս են այն հ/կ-ներին, որոնք պարում են իշխանությունների դուդուկի տակ: Կոնկրետ մենք գումարներ չենք վերցրել, որովհետեւ մեզ ասում են՝ գյուղական աղքատությունը նվազել է, գյուղացու վիճակը լավացել է: Մեկ է, արդեն մեր կառավարությունը սովորել է իրականությունը ներկայացնելու փոխարեն՝ նկարչություն անել ու ամեն ինչ դրական ներկայացնել: Մենք այսօր հարց ենք բարձրացնում. Գյուղնախարարությունը պե՞տք է գյուղացուն, թե՞ ոչ: Այդ նախարարությունը մինչեւ այսօր հսկայական միջոցներ է ստացել գրանտների տեսքով, բյուջետային ու վարկային միջոցներ է ստացել, դրանք փոշիացվում են: Բայց այդ գումարները մեր վզին պարտք են մնում: Այսօր ամեն մեկս հազար դոլարից ավելի պարտք ունենք: Ուրիշ երկրներում, երբ երեխան ծնվում է, բանկում իր հաշվին պետությունը գումար է դնում, իսկ մեր երեխան ծնվում է` պարտքն ուսերին»,- ասաց Ս. Սեդրակյանը: Միջազգային դոնոր կազմակերպություններին իր առաջարկը ներկայացրեց նաեւ «Սիվիլիթասի» հիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը. «Եթե դոնորների շռայլությունը չլիներ, ՀՀ-ը հիմա այլ իրավիճակում կլիներ: Կարծում եմ` դոնոր երկրները կամ առանձին կազմակերպությունները պետք է շարունակեն այս բարի գործը, բայց, ըստ ինձ, դոնորների հանրությունը պետք է միանա ու ընտրի մեկ գլոբալ ծրագիր կամ նախագիծ, որը կտա առավելագույն արդյունք եւ կփոխի վիճակը ՀՀ-ում: Եվ ակնհայտ է, որ այդ ուղղությունը լրատվամիջոցներն են: Այստեղ հնչեցին բազմաթիվ լավ գաղափարներ, բայց մեր հասարակությունը դա չի լսելու, որովհետեւ Հանրային հեռուստաընկերությամբ այն չի ցուցադրվելու միայն այն բանի համար, որ ֆոնին գրված է` Սիվիլիթաս: Այսինքն, մեր հասարակության լայն շրջանակը, ում մենք ուզում ենք ներգրավել եւ ում մասին խոսում ենք, չի տեղեկանա այս ամենի մասին: Այն ծրագիրը, որը մեծ բան կփոխեր ՀՀ-ում, հեռարձակվող լրատվամիջոցների ծրագիրն է: Առաջարկս այն է, որ դոնոր կազմակերպությունները միավորվեն, համախմբվեն եւ ֆինանսավորեն հեռարձակվող լրատվամիջոցների մի ծրագիր, որպեսզի կարողանանք հավասարակշռություն պահել պետական պրոպագանդայի մյուս թեւի հանդեպ»: ՀՀ-ում հ/կ-ների հանդեպ վստահության վերաբերյալ հարցում է անցկացրել նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրանից փորձեցինք պարզել, թե ինչ եզրակացության է հանգել. «ՀՀ-ում հ/կ-ների հանդեպ վստահություն չկա: Եթե մարդու ոտքը տրորում են, նա վազում է Ոստիկանություն, այլ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որեւէ կազմակերպություն: Որովհետեւ այդ հ/կ-ները ստեղծված են ոչ թե ժողովրդից, այլ ինչ-որ կողքից, վերեւից կամ էլ դոնորից: Դրա համար էլ այն 300 միլիոն դոլարը, որ ծախսել են հ/կ-ներին ոտքի կանգնեցնելու համար, ոչ մի արդյունք չի տվել: Մենք նման ենք տափաստանի, որն ինչքան ուզում է ջրես, միեւնույն է` այնտեղ մոլախոտ է աճում: Մեզ մոտ դրանք մտածում են, որ տենդեր շահեն, աջակցություն ստանան, որ կարողանան գոյատեւել: Սա է մեր վիճակը»: Ի պատասխան մեր դիտարկմանը, որ իր կատարած հարցումներին հասարակությունը եւս չի վստահում եւ համարում է, որ դրանք հիմնականում պատվիրված են, Ա. Ադիբեկյանն ասաց. «Դա էն աղվեսի պատմությունն ա, էլի, որ մռութը խաղողին չի հասնում, ասում է՝ կանաչ ա: Երբ որ ընտրությունների ժամանակ ինչ-որ տոկոս ենք հրապարակում, իրական պատկերն ենք ասում, մեզ մեղադրում են: Փոխանակ ընդունելու, որ իրականում իրենց տոկոսն է ցածր, մեզ են սխալ հանում: Մենք հայելի ենք ու բավականին լավ հայելի: Մեր նման ճշգրիտ ու արագ հարցում աշխարհում ոչ ոք չի անում: Այդ խոսակցությունները քաղաքական խաղեր են, ու իրենք էլ դա լավ գիտեն: Այ, օրինակ՝ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ես կամ վաճառված եմ, կամ վատ սոցիոլոգ եմ, որովհետեւ ես նրան տվել էի 6 տոկոս, իսկ ինքն ասում էր՝ չէ, 19: Բայց նա ստացավ այնքան, որքան ես ասել էի: Ես ճիշտ էի, բայց նա ինձանից ներողություն չխնդրեց»: