Փողոց նետվեց 6 հոգիանոց ընտանիքը

09/10/2005 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Աստղիկ Հովհաննիսյանի երկու զավակները կգան դպրոցից ու կտեսնեն, որ այլեւս
տուն չունեն: Սեպտեմբերի 30-ի առավոտյան Դատական ակտերի հարկադիր
կատարողները, կարմիր բերետավոր ու այլ համազգեստով ոստիկանները, մոտ 40
հոգի, նրանց ընտանիքը դուրս գցեցին փողոց: Վեց հոգիանոց ընտանիքը վտարվում
է դատարանի որոշմամբ:

Ոստիկանների ստորաբաժանումների առատության պատճառն էր, որ նախապես փողոցի
բնակիչները բարիկադներ էին պատրաստել` հարկադիր կատարողների
գործողություններին դիմադրելու համար (Բուզանդի փողոցի մոտ 50 բնակչի
սպառնում է վտարում): Դիմադրություն չեղավ եւ ոստիկանական
ստորաբաժանումները, առանց լուրջ օպերացիաներ իրականացնելու, հեշտությամբ
դուրս նետեցին Աստղիկ Հովհաննիսյանին, նրա եղբորն ու ծնողներին:

Նրանց վտարում են, քանի որ չեն համաձայնել այդ տարածքն իրացնող «Վիզկոն»
ՍՊԸ-ի հարկադրվող պայմանագրին. իրենց զբաղեցրած բնակարանի դիմաց ստանալ
10.500 դոլար: Բնակարանում ապրում է վեց հոգի, որոնցից 4-ը մշտական
գրանցում ունի: Ըստ կառավարության որոշման, յուրաքանչյուր բնակարան
օգտագործողին (մշտական գրանցվածին) տարածք իրացնող կազմակերպությունը պետք
է վճարի 3500 դոլար: «Վիզկոնը» սկզբում ցանկացել է վճարել միայն երկուսին
(7000 դոլար), հետագայում, դատարանի որոշմամբ՝ 3-ին: Չորրորդ մշտական
գրանցում ունեցողին՝ Աստղիկ Հովհաննիսյանի ութամյա որդուն՝ Դավիթին,
«Վիզկոնը» հրաժարվում է վճարել: Դատարանը հօգուտ «Վիզկոնի» որոշում է
ընդունել: Հովհաննիսյանները բողոքարկել են վճռաբեկ դատարան: Երբ ԴԱՀԿ
աշխատակիցները գույքը դատարկում էին, նույն պահին Հովհաննիսյանները
սպասում էին դատարանի նամակին, որը պիտի հրահանգեր կասեցնել վտարումը,
քանի որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, եւ գործը վճռաբեկ
դատարանի վարույթում է:

Աստղիկի հայրը՝ 61-ամյա Հրաչիկ Հովհաննիսյանն ամբողջ կյանքն ապրել է
այստեղ՝ Բուզանդի 17 հասցեում: Այս առավոտվանից նրա կենսագրության ամբողջ
հատվածը բռնությամբ ավարտվեց, իսկ նոր կենսագրությունը սկսվեց բաց երկնքի
տակ: Քենին լացակումած խորհուրդ է տալիս՝ «Հրաչիկ ջան, մոռացի, որ ստեղ ես
ծնվել»: Հարկադիր կատարողներն ընտանիքին տնից դուրս անելուց հետո նույնիսկ
չեն թողնում, որ նրանք վերադառնան ու կարողանան իրերը հավաքել: Հրաչիկին
նույնիսկ չեն թույլ տվել սեփական շորերը վերցնել, որ փոխնորդ ունենա:
Միայն երկար համոզելուց հետո Աստղիկին ու մորը թույլ տվեցին մտնել ներս ու
փաստաթղթերը վերցնել: Սակայն իրարանցման մեջ նրանք այդպես էլ չկարողացան
գտնել իրենց ամբողջ ունեցվածքը, որ ըստ իրենց` պահվում էր մի պայուսակում
(ոսկեղենը եւ պարտք 2000 դոլարը):

Մինչ Հարկադիր կատարողները գույքը հանել էին տալիս, բանվորները քանդեցին
տան պատը, տանիքը եւ հանեցին լուսամուտները, որ անբնակելի դառնա տունը:
Հովհաննիսյանները չգիտեն, թե այս գիշեր որտեղ են մնալու: «Ես անընդհատ
«Վիզկոնի» ներկայացուցչին ասում էի` խնդրում եմ, մեզ փող պետք չի, մեզ
տուն տվեք ապրենք, գոնե 40 քառակուսի մետր»,- ասում է Աստղիկը: Նրանց
պարտադրվող գումարով այս պահին քաղաքի ծայրամասում հնարավոր չէ նույնիսկ
ամենափոքր բնակարանը գնել:

«Մի տարի անընդհատ ճնշում են պետական կարիքների համար,- լաց լինելով ասում
է 32-ամյա Աստղիկը: -Դուրս ենք գալու, նստենք փողոց, մենք էս գազանների
ձեռից չգիտենք ոնց ազատվենք, պրոստը չգիտենք: Վրան էլ չունենք, որ տակը
մտնենք»:

Վտարման որոշման մեջ գրված է՝ դադարեցնել նրանց բնօգտագործման իրավունքը,
վտարել եւ տարածքն օգտագործել պետական կարիքների համար: Իսկ պետական կարիք
է համարվում, որ կառուցվելու է մասնավոր էլիտար կոչվող շենք:

ԴԱՀԿ Երեւանի բաժնի վտարման եւ բնակեցման բաժանմունքի պետ Տիգրան
Թադեւոսյանն այն հարցին, թե որպես մարդ վատ չի՞ զգում արդյոք մի ընտանիք
փողոց գցելու համար, պատասխանում է՝ դուք ինձ վիրավորում եք: Նա ուզում է
ասել, որ ամեն մարդ, ով խիղճ ունի, վատ կզգա:

Իրերը հանելու ընթացքում լուր եկավ, որ դատարանը կասեցրել է վտարումը,
սակայն ԴԱՀԿ աշխատակիցները շարունակում էին իրերը դուրս հանել: Նրանք
այնպես արագ էին ուզում ավարտել, որ կոտրեցին շատ ամանեղեն ու վնասեցին
պահարանը:

Բեռնված բեռնատարի շարժվելուց եւ ԴԱՀԿ աշխատակիցների գնալուց կես ժամ անց
փաստաբանը բերում է վերաքննիչ դատարանի նախագահի նամակը` ուղղված Տիգրան
Թադեւոսյանին, որով հայտնում է, թե դատարանի որոշումը չի մտել օրինական
ուժի մեջ: Այսինքն, պետք է դադարեցվեր վտարումը:

Հովհաննիսյանները կրկին վերադառնում են իրենց բնակարան, որն արդեն դատարկ
էր ու կիսավեր: Այժմ Աստղիկի զավակները բնակվում են բարեկամի տանը: Մյուս
բնակիչները վերանորոգել են պատուհանները, բերել մի ծալովի մահճակալ,
ապրում են կիսավեր տանը: Ամեն վայրկյան անտանիք առաստաղը կարող է քանդվել:
Հովհաննիսյաններին բանվորները պատմել են, որ «Վիզկոնի» ղեկավարներն իրենց
գլխին «շան լափ են թափել», որ վտարման պահին տունը գետնին չեն
հավասարեցրել եւ հնարավորություն են տվել, որ Հովհաննիսյանները կրկին
այնտեղ վերադառնան: Բուզանդի փողոցի մեկ այլ վտարման ժամանակ բանվորներն
այնպես էին ավերել տունը, որ անտուն մնացած բնակիչները չկարողացան այնտեղ
բնակվել եւ ապրում էին ավերակ տան կողքին:

Հոկտեմբերի 4-ին «Վիզկոնի» իրավաբանն այցելեց նրանց եւ հայտնեց իր
ղեկավարության սպառնալիքները, որ եթե երկու օրվա մեջ դուրս չեկան, կարմիր
բերետավորների աջակցությամբ բուլդոզերը քանդելու է տունը: Իրավաբանը
(Աշոտ) խնդրեց թղթակցին, որ իրեն հարցեր չտան, ակնհայտ նեղված զգալով իր
պարտականությունից:

«Ես էլ բենզինը կլցնեմ իրանց վրա ու իմ վրա, կվառեմ»,- ասում է Աստղիկը:

Հովհաննիսյաններն ասում են, որ բանվորները հրաժարվում են քանդել մի տուն,
որտեղ մարդիկ են ապրում. «Դրանց համար մենք մրջյունի բուն ենք, ինչ ենք,
որ ասում են` բուլդուզեր կբերենք: Ինձ բուլդուզերի բանվորն ասեց՝ ես
մինչեւ բնակիչների հետ համաձայնության չգամ, մեռնեմ` ստեղ բուլդուզեր չեմ
մտցնի»,-ասում է Աստղիկի մայրը՝ Գոհարը: